Չիմանա՞լ, թե՞ չասել

Չիմանա՞լ, թե՞ չասել

Քրիստոնեական աստվածաբանության մեջ նրբագույն և մշտապես քննարկված ու շահարկված է Մատթեոսի Ավետարանի` Հիսուս Փրկչի Երկրորդ Գալստյանն առնչվող 24-րդ գլխի 36 համարը. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»: Այսօր էլ ճշմարիտ հավատքից շեղված ու առաքելահիմն Մայր Եկեղեցուց անջատված աղանդավորական ուղղությունները իրենց քարոզչական գործունեության ընթացքում օգտագործում են այս դժվարըմբռնելի հատվածը և փորձում հերքել կամ նսեմացնել մարդացած Որդու աստվածությունը՝ ասելով՝ քանի որ Հիսուս չգիտի իր Երկրորդ Գալստյան օրը, ուրեմն Ինքն ամենագետ չէ, ուստի ավելի ցածր է, քան ամենագետ ու ամենակարող Հայրը: Այս առնչությամբ պետք է հստակ ընդգծել, որ նմանատիպ մոտեցումը շատ մակերեսային ու միակողմանի է և, միևնույն ժամանակ, անկարելի հասարակ ու պարզ հողի վրա է դիտարկում երկնառաք իմաստության կողմից նման կարևորագույն թեմայի վերաբերյալ ասված այս խորախորհուրդ խոսքը: Այս թնջուկի պարզաբանման համար անհրաժեշտ բանալիները նախևառաջ պետք է փնտրել Աստվածաշնչում և մեկնաբանության փորձ կատարել ամբողջ Սուրբ Գրքի ու Սրբազան ավանդության լույսի ներքո:

 

Աստված այնքան սիրեց աշխարհն ու արարածներին, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նրանք հավիտենական կյանք ունենան (հմմտ. Հովհաննես Գ 16) և Մարմնացած Բանի փրկչական տնօրինությունների միջոցով մաքրված ու փրկության ճշմարիտ ճանապարհի վրա կանգնած Եկեղեցու համար պատրաստեց այն, «ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ» (Ա Կորնթացիս Բ 9): Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակի վերոբերյալ համարից պարզ է դառնում, որ արարածների համար Աստծո պատրաստածներն ու տնօրինությունները վեր են մարդու պատկերացումներից և նույնիսկ անծայրածիր երևակայությունից, ուստի վերջինս չի կարող, ի վիճակի չէ ամբողջությամբ ըմբռնել դրանք և երևակայել դրանց մասին:

 

Իր Ավետարանի հենց սկզբում Մարկոսը բարձրագոչ բարբառում է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելու մասին (հմմտ. Մարկոս Ա 1), որից հետո արդեն Հովհաննեսի Ավետարանում հենց Փրկչից ենք լսում Իր՝ Հոր հետ մի լինելու մասին (տե՛ս Հովհաննես Ժ 30, ԺԴ 9): Այս ամենն ամբողջացնելու և Որդու կատարյալ Աստված լինելը հաստատելու է գալիս Սուրբ Հոգու առաջնորդությամբ Նիկիայում մեկտեղված հայրապետների ձեռամբ գրված հավատի բանաձևի հետևյալ հատվածը. «Եվ Մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Որդուն՝ ծնված հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամենայն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ»:

 

Սակայն Փրկիչը, կատարյալ Աստված լինելով, նաև մարմնացավ ու մարդ դառնալով՝ բնակվեց մարդկանց մեջ (հմմտ. Հովհաննես Ա 14): Հայաստանեայց Եկեղեցու «ժամագրքում»հանգանակն էլ ոսկե տառերով սեպում է.  «Աստված մարդացավ՝ առանց փոփոխման և առանց այլայլության, և Կատարյալ Աստված եղավ կատարյալ մարդ»:

 

Հիսուսի անձի մասին այս համառոտ ակնարկից ակնառու է դառնում, որ Մարդացած Որդին կատարյալ Աստված և կատարյալ մարդ է: Ուստի կատարյալ ու Հորը հավասար Աստված և Իր Երկրորդ Գալստյանը նախորդող ժամանակների ու նշանների մասին այդքան հանգամանորեն խոսողը (տե՛ս Մատթեոս ԻԴ, ԻԵ) չէր կարող չիմանալ օրն ու ժամը. Նա՝ որպես Աստված, աներկբայորեն, ամեն ինչ գիտեր: Սակայն Որդին նաև մարդ էր ու այն, ինչ որպես Աստված գիտեր, Պողոս առաքյալի խոսքի համաձայն (հմմտ. Բ Կորնթացիս ԺԲ 4), Նրան թույլատրված չէր որպես մարդ խոսել ու ասել: Ահա՛, սա է հիմնական պատճառներից մեկը, որ Հիսուս Քրիստոս ստույգ չի նշում Իր Երկրորդ Գալստյան օրն ու ժամը:

 

 

Պատրաստեց

Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ

 

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×