Հունվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Հենց նա էր, որ ավետեց Քրիստոսի գալուստը: Նա Մարիամ Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է համարվում:
Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը: Ասված է, որ Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային, Տիրոջ տաճարում հայտնվում է հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը: Եվ Տիրոջ գործի հանդեպ իր ունեցած կասկածամտության համար՝ պատժվելով համրանում է՝ մինչ որդին կծնվեր:
Հովհաննես Մկրտիչը, ով հետագայում պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Երբ Աստվածամայրն այցելում է Եղիսաբեթին` Հովհաննես Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):
Հովհաննես Մկրտչի քարոզչության վայրը Հորդանանի հովիտն էր: Ավետարաններում Հովհաննեսը նույնացվում է Եսայի մարգարեի կողմից մարգարեացված «Անապատի մեջ կանչողի ձայն»-ի հետ, որn ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցեք Նրա շավիղները»:
Տեսնելով Հովհաննեսի քարոզչություը՝ մարդիկ հարցնում էին՝ արդյոք սա՞ է Մեսիան: Հովհաննեսը ասում էր՝ ոչ. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11)։
Քրիստոս Հովհաննեսի մասին բարձր կարծիք ուներ: Նրա մասին արտահայտվելիս մի անգամ ասել է՝ «Ճշմարիտ եմ ասում ձեզ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. Բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է․ Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես: Եվ եթե ուզում եք ընդունել Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու էր» (Մատթ. 11:11-14): Քրիստոս Հովհաննես Մկրտչին անվանել է «Առավել քան մի մարգարե»:
Այս տոնի մեծագույն և գլխավոր պատգամը Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի այն խոսքն է, թե «երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն» (Ղուկաս 1:45):