Պետրոս առաքյալի ընդհանրական Ա և Բ նամակները

Պետրոս առաքյալի ընդհանրական Ա և Բ նամակները

Պետրոս առաքյալի Ա նամակը ուղղված է «Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բութանիայում պանդխտացող ընտրյալներին», այսինքն` Փոքր Ասիայի հյուսիսային և արևմտյան նահանգների քրիստոնյաներին: Նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ ընթերցողները գտնվում էին հալածանքի և դժվարությունների մեջ, թեկուզ միայն նրա համար, որ կրում էին քրիստոնյա անունը:

 

Այսինքն Պետրոսի թղթի ընթերցողները համարվում էին «նորածին քրիստոնյաներ», և նոր կրոնի վերաբերյալ թյուրիմացությունը կարող էր նրանց տանել դեպի կործանում, ուստի նրանց պետք էր գոտեպնդել և հոգևոր ուժ հաղորդել, ինչը և անում էր Պետրոս առաքյալը՝ հորդորելով ուժ առնել Քրիստոսի չարչարանքներից:

 

Պետրոս առաքյալի Ա նամակը գրվել է 64-67 թթ. «Բաբելոնից», որ փոխաբերական իմաստով Հռոմն էր: Պետրոս առաքյալը այս նամակը գրել է «Սիղուանոսի միջոցով», որը նույնացվում է Սիղայի`Պետրոսի գործակցի հետ, և ով, ստանձնելով առաքյալի քարտուղարի դերը, շարադրել և բանաձևել է նրա մտքերը: Եվ հենց սրանով է բացատրվում այն լեզվական նմանությունը, որն առկա է այս նամակի աստվածաբանական բազմաթիվ գաղափարների արտահայտման և Պողոսի համապատասխան հատվածների միջև:

 

Նամակի սկզբում զետեղված է առաջաբանը (Ա 1-2), ինչից հետո առաքյալը հիշեցնում է իր ընթերցողներին, որպեսզի գոհություն մատուցեն Աստծուն իրենց վերստին ծննդյան համար, ինչպես նաև ի հակառակ բոլոր փորձությունների անսասան մնան իրենց հավատքի մեջ՝ հիշելով այն ապագա բարիքները, որոնց մասին խոսել են մարգարեները: Եվ այսուհետ նրանք Աստծո վերստին ծնված զավակներ են, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյամբ ազատում ստացան իրենց մեղքերից:

 

Նամակում նաև խոսվում է իրական քրիստոնյայի հոգևոր արժանիքների և առաքինի վարվելակերպի մասին, որոնք նրանք պետք է դրսևորեն անգամ երբ գործ ունեն հեթանոսների զրպարտությունների հետ:

 

Քրիստոնյաների կյանքի անբաժան մասն էր կազմում նաև սերը բացառապես բոլորի նկատմամբ չարախոսություններին բարի գործերով պատասխանելը, նոր կյանքով ապրելը և հին սովորություններից հրաժարվելը: Իսկ կյանքում պատահած բոլոր փորձությունները, ցավերն ու տառապանքները քրիստոնյան երբեք չի դիտում իբրև պատիժ կամ անարդար վերաբերմունք իր նկատմամբ, այլ դիտում է իբրև պատիվ և ցնծություն, քանզի այդ կերպ հետևում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

 

Նամակի վերջում առաքյալը խորհուրդներ է տալիս երեցներին իրենց հովվական գործի համար, ինչպես նաև հնազանդության և հեզության կոչ անում երիտասարդներին ու հավատացյալներին: Վերջաբանում առաքյալը նաև հիշատակում է Սիղուանոսին, որի միջոցով գրել է նամակը:

 

Իսկ Պետրոս առաքյալի Բ նամակի բովանդակությունից հստակ չէ, թե ում է այն ուղղված, քանզի նամակի նախաբանի «ձե՛զ, որ մեզ հասաք նույն պատվական հավատին» (Ա 1) արտահայտությունից հնարավոր չէ հստակ եզրահանգումներ անել: Հստակ չէ նաև, թե Ա նամակից որքան ժամանակ հետո է գրվել Բ Նամակը և ում միջոցով: Բ նամակի թեման ամբողջովին տարբերվում է Ա նամակի նյութից:

 

Այստեղ դիմագրավվում է Եկեղեցու համար սխալ և վտանգավոր հերետիկոսների մի վարդապետություն, որը, արմատապես սխալ մեկնաբանելով Օրենքից ազատ լինելու Պողոսի ուսմունքը, քարոզում էր բացարձակ ազատություն, այդ թվում նաև սեռական կյանքում, ինչպես նաև ծաղրի էր առնվում Տիրոջ մոտալուտ Գալստյան մասին քրիստոնյաների հավատքը:

 

Նամակի հիմնական բովանդակությունը Քրիստոսի երկրորդ Գալուստն է, որը ուրանում են հերետիկոսները: Նրանց գարշելի վարքն ու բարքը ամբողջովին ներկայացված է Բ գլխում: Նամակում նաև բացատրվում է այն, որ եթե ուշանում է Քրիստոսի երկրորդ գալուստը, ապա այն պատճառով, որ Աստված ժամանակը չափում է մարդկանց չափանիշից տարբեր չափանիշով. «Տիրոջ համար մեկ օրը ինչպես հազար տարի է, և հազար տարին`ինչպես մեկ օր» (Գ 8): Իսկ մյուս կողմից՝ Աստված, դանդաղեցնելով այդ պահը, յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս վերանայելու մեր կյանքը, մեղքերը և ապաշխարհելու:

 

Նամակի վերջում առաքյալը պատվիրում է ընթերցողներին ջանք թափել, որպեսզի Տերը գտնի նրանց «անբիծ և անարատ, խաղաղության մեջ» (Գ 14):

 

Պետրոս առաքյալի Բ նամակը Ա նամակից տարբերվում է ոչ միայն բովանդակությամբ, այլև ոճով և բառապաշարով:

 

Իբրև Ս. Գրքի կանոնի մաս՝ այս նամակը առաջին անգամ վկայվում է Որոգինեսի կողմից: Արևմուտքում Հերոնիմոսը, ի հակառակ նրա, որ ծանոթ է նամակի շուրջ եղած տարրակարծություններին, համարում է այն Պետրոսի գործը, իսկ Ա նամակի հետ ունեցած տարբերությունները բացատրում որպես երկու նամակների տարբեր քարտուղարների գրչից շարադրված լինելու հետևանք:

 

Աղբյուր`Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի

  Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×