Պողոս առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակը իր մեջ կրում է «դարեր ի վեր Աստծո մեջ թաքնված խորհուրդը» (Եփես. Գ 9), այն խորհուրդը, որը մեզ բոլորիս հայտնեց մեր Տեր Հիսուս Քրիստոս, այն է՝ Եկեղեցու միջոցով փրկագործության ծրագրի իրականացում:
Հարկ է նշել, որ նամակի նյութի ընդհանրականությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղական, այլև ողջ Եկեղեցու համար: Այս պատճառով էլ որոշ մեկնիչներ այն կոչել են «համակարգված աստվածաբանական երկ», «պողոսյան աստվածաբանության համառոտ շարադրանք», «մկրտության ճառ», «Քրիստոսի խորհրդի իմաստության մասին մտածումներ» և այլն:
Նամակի բովանդակության ընդհանրական լինելու հանգամանքը, հիմք է տալիս ենթադրելու, որ այս նամակը եղել է ընդհանրական բնույթի՝ ուղղված ոչ միայն Եփեսոսի Եկեղեցուն, այլ նաև Փոքր Ասիայի այլ եկեղեցիների:
Ինչպես արդեն հասկացանք, նամակում ներկայացված է ընդհանուր հետաքրքրություն ունեցող մի նյութ`Աստծո փրկչական տնտեսության իրականացումը մարդկության պատմության մեջ՝ Եկեղեցու հիմնադրումով: Եկեղեցու մեջ նաև միանում և մեկ ամբողջական մարմին են կազմում նախկին երկու թշնամիները`հրեաները և հեթանոսները: Եվ հենց այս է իրենից ներկայացնում Քրիստոսի առաքելությունը, որ Խաչելությամբ և Հարությամբ աշխարհին շնորհեց խաղաղություն և սահմանեց հաշտություն՝ մարդկանց և Աստծո միջև: Իսկ Սուրբ Հոգին հովանավորում և սնուցում Քրիստոսի ողջ մարմինը՝ փրկվածներին:
Այս բովանդակությունը հստակորեն ներկայացված է նամակի առաջին հատվածում: Իսկ նամակի երկրորդ մասում խոսվում է դեպքերի մասին, որոնք անմիջականորեն հիմնվում են առաջին մասի աստվածաբանական վարդապետության վրա, ինչպես օրինակ`ամուսինների փոխհարաբերությունները, ծնող-երեխա փոխհարաբերությունը, ստրուկների և տերերի փոխհարաբերությունները և այլն:
Շատ մեկնիչներ են փորձել հասկանալ նամակի իրական նպատակը, սակայն առավել հավանական է այն, որ Կողոսիայի հերետիկոսների դեմ պայքարելուց հետո Պողոս առաքյալը եկեղեցիներին է ներկայացնում իր վարդապետության ամփոփումը, որպեսզի հավատացյալները, հիմնված Քրիստոսի «մարմնի» վրա, կարողանան դիմագրավել հերետիկոսների պառակտիչ գործողություններին:
Փիլիմոնին ուղղված նամակն ամենակարճն է Պողոսի բոլոր նամակների մեջ: Այն իրենից ներկայացնում է մի անհատական նամակ, որն ուղղված է Կողոսայում բնակվող և Պողոս առաքյալի կողմից դարձի եկած Փիլիմոնին, որի ստրուկներից մեկը`Օնեսիմոսը, փախել էր տիրոջ մոտից, այնուհետև հանդիպել Պողոս առաքյալին և դարձել քրիստոնյա:
Օնեսիմոսին Պողոսը ցանկանում էր պահել իր մոտ իբրև գործակից և օգնական, սակայն ոչ առանց նրա տիրոջ` Փիլիմոնի համաձայնության: Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը նրան ուղարկում է Փիլիմոնի մոտ՝ նրան դիմելով. «Թերևս նա հեռացավ, որ ընդմիշտ ունենաս նրան այլևս ոչ իբրև ծառա, այլ ... որպես մի սիրելի եղբայր ... Եթե ինձ ընկերակից ես համարում քեզ, ընդունիր նրան, ինչպես ինձ կընդունես»:
Աղբյուր` Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան` Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան