Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին

Երբ և ում կողմից է հիմնվել Հռոմի եկեղեցին՝ դժվար է ասել: Հռոմեակաթոլիկ աստվածաբանները ժամանակին հակված էին մտածելու, որ Հռոմի եկեղեցին հիմնադրվել է Պետրոս առաքյալի կողմից, սակայն նրանց այս տեսակետը այսօր չի ընդունվում նույնիսկ հենց նույն աստվածաբանների կողմից:

 

Այնուամենայնիվ, եթե հռոմեացիներին ուղղված նամակի ժամանակ Պետրոս առաքյալը լիներ Հռոմում, ապա Պողոսը միանշանակ ողջույնի խոսք կուղղեր նրան:

 

Այսօր ընդունված է կարծել, որ Պետրոս առաքյալը Հռոմ է գնացել այնտեղ Պողոս առաքյալի երկամյա բանտարկությունից հետո: Հենց այդ ժամանակաշրջանում սկսվեցին Ներոնի հալածանքները, որի ընթացքում էլ առաքյալը նահատակվեց:

 

Հռոմեական պատմագիր Սուետոնիոսը թողել է մի անուղղակի վկայություն, որի համաձայն՝ Հռոմում քրիստոնյաներ եղել են դեռևս 49 թվականին, երբ «ինչ-որ Քրիստոսի պատճառով» Հռոմի հրեական գաղութի մեջ ստեղծվել է խառնակություն, որի հետևանքով կայսրը հրովարտակ է հռչակե՝ հրեաներին Իտալիլայից արտաքսելու համար:

 

Այս նամակը Պողոս առաքյալի գրած ամենածավալուն, ինչպես նաև աստվածաբանական խորը նշանակություն ունեցող նամակն է, որը հաճախ բնութագրվում է որպես «Պողոս առաքյալի Ավետարանը»:

 

Սակայն, այնուամենայնիվ, նամակը չի հանդիսանում Պողոս առաքյալի աստվածաբանական համադրումը, այլ կարևոր նյութի շարադրություն է, որի նպատակը մեղավոր մարդու արդարացումն է՝ Քրիստոսի միջոցով և ոչ Օրենքի կիրառմամբ:

 

Նամակի գրության ժամանակ Պողոս առաքյալը արդեն քարոզել էր Քրիստոսի Ավետարանը «Երուսաղեմից սկսած մինչև Իլլիրիկիա»: Առաքյալը պատրաստվում էր իր՝ Երուսաղեմ ճամփորդությանը: Նամակի գրության նպատակներից մեկն է եղել նաև հող պատրաստել Հռոմ այցելության համար: Միաժամանակ Պողոս առաքյալը նպատակ է ունեցել նաև հաշտեցնել Հռոմի Եկեղեցու երկու բաղկացուցիչ մասերին`հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին և հուդայաքրիստոնյաներին: Վերջիններս 49 թվականին Կլավդիոս կայսեր հրովարտակով արտաքսվել էին և նույն կայսեր մահից հետո վերադառնալով Հռոմ՝ բախվել հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների սառը վերաբերմունքին, որոնք գերակշռող դիրք էին բռնել Հռոմի Եկեղեցում:

 

Հատկանշական է Պողոս առաքյալի նամակի վերջին հատվածը, որտեղ ասվում է. «Ջանացի ավետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրված, որպեսզի չլինի, թե կառուցեմ ուրիշի դրած հիմքերի վրա»:

 

Աղբյուր`Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի

Արմեն Չաքմիշյան

  • 2022-12-08
×