Այս նամակի հեղինակը Հակոբոսն է`«Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան»: Սակայն հարց է առաջանում, թե ով է այդ Հակոբոսը: Այս անունով Նոր Կտակարանում Հիսուսի առաքյալների և հետևողների մեջ կան երեք անձիք՝ Զեբեդեոսի որդին և Հովհաննես առաքյալի եղբայրը, Ալփեոսի որդին, որին Զեբեդոսի որդուց զանազանելու համար «փոքր Հակոբոս» էին անվանում և Հակոբոս Տյառնեղբայրը: Վերջինս Տիրոջ Հարությունից հետո հավատաց, այնուհետև դարձավ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը՝ մեծ դեր խաղալով Երուսաղեմի եկեղեցու կյանքում:
Հին Եկեղեցական Ավանդությունը, ինչպես նաև արդի մեկնիչներից շատերը մի քանի պատճառաբանություններով հակված են նամակի հեղինակ համարել Հակոբոս Տյառնեղբորը: Հարկ է նաև նշել, որ Հակոբոս Տյառնեղբայրը 62 թվականին բազմիցս քարկոծվել է հրեաների կողմից: Նա կոչվել է «արդար» և այնքան մեծ համբավ է ունեցել իր շրջապատում, որ ինչպես հայտնում է Հովսեփիոս Եբրայեցին, շատերը Երուսաղեմի կործանումը համարում էին Աստծո կողմից ուղարկված պատիժ`Հակոբոսի քարկոծության պատճառով:
Հատկանշական է, որ Հակոբոսի նամակը կրում է Հին Կտակարանի մարգարեական և իմաստասիրական գրքերի ազդեցությունը, սակայն ոչ մի տեղ Հին Կտակարանյան մտքեր բառացիորեն չեն արծարծվում: Այդ պատճառով կարծիք կա, որ հեղինակը օգտագործել է ոչ թե Հին Կտակարանը, այլ Սուրբ Գրքի հուդայական մեկնությունները:
Փոխարենը նամակի հունարեն լեզուն աչքի է ընկնում իր մաքրությամբ, շշմեցնող հարուստ բառապաշարով և հռետորական արտահայտություններով, ինչպես նաև առկա են 13 բառեր, որոնք որևէ կերպ չեն կրկնվում Յոթանասնից թարգմանության մեջ: Եվ բնականաբար հարց է առաջանում, թե կարո՞ղ էր արդյոք Հակոբոս Տյառնեղբայրը այսչափ քաջատեղյակ լինել հունարեն լեզվին: Այս պատճառով էլ շատ մեկնիչներ կասկածի տակ են առել Հակոբոսի հեղինակությունը, ինչի արդյունքում խնդրի լուծման վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ:
Սակայն մի կողմ թողնելով նամակի հեղինակի վերաբերյալ առկա տարակարծությունները՝ հարկ է նշել, որ Հակոբոսի թուղթը մեծ ընդհանրություն ունի համատես Ավետարանների և Լեռան քարոզի հետ այն աստիճանի, որ համարվում է «Նոր Կտակարանի թղթերի Լեռան քարոզը»: Նամակի առարկայական իրավիճակը, որն իրենից ներկայացնում է Պաղեստինի աշխարհագրական և քաղաքակրթական շրջանակը առաջին դարի առաջին կեսին հատուկ կրոնական և ընկերային խնդիրներով, նույնն է այն իրավիճակին, որը մեզ ծանոթ է համատես Ավետարաններից:
Նամակում չկա հեթանոսության և անբարոյականության դեմ պայքարի և ոչ մի հետք, որոնք ակնհայտ երևում են Պողոս առաքյալի նամակներում:
Նամակում տեղ գտած թեմաներն են՝ փորձությունների իմաստը, իբրև կատարելության հասնելու միջոց և դրանց դիմագրավելու ձևերը, «հարուստների և աղքատների» փոխհարաբերությունները, հավատքն առանց գործի մեռած է, անսանձ լեզվի վնասները, համբերություն և աղոթք և այլն:
Մեկնիչներից ոմանք Հակոբոսի «գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով» համարում են հակաճառություն Պողոսի «մարդ արդարանում է միայն հավատքով և ոչ թե օրենքի գործերով» արտահայտոթյանը: Սակայն, իրականում Հակոբոսը պայքարում է ոչ թե Պողոսի վարդապետության, այլ որոշ քրիստոնյաների կողմից արված այդ վարդապետության սխալ մեկնության դեմ:
Իսկ ինչ վերաբերում է նամակի կանոնականությանը, ապա այն բավական երկաճ ժամանակ կասկածի տակ է առնվել:Առաջին անգամ Հոկոբոսի նամակը օգտագործվել է Որոգինեսի կողմից, ապա Եվսեբիոս Կեսարացու, թեպետ վերջինս հիշելով Նոր Կտակարանի գրքերի շարքում, այն համարում է ¦երկբայելի§: Իսկ Թեոդորոս Մափսուեստացին ընդհանրապես մերժում է թղթի կանոնականությունը: Հարկ է նշել, որ Հակոբոսի թուղթը վերջնականապես կանոնական է համարվել չորրորդ դարում:
Աղբյուր`Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան