Հիսուս Քրիստոսի Ծննդյան ութերորդ օրը ամրագրված տոն է եղել հայոց տոնացույցի դեռևս առաջին խմբագրությունում, որը կատարվել է V դ. Սահակ Ա Պարթև Հայրապետի կողմից: Սակայն այն կոչվել է ոչ թե Անվանակոչության, այլ «յՈւթերորդ աւուրն ծննդեան եւ թլփատելոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի…»: Բանն այն է, որ հայոց տոնացույցը կազմավորվել էր երուսաղեմյան տոնացույցի հիման վրա, և քանի որ քրիստոնեության տարածման և հաստատման սկզբնական շրջանում ծիսական ու դավանանքային հենքի վրա քրիստոնեության առանձին ուղղություններ չէին ձևավորվել, հետևաբար տոնացույցում կային տոներ, որոնք անմիջականորեն կապված էին այն միջավայրի սովորույթների հետ, որտեղ ծնվել և գործել էր Հիսուս: Հրեական սովորույթի համաձայն՝ արու զավակներին ծնունդից ութ օր անց թլփատում էին՝ որպես աստվածային ուխտի նշան: «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. Բ 21): Լինելով Աստծո Միածին Որդի՝ Հիսուս, ըստ էության, կարիք չուներ հրեական մի շարք ծիսակարգերով սրբագործվելու, սակայն դրանք անցնում էր՝ դարերով հաստատագրված ավանդույթը հարգելով: Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը գրում է, որ հետագայում հայոց մեջ սովորույթ դարձրին նոր օրացույցներում Ծննդյան ութերորդ օրը նշանակված թլփատության տոնը փոխել որպես Անվանակոչության տոն: Այսպիսով, հունվարի 13-ը պաշտոնապես դարձավ «Ը օր Ս. Ծննդեան: Տօն Անուանակոչութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»:
Անվանակոչության տոնի քրիստոնեական ակունքները կապվում են Աստվածաշնչի հետ: «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14), Մատթեոս ավետարանիչն ավելացնում է. «... որ նշանակում է՝ Աստված մեզ հետ» (Մատթ. Ա 23): Ավետարանիչը գրում է նաև, որ Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևում է Հովսեփին և ասում. «Հովսե՜փ, Դավթի՜ որդի, մի՜ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: Նա մի որդի պիտի ծնի, և Նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ Նա պիտի փրկի Իր ժողովրդին մեղքերից» (Մատթ. Ա 20-21): Գաբրիել հրեշտակը Մարիամին ասում է. «Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. Ա 31): Հիսուս անվան տարբերակներից է Հեսուն, որը շատ տարածված է եղել, և նշանակում է «փրկիչ»: Ուստի պատահական չէր Աստծո Որդու անվանադրումը. ինչպես Հեսուի առաջնորդությամբ Իսրայելի ժողովուրդը մտավ Ավետյաց Երկիր, այնպես էլ Հիսուսի փրկագործական առաքելության շնորհիվ տիրահաստատ ուղիով ընթացող նրա հետևորդներն են փրկվելու մեղքի գերությունից և մտնելու Երկնային Երուսաղեմ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծննդյան ութերորդ օրվա խորհուրդը ոչ միայն եկեղեցական ծիսական կյանքում, այլ նաև հայ քրիստոնյայի ընտանեկան հարկում կենսագործելու նպատակով կանոնակարգել է, որ նորածնին ծննդյան ութերորդ օրը մկրտեն և անվանակոչեն: Հայ իրականությանը խորթ թլփատության ծեսն էլ փոխարինվել է մկրտությամբ:
Հայոց մեջ նորածնին ծննդյան ութերորդ օրը մկրտելը ավանդույթի ուժով շարունակվել է հարյուրամյակներ ի վեր, սակայն հետագայում չի պահպանվել: Ժամանակի ընթացքում ավանդույթը ձևափոխվել է. կյանքի ութերորդ օրը մկրտվելը դարձել է հազվադեպ երևույթ, իսկ անվանադրումը կատարվել է երկու անգամ: Առաջինը՝ մարմնական ծննդյան ժանանակ, երբ մանկանն անուն են տալիս նրա ծնողները, և երկրորդը՝ մկրտության՝ հոգևոր ծննդյան ժամանակ, երբ մկրտվողին անվանակոչում է ծիսակատար հոգևորականը: Վերջինս, ի դեպ, մկրտվողին կնքում է սրբի անունով: Այսպիսով, մկրտվելով և սրբի անուն ստանալով՝ վավերացվում է անձի քրիստոնյա դառնալը: Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է համաքրիստոնեական, համահայկական և աստվածաշնչային սրբերի հիշատակության օրեր, և տվյալ սրբի տոնի օրը նրա անունը կրող անձանց անվանակոչության օրն է: Այդ առթիվ մատուցվող Պատարագի ժամանակ հնչած քարոզը կարծես հիշեցումհորդոր է՝ սրբի օրինակով լինելու խիզախ, առաքինի և հավատով զինված մարտիկ՝ պայքարող հանուն հայրենիքի և քրիստոնեական արժեքների: Այն անձիք, որոնց անվամբ հիշատակելի սուրբ չկա, ավանդույթի համաձայն իրենց անվանակոչությունը նշում են Վարդանանց տոնին՝ Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, որը հիշատակն է Ավարայրի ճակատամարտում նահատակված և արյան մկրտությամբ սրբացված հայորդիների:
Պատրաստեց
Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ