«Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք Նրա շավիղները»։
Մատթեոս Գ 3
Հայ Առաքելական Եկեղեցին Հովհաննես Մկրտչին դասում է իր ամենահայտնի սրբերի շարքում և չորս տոն է նվիրում նրա հիշատակին՝ տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի: Հունվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը:
Սուրբ Հովհաննես Կարապետը այլ կերպ կոչվում է նաև «Մկրտիչ»: Նա այդ պատվանունին է արժանացել, քանի որ Հորդանան գետում մկրտել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Ինքը՝ Հիսուս Քրիստոս, խոսելով Հովհաննես Մկրտչի մասին, նրան մեծագույնն է համարում մարդկանց մեջ։ Ըստ Ավետարանի` մի անգամ Հիսուս Իր աշակերտներին ուսուցանելիս ասում է. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում՝ հողմից շարժվող եղե՞գ: Հապա ի՞նչ տեսնելու ելաք՝ փափուկ զգեստներով զարդարված մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորների պալատներում են: Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարե՞. այո՛, ասում եմ ձեզ, առավե՛լ քան մի մարգարե, որովհետև նա է, որի մասին գրված է. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է» (Մատթեոս ԺԱ 7-12)։
Իսկ ինչպիսի՞ն էր ծնունդը նրա, ում Ինքը՝ Որդին Աստված, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, կոչում է մեծագույնը կանանցից ծնվածների մեջ։
Ղուկաս ավետարանիչը, որը միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, գրում է, որ Հովհաննեսը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և Զաքարիա քահանայի, որոնք, սակայն զավակ չունեին, ինչն էլ հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Երբ տաճարում ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ Զաքարիան Գաբրիել հրեշտակապետի միջոցով ստացավ Հովհաննեսի ծնվելու լուրը, չհավատաց այդ հրաշքին, քանի որ ինքն ու իր կին Եղիսաբեթը արդեն առաջացած տարիքում էին ու երբեք երեխա չէին ունեցել։ Եվ որպես Հովհաննեսի ծննդյան առաջին նախանշան՝ հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը Զաքարիային համրությամբ է պատժում (Ղուկ. Ա 8-25)։ Մյուս հրաշքը այն ժամանակ է տեղի ունենում, երբ Հովհաննեսը դեռևս Եղիսաբեթի որովայնում էր, ու երբ Եղիսաբեթը հանդիպում է Հիսուսով հղի Սուրբ Կույս Մարիամին, մանուկը սկսում է շարժվել նրա որովայնում։ Այս հրաշքի մեկնությունը, ըստ եկեղեցու սուրբ հայրերի, ապագա սրբի՝ Հովհաննես Մկրտչի երկրպագությունն է Տեր Հիսուսի առջև։ Հովհաննես Մկրտչի ծննդյանը հաջորդող մյուս հրաշքն էլ նրա հոր՝ Զաքարիայի լեզուն բացվելն էր, որից հետո Զաքարիան սկսում է փառաբանել Աստծուն։ Ինչպես որ պատվիրել էր Գաբրիել հրեշտակապետը, մանկանը կոչում են Հովհաննես, որ թարգմանաբար նշանակում է «աստվածաշնորհ» կամ «Աստծո ողորմություն»:
Իսկ ո՞րն էր Հովհաննես Մկրտչի առաքելությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչը հայտնվում է Հին Կտակարանից Նոր Կտակարանի անցման ճանապարհին, և նրա անձով ու գործունեությամբ է, որ նախապատրաստվում է Քրիստոսի մուտքը աշխարհ: Ըստ ավետարանական խոսքի՝ նա մեկն էր, ով «բնակվում էր անապատում ու սնվում էր վայրի մեղրով ու մորեխներով», դարձավ անապատում կանչող այն ձայնը, որը քարոզում էր ու ասում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Գ 2)։ Ուստի պատահական չէ, որ Հովհաննես Մկրտիչը՝ որպես անապատական մի ճգնավոր, մի մարգարե ու ուսուցիչ, որպես Մեսիայի գալուստը նախապատրաստող կարապետ և մարտիրոս, հանդիսանում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը։
Կա տեսակետ, համաձայն որի մինչև Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը Հովհաննես ավետարանիչը ևս եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտներից մեկը, ում մասին հետո նա պիտի ասեր․ «Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված. նրա անունը՝ Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. Ա 6-8):
Այսպիսով, Հովհաննես Մկրտչի՝ Լույսին՝ Քրիստոսին, նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ՝ Հովհաննես Կարապետ (Նախակարապետ) անվանման, որն էլ նշանակում է առաջնորդ։ Հայ ժողովուրդը Հովհաննեսին յոթ անվան տեր սուրբ է կոչել ու այդ մասին երգեր հորինել։ Չմոռանանք նաև, որ այդ օրը Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ անունը կրող մարդկանց տոնն է, քանի որ այս սուրբը նրանց բարեխոսն է:
Պատրաստեց
Աննա ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ