«Եվ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»

«Եվ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»

«Խոնարհություն է, երբ մեծարում են ընկերոջդ և քեզ անտեսում, դու չես տրտմում, այլ այսպես ես ասում, թե` «Սրան էլ արժանի չեմ, ինչ ունեմ»…»
 Անանաիա Նարեկացի

 

 Քրիստոնեություն բառին այսօր հաճախ որպես համարժեք ներկայացվում է խանորհությունը: Ո՞րն է, սակայն, իրական խոնարհությունը: Հաճախ մարդիկ, տրվելով առօրյա հոգսերին, երբեմն երկմտում են խոնարհության հարցում՝ նշելով, թե թե իրենց համար հասկանալի չէ աստվածաշնչյան պատգամը, որ «եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5:39):


Աստվածաշնչյան այս հատվածը, սակայն, անհրաժեշտ է ընթերցել առանց կոնտեքստից կտրելու, որպեսզի չտարակուսենք: Այս տողից առաջ Աստվաաշնչում կարդում ենք Քրիստոսի հետևյալ միտքը` «Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ», ինչը միանգամից բացահայտում է «ապտակին» չընդդիմանալու իմաստը, որը չարությանը չարությամբ չպատասխանելն է: Պատճառն այն է, որ նման հակազդեցությունը գրեթե երբեք դրական ելք չի կարող ունենալ:


Անշուշտ, ապտակին ապտակով պատասխանելն ավելի հեշտ է, սակայն արդյո՞ք միշտ պիտի ընտրվի հեշտ ուղին մեզ համար, արդյո՞ք պիտի հեշտ ուղով անցնենք՝ մեր հավատքի հաստատման ճանապարհին: Արդյո՞ք նման փորձություններով անցնելով չէ, որ մոտենում ենք Աստծուն:


Չարին բարությամբ հատուցելն աստվածահաճո է: Երբ այդ ամենն ուղեկցվում է խոնարհությամբ, մարդ իր վրա անմիջապես զգում է աստվածային լույսն ու սերը: Քրիստոս, իր զավակներին պատգամելով չարին հակառակ չկանգնել,  նկատի չուներ սերիական մարդասպանին, թշնամի երկրներին կամ օտար մեկի, այլ հատկապես նրանց, ովքեր մեր հարազատներն են, մեր հավատակիցները: Եվ խոնարհ լինելը չի նշանակում չպայքարել չարի դեմ, այլ նշանակում է՝ աստվածային սիրով պայքարել և այդ պայքարի ճանապարհին չդառնալ նրան հավասար, չլցվել չարությամբ:

 

Աբրահամն ասում էր. «Ես հող եմ ու մոխիր», Դավիթն ասում էր. «Ես որդ եմ և ոչ մարդ…»: Սուրբ Հովհաննես Կարապետը, Քրիստոսի մասին խոսելիս, ասում էր. «Արժանի չեմ արձակելու Նրա կոշիկների կապերը»: Ցուցաբերած խոնարհության համար Աբրահամը նահապետների գլուխ եղավ, Դավիթը մարգարեության շնորհ ստացավ և կանչվեց ժողովրդին թագավորելու, իսկ Սուրբ Հովհաննես Կարապետը արժանի եղավ Փրկչին մկրտելու:

 

Ուրեմն հարկ է, որ խորհենք և զղջանք մինչ այս մեր կատարածի համար, որ գուցե գիտակցված չենք արել: Ապա շարունակենք մեր ուղին խոնարհությամբ և աղոթքով, ինչն առավել աստվածահաճո է, քանի որ ինչպես Աստվածաշնչում է ասված, «Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում իր անձը, կբարձրացվի» (Մատթ.  23:12):

  • 2022-02-08
×