Հովվական են կոչվում Եկեղեցու հովիվներին ուղղված նամակները: Դրանցից են, օրինակ, Կրետեի եպիսկոպոս Տիտոսին ուղղված նամակը, Եփեսոսի եպիսկոպոս Տիմոթեոսին ուղղված նամակները:
Տիմոթեոսը ծնվել է Լիկաոնիայի Լիստրա քաղաքում և եղել է Պողոս առաքյալի գործակիցը, ինչպես նաև մասնակցել է երկու ճամփորդություններին ու կատարել առաքյալի որոշ հանձնարարականներ:
Մինչդեռ Տիտոսի մասին Գործք Առաքելոցը լռում է: Հայտնի է միայն, որ նա ծնվել է հեթանոս ընտանիքում և չի թլփատվել, ինչպես նաև ուղեկցել է Պողոսին դեպի Առաքելական Ժողով, մասնակցել է Երուսաղեմի քրիստոնյաների համար ձեռնարկված հանգանակությանը:
Հարկ է նշել, որ որոշ մեկնիչներ հովվական նամակները կոչում են Պողոս առաքյալի «Կանոնական իրավունք», քանի որ այդ նամակներում խոսվում են զանազան ծիսական, վարչական-կազմակերպչական, կարգապահական և այլ հարցերի մասին, ինչպես նաև քննարկվում են Եկեղեցում առաջացած հատուկ խնդիրները:
Հատկանշական է Ա Տիմոթեոս նամակը, որտեղ Պողոս առաքյալը Եփեսոսի եկեղեցու ուշադրությունն է հրավիրում քրիստոնեական վարդապետությանը սպառնացող հերետիկոսների վրա, ինչպես նաև խորհուրդներ է տալիս որոշ ծիսական հարցերի վերաբերյալ և վեր հանում այն առավելությունները, որ պետք է ունենան եպիսկոպոսներն ու սարկավագները: Այս նամակում առաքյալը նաև քննադատում է հերետիկոսների կեղծ-ժուժկալական ձևապաշտությունը և պատվիրում Տիմոթեոսին օրինակ լինել բոլորի համար, ինչպես նաև հարատև պայքար մղել հանուն սուրբ հավատքի անաղարտության:
Իսկ Բ Տիմոթեոս նամակը առաքյալը գրել է Հռոմում երկրորդ բանտարկության ժամանակ: Նամակի հիմնական հատվածում ներառված են հովվական գործունեության վերաբերյալ Տիմոթեոսին ուղղված խորհուրդներ: Նամակի վերջում առաքյալը հայտնում է, որ գտնվում է իր կյանքի վերջում`նահատակության սպասումով, ինչպես նաև այն մասին, որ բանտում, բացառությամբ Ղուկասից, բոլորն իրեն լքել են: Նաև խնդրում է Տիմոթեոսին, որպեսզի գա իրեն այցելության՝ իր հետ բերելով Մարկոսին:
Անդրադառնալով Տիտոսին ուղղված նամակին, նշենք, որ այստեղ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ նրան թողել է Կրետեում, որպեսզի «ինչ պակաս բան որ կա», ուղղի և «յուրաքանչյուր քաղաքում երեցներ» կարգի: Առաքյալը նաև պատվիրում է նրան պայքարել կեղծ վարդապետների դեմ և հիշեցնում իր հովվական պարտականությունները՝ թվարկելով այն առաքինությունները, որ պետք է զարդարեն Եկեղեցու սպասավորներին և անդամներին:
19-րդ դարի սկզբին որոշ մեկնիչներ կասկածի տակ առան Հովվական նամակները Պողոսի գրչին պատկանելու տեսակետը: Հովվական նամակներն, անշուշտ, Պողոսի մյուս բոլոր նամակներից տարբերվում են ոչ միայն ոճով և բառապաշարով, այլև աստվածաբանական հիմնական հարցերով, սակայն, այդուհանդերձ, հիմք ընդունելով մի քանի փաստեր՝ պետք է ավելի հավանական համարել, որ Պողոսը արտահայտել է իր մտքերը, իսկ քարտուղարը՝ շարադրել:
Աղբյուր` Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան` Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան