Թե ի վերջո ում է ուղղված այս նամակը դժվար է ասել: Այս վիճահարույց հարցի վերաբերյալ արտահայտվել են բազմաթիվ կարծիքներ: Օրինակ`ոմանք հակված էին մտածելու, որ այն ուղղված էր Հռոմում հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյա մի համայնքի, ոմանք կարծում էին, որ այն ուղղված էր Քումրանի համայնքից քրիստոնյա դարձած մի խմբի, իսկ ոմանք էլ հակված էին կարծել, ր այն ուղղված էր Ալեքսանդրիայում, Թեսաղոնիկեում, Եփեսոսում, Պաղեստինում գտնվող մի համայնքի և այլն:
Սակայն, այդուհանդերձ, առավել հավանական է այն տեսակետը, որ նամակի ընկալողները հրեաքրիստոնյաներ են, որոնք ապրում են Պաղեստինում և քաջատեղյակ են Հին Կտակարանի ամբողջ բովանդակությանը: Թեպետ հարկ է նշել, որ ¦Առ Եբրայեցիս§ անվանումը նամակին տրվել է գրությունից շատ ավելի ուշ, սակայն, այնուամենայնիվ, այն մեզ առաջնորդում է դեպի Պաղեստին:
Եբրայեցի կոչվում էին այն պահպանողական հրեաները, ովքեր Հին Կտակարանը կարդում էին իր բնագրով, այսինքն՝ եբրայերենով, մինչդեռ այն հրեաները, ովքեր բնակվում էին Պաղեստինից դուրս, Հին Կտակարանը կարդում էին հունարեն թարգմանությամբ: Այս երկուսի ակնհայտ տարբերությունը, հստակորեն նկարագրվում է ¦Գործք§-ում. «Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ» (6:1):
Նամակի հիմնական բովանդակությունը բաժանված է երկու նյութի միջև՝ քրիստոնեության գերազանցությունը հուդայիզմի նկատմամբ և հորդոր քրիստոնյաներին՝ զորանալու Քրիստոսի չարչարանքից:
Հատկանշական է այն հանգամանքը, որ նամակում ոչ մի տեղ չի հիշատակվում հեղինակի անունը, ի հակառակ Պողոս առաքյալի սովորության՝ իր նամակները առաքողի և ընկալողի անուններով սկսելու անխափան սովորության: Եվ միայն նամակի վերջում է հեղինակը հիշատակում Տիմոթեոսին, ով ուղարկվել էր Եբրայեցիների մոտ:
Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ նամակի լեզուն և ոճը արմատապես տարբերվում են Պողոս առաքյալի մյուս բոլոր նամակներից: Այս նամակը նաև գրվել է բարձր մակարդակի հունարենով և իր լեզվի կանոնավորությամբ, ինչպես նաև գեղեցկությամբ, գերազանցում է Նոր Կտակարանի բոլոր գրքերին՝ հիշեցնելով Իմաստություն Սողոմոնի գիրքը:
Բացի լեզվական տարբերությունները, կան նաև այլ հարցեր., որոնց պատճառով մշտապես խնդրո առարկա է հանդիսացել Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակի հարցը:
Օրինակ` Կղեմես Ալեքսանդրացին առաջ է քաշել այն տեսակետը, թե Պողոս առաքյալը նամակը գրել է եբրայերենով, իսկ Ղուկասը այն թարգմանել է հունարենի: Սակայն նշենք, որ եբրայեցիներին ուղղված նամակը թարգմանության ոչ մի հետք չունի:
Հերոնիմոսը թեպետ նշում է, որ հռոմեացիները չեն ընդունում Եբրայեցիների նամակում Պողոսի հեղինակությունը, այդուհանդերձ, շեշտում է, որ հեղինակի հարցը չի կարող մերժել նամակի կանոնականությունը:
Թե ի վերջո ով է այս նամակի իրական հեղինակը «հայտնի է միայն Աստծուն»: Սակայն կարևորն այն է, որ Եկեղեցին ընդունել է այդ տեսքստի վավերականությունը՝ ընդունելով դրանում ասված ճշմարտությունները:
Աղբյուր`Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան