«Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24)
Ի՞նչ է աղոթքը: Արդյո՞ք մենախոսություն: Արդյո՞ք մեկ մարդու խոսք է, արձագանք չունեցող երևույթ:
Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին ստուգաբանում է հետևյալ կերպ. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:
Մեր կյանքի դժվար իրավիճակներում հաճախ ենք դիմում Աստծուն, և Նրան ուղղված խոսքն է, որ անվանում ենք աղոթք: Աղոթքի հիմքը հավատքն է: Մինչ մեր մտքերը բառերի վերածելը հարկ է, որ հավատանք Նրան, ում ուղղված է այդ խոսքը՝ այդպիսով հայտնելով մեր շնորհակալությունը կամ խնդրանքը և հավատալով, որ այն հասնում է մեր Փրկչին: Ինքը՝ Քրիստոս էլ խոսել է սրտից հավատքով ասված աղոթքի մասին՝ ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):
Քրիստոս աղոթում էր ամեն գործի սկզբում և ավարտին: Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին, աղոթեց և պայծառակերպվեց: Նա պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել՝ փորձության մեջ չընկնելու համար, սակայն աշակերտները ննջեցին և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց անգամ խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար և խնդրեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34):
Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ այն հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:
Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք: Այս սովորությունն ունի մի քանի խորհուրդ: Լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը: Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և Եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:
Այսպիսով՝ ինչպես ցույց է տալիս Քրիստոս, աղոթքը բնավ մենախոսություն չէ, այլ երկխոսություն Աստծո հետ: Դրա պատասխանը մեզ վերադառնում է ոչ անմիջական, մարդկային խոսքով, այլ աստվածային ողորմությամբ, սիրով, ու նախախնամությամբ: