Սուրբ Սարգսի կերպարն ու պաշտամունքը ժողովրդական քրիստոնեության մեջ աներկբա է և վերցված է եկեղեցական գրավոր ավանդությունից: Ըստ ուշ միջնադարյան աղոթքներում գործածված բանաստեղծական մակդիրների՝ սուրբ Սարգիսը ներկայանում է մի քանի տարբեր, բայց համազոր դրական հատկանիշներով՝ իբրև լավ սպառազինված, արիասիրտ, պաշտպան ու պահապան զորական, որը միանգամայն համախոս է նրա եկեղեցական վկայաբանությանը, միաժամանակ և ատենահաս, այսինքն՝ ժամանակին հասնող և գերյալներին ազատող սուրբ: Ժողովրդական բանահյուսության մեջ սրբի ամենատարածված մականուններն են ատենահասը և «ատենահաս բոզ ձիավոր սուրբ Սարգիսը»: Ուրեմն, ոչ միայն ձիավոր, այլև գորշասպիտակավուն (բոզ) ձիավոր, որ գալիս է հնօրյա ճերմակ ձիավոր հերոսների պատկերացումից: Ժողովրդական բնագրերում սուրբ Սարգսին նվիրված չափածո աղոթքներում ձիավոր սուրբը հաճախ հանդես է գալիս որդու՝ Մարտիրոսի հետ:
Հայ բանավոր ավանդության մեջ սուրբ Սարգիսը հանդես է գալիս մի շարք հատկանիշներով: Ատենահաս մականունը առնչվում է սուրբ Սարգսին տրվող մուրազատու (փափագակատար) անվան հետ, որ ունի առավել որոշակի իմաստ և կապվում է սիրո և ամուսնության փափագի կատարման հետ և այդ առումով դառնում է սրբին բնութագրող ամենակարևոր հատկանիշը:
Սրբի կողմից սիրահարներին իրենց մուրազին հասցնելու գործառույթը ցայտուն արտահայտություն է գտել «Աշուղ Ղարիբ» սիրավեպում, որի թիֆլիսյան տարբերակը 1885-ին հրատարակել էր Գևորգ Տեր-Աղեքսանդրյանն իր «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» ժողովածուում: Ըստ այդ տարբերակի` աղքատ աշուղ Ղարիբը սիրում է մի հարուստ աղջկա` Շահսանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց հայրը հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը և մտադրվում է աղջկան ուրիշի տալ: Աշուղ Ղարիբը գնում է օտար ափեր փող աշխատելու և հարստանալու նպատակով՝ հրաժեշտի ժամանակ խնդրելով աղջկան, որ յոթ տարի հետո եթե չվերադառնա, ամուսնանա ուրիշի հետ: Յոթ տարի անց վերադառնալիս նա ուշանում է: Հուսահատված սուրբ Սարգսին օգնության է կանչում: Վերջինս իսկույն հայտնվում է, աշուղ Ղարիբին առնում ձիու գավակը՝ մի ակնթարթում հասցնելով հայրենի քաղաք, որտեղ աշուղն ամուսնանում է Շահսամանի հետ:
Մի զրույցում ներկայացվում է սուրբ Սարգսի կապը հացաբույսերի՝ մասնավորապես ցորենի և դրանից պատրաստված փոխինդի հետ, որն ամենուրեք համարվում է սուրբ Սարգսի տոնի ծիսական կերակուրը: Ուլիանոս թագավորի դեմ կռվելուց հետո սուրբ Սարգիսը քաղց է զգում և մտածում, թե որտեղից մի կտոր հաց ճարի: Այդ պահին ուժեղ քամի է բարձրանում և երկնքից մի քանի ցորենի հատիկ է բերում, գցում Սարգսի առաջ: Նա վերցնում է դրանք ուտում: Ապա խնդրում է Աստծուն, որ ով տարվա մեջ այդ հատիկների հիշատակին յոթ օր ծոմ պահի, ուրբաթ օրն էլ փոխնդով թաթախվի, նրա մուրազը տա, ինչ խնդրի, կատարվի:
Սուրբ Սարգսի տոնն ու դրան առնչվող ծիսական արարողությունը թե՛ եկեղեցական և թե՛ ժողովրդական տոնացույցում կատարվել են փետրվարին, տարվա մի ժամանակաշրջան, որ հատկանշվում է ձնաբքի և մրրիկների բնական երևույթներով, իսկ հասարակական կենցաղի տեսանկյունից` ամուսնությունների և հարսանիքների առատությամբ:
Սուրբ Սարգսի` ամուսնության հովանավորման և երիտասարդ զույգերին իրենց սիրո փափագին հասցնելու գործառույթը դրսևորված է դարձյալ մեկ ժողովրդական ծիսական արարողության մեջ` կապված հացի և ջրի ճաշակման հետ: Սուրբ Սարգսի տոնի ուրբաթ գիշերը նորահաս երիտասարդները՝ հատկապես աղջիկները աղի բլիթ են ճաշակում, որպեսզի երազում ջուր տեսնեն: Նրա հրամանով՝ ճակատագրի կողմից կանխորոշված կյանքի ապագա ընկերները ջուր են տալիս ծարավներին, որով կանխագուշակվում են երիտասարդների ամուսնական զուգընկերները: Կամ էլ սուրբ Սարգիսն ինքն է կանխորոշում ապագա ամուսնական զույգերին, նրանց երջանկությունը: Բացի այդ, նույն երեկոյան նորահաս աղջիկները շաղախված փոխինդից բրդուճ էին դնում տան կտուրին և հետևում. եթե ճնճղուկը վերցնում էր այդ բրդուճը և թռչում, թառում մերձակա տների տանիքներից մեկին, որի ներքո նորահաս երիտասարդ էր ապրում, ապա դա նախանշան էր, որ այդ երիտասարդն էր դառնալու իր ապագա փեսացուն:
Տարածված է նաև մեկ այլ հավատալիք՝ դրսևորված ժողովրդական զրույցներում, թե գիշերով մարդու վրա գայլերի հարձակման դեպքում, եթե վտանգվածը սուրբ Սարգսին օգնության կանչի, ապա սուրբը կգա և կփրկի գայլերից:
Հայ բանավոր ավանդության մեջ՝ մասնավորապես «Սասնա ծռեր» հերոսավեպում, սուրբ Սարգիսը հանդես է գալիս որպես գործող վիպական անձ, որպես Սասնա դյուցազուններին գործակից ու հովանավոր: Վեպում նա կրում է նույն «Ծուռ» մականունը, ինչպես Սասնա մյուս հերոսները: Երբեմն էլ Ձենով Հովանի անվան համաբանությամբ կոչվել է Ձենով Սարգիս:
Պատրաստեց
Աննա ՊՈՂՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ