Պողոս առաքյալի նամակը Կողոսացիներին

Պողոս առաքյալի նամակը Կողոսացիներին

Պողոս առաքյալն այս նամակը գրել է Կողոսիայի քրիստոնյաներին, որոնց անձամբ չի ճանաչել: Կողոսացիներին ուղղված նամակի գրության պատճառ է հանդիսանում Կողոսիայում տեղ գտած հելլենիստական ուսմունքը: Այս ուժի դեմ անզոր էր անգամ Եպափրասը, այդ պատճառով էլ նա դիմում է Պողոս առաքյալին, որն էլ գրում է այս նամակը:

 

Հիմք ընդունելով Կողոսացիներին ուղղված նամակում հելլենիստական ուսմունքի առկայությունը՝ կարելի է եզրակացնել, որ այն «փիլիսոփայություն» է, որն իրենից ներկայացնում է Աստծո, տիեզերքի, մարդու վերաբերյալ բարձրագույն գիտություն: Հարկ է նշել, որ այն ժամանակաշրջանի փիլիսոփայական ուսմունքներին հատուկ էր ոչ միայն տեսական գիտելիքները, այլ նաև բարոյական կանոնները, որոնցով պետք է առաջնորդվել ամենօրյա կյանքում:

 

Կողոսիայում լայն տարածում գտած այս ուսմունքը մերժում էր ուտելիքն ու խմիչքը, քաջալերում սուրբ օրերի անխաթար պահպանումը, ինչպես նաև քարոզում «մարմնի խստակեցություն»: Եվ ըստ այդ ուսմունքի «փիլիսոփայության», բոլորը Աստծուն կարող էին մոտենալ մի միայն հրեշտակային ուժերի միջոցով, որոնք տվյալ ժամանակաշրջանի սին պատկերացումների համաձայն, լցնում են տիեզերքն ու առաջնորդում նրա բախտը:

 

Ընդհանուր առմամբ նամակը բաժանվում է երկու հիմնական մասերի.

ա. Աստվածաբանական ուսմունք, որտեղ հերքվում է Կողոսայում տարածված հերետիկոսություննը:

բ. Բարոյական և հորդորական ուսմունքներ:

 

Հաշվի առնելով Կողոսացիներին ուղղված նամակում արծարծված հիմնական աստվածաբանական կետերը, որոնք չեն հանդիպում առաքյալի մյուս նամակներում, ինչպես նաև առաքյալի մյուս նամակներից ակնհայտորեն տարբերվող բառապաշարն ու ոճը, որոշ մեկնիչներ հակված են մերժելու այս նամակի՝ Պողոսի հեղինակ լինելու հարցը:

 

Սեփական ճշմարտացիությունը ապացուցելու նպատակով այս մեկնիչները նշում են բազմաթիվ լեզվական առանձնահատկություններ: Սակայն հարկ է նշել, որ առաքյալի ոչ բոլոր նամակներն են հանդիսանում նրա ողջ վարդապետության հիմնադրումը և յուրաքանչյուր նամակ գրվել է որոշակի խնդիրների պատասխան տալու նպատակով: Ուստի ամենևին պարտադիր չէ, որ մի նամակում արտահայտված աստվածաբանական միտքը անհրաժեշտաբար կրկնվի նաև մյուս նամակներում, քանզի տարբեր խնդիրների քննարկման համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր բառապաշար:

 

Եվ քանի որ Կողոսացիներին ուղղված նամակում դիմագրավվող հեթանոսական ուսմունքը անծանոթ է Պողոսի մյուս նամակներից, ուստի միանգամայն բնական է, որ խնդրո առարկա  հանդիսացող նամակի բառապաշարը և աստվածաբանական որոշ արտահայտություններ տարբեր լինեն մյուս նամակներից: Եվ եթե այս ամենին ավելացնենք, որ թե Կողոսացիներին և թե Փիլիմոնին ուղղված նամակներում Պողոսի գործակիցների անունները ճշգրիտ համապատասխանում են միմյանց, ապա մենք որևէ պատճառ չունենք մերժելու Պողոսի հեղինակության հարցը:

 

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Պողոս առաքյալն իր նամակները չի գրել անձնապես, այլ թելադրել է մեկ ուրիշին, և միայն նամակի վերջում իր ձեռքով ավելացրել է ողջույնները: Սակայն ինչպե՞ս է կատարվել այդ թելադրությունը՝ բառ առ բա՞ռ, թե՞ ամբողջական մտքի տեսքով, դժվար է ասել: Սակայն հաշվի առնելով այն ժամանակվա գրության դժվարին պայմանները, երբ պապիրուսի կամ մագաղաթի վրա գրելը բավական երկար ժամանակ էր պահանջում, առավել հավանական է, որ առաքյալն իր խոսքը թելադրել է մտքի տեսքով, այլ ոչ թե բառ առ բառ: Եվ եթե դա իրապես այդպես է, ապա միանգամայն արդարացված են Պողոսի նամակներում առկա լեզվաոճական տարբերությունները:

 

                 Աղբյուր`Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի

                                                                                                          Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×