Փիլիպպեն հիմնադրվել է մ.թ.ա. 365 թ. Մակեդոնիայի Փիլիպպոս թագավորի կողմից: Իսկ մ.թ.ա. 146 թ. այն պաշտոնապես մտել է Հռոմեական կայսրության տիրապետության տակ: Հարկ է նշել, որ Փիլիպպեի Եկեղեցին եվրոպական մայրցամաքում առաջինն է: Հիշատակման արժանի է Պողոս առաքյալի Տրովադայի տեսիլքը, որտեղ. «մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. Մակեդոնիա անցիր և օգնիր մեզ» (Գործք ԺԶ 9): Այս տեսիլքը ընդունելով իբրև Տիրոջ կողմից ուղարկված հրահանգ՝ Պողոս առաքյալը Ասիայից անցնում է Մակեդոնիա և Փիլիպպեում քարոզելով`հիմնում Եվրոպայի առաջին եկեղեցին (Գործք ԺԶ 11-40):
Փիլիպպեցիներին ուղղված նամակի նախաբանից և գոհության խոսքերից հետո Պողոս առաքյալը տեղեկություններ է հայտնում բանտում ծավալած իր գործունեության մասին, ապա հորդորում փիլիպպեցիներին ապրել՝ Ավետարանական ոգու համաձայն: Այնուհետև խոսում է Տիմոթեոսի և Եպափրոդիտեսի Փիլիպպե առաքելու ծրագրի մասին: Իսկ նամակի երրորդ գլխում խոսում է հրեական ծագում ունեցող հերետիկոսների մասին՝ նրանց որակելով «Քրիստոսի խաչի թշնամիներ» (Գ 18):
Նամակի վերջաբանում խաղաղության և աղոթքի վերաբերյալ հորդորներ են զետեղված, ինչպես նաև Առաքյալին ուղարկված օգնության համար շնորհակալության և հրաժեշտի ողջույններ:
Փիլիպպեի եկեղեցու անդորրը խաթարած անձանց որպիսության վերաբերյալ արտահայտվել են բազում կարծիքներ, սակայն երրորդ գլխի քննությունից պարզ է դառնում, որ հերետիկոսները.
ա. Պահպանում են թլպատությունը:
բ. Հակված են մտածելու, որ իրենք կատարյալ են, ինչպես նաև ուսուցանում են, որ կատարելության հասնելու համար Քրիստոսին հավատալուց բացի անհրաժեշտ պայման է նաև Օրենքի պահպանումը:
գ. Խուսափում են Քրիստոսին չարչարակից լինելուց:
դ. Մեծամասամբ կարևորություն են տալիս ոչ թե երկնային, այլ երկրային արժեքների. «նրանց աստվածը իրենց ստամոքսն է» (Փիլիպ. Դ 19):
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, մենք գործ ունենք հուդայա-քրիստոնյա կեղծ քարոզիչների հետ, որոնք բավական շատ ընդհանրություններ ունեն նրանց հետ, որոնց դեմ պայքարել է Պողոս առաքյալը Բ Կորնթացիս նամակում:
Աղբյուր`Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան