Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օր

Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օր

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օրը՝ որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը: Այդ օրը եկեղեցում ընթերցվում է Հովնանի գիրքը. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):

 

Ինքը՝ Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում:

 

Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Ճանապարհին փոթորիկ բարձրացավ, և Հովնանը հասկացավ, որ դա Աստծուց փախչելու հետևանքով էր: Նավաստիներին ասաց, որ իրեն ծովը նետեն, որից հետո փոթորիկը հանդարտվեց: Աստված փրկեց նրան ծովի ալեկոծությունից՝ խոշոր կետ ձկան փորում պահելով: Հայտնվելով ձկան փորում՝ նա զղջում ապրեց իր արածի համար և գոհություն հայտնեց Տիրոջը՝ իրեն փրկելու համար: Երեք օր հետո, Աստծո հրամանով, ձուկը Հովնանին ծովափ նետեց:

 

Հովնանի այս պատմությունն արտահայտում է մի քանի էական ճշմարտություններ. այն Աստծո գթասրտության վկայությունն է, Աստված Իր սերը չի վերապահում միայն իսրայելացիներին, այլ նաև՝ օտարներին: Նա գթություն է ցուցաբերում նինվեացիների նկատմամբ: Նա Հովնանին դարձի գալու երկրորդ հնարավորությունն է տալիս: Նա ոչ միայն կարեկցում է Իր ծառային, այլև փորձում է նրան սովորեցնել նման վերաբերմունք ունենալ մյուսների նկատմամբ:

 

Ս. Օգոստինոս Երանելին նշում է, որ ծով նետված Հովնան մարգարեն, խոշոր կետ ձկան փորում հայտնված և երեք օր հետո այնտեղից կենդանի դուրս նետված, ծառայեց Փրկչի նախատիպը լինելու, Ով խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն առավ: 

 

Ս. Կյուրեղ Երուսաղեմացին նկատում է, որ քննելով Հովնանի պատմությունը՝ հետևյալ զգալի նմանություններին ենք հանդիպում: Հիսուս ուղարկվեց քարոզելու ապաշխարություն, և Հովնանը նույն նպատակով ևս ուղարկվեց: Բայց նա փախավ, չկանխատեսելով ապագան, իսկ Հիսուս հոժարակամ եկավ քարոզելու փրկարար ապաշխարություն:

  • 2022-02-08
×