Հայ մեծերի խոհերն ու մաղթանքները Ամանորի կապակցությամբ

Հայ մեծերի խոհերն ու մաղթանքները Ամանորի կապակցությամբ

Համո Սահյան

 

1988 թ., դեկտեմբերի 31

Նոր տարի է գալիս։ Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների և կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար։

Ուզում եմ շնորհակալության ու շնորհավորանքի խոսքեր գտնել իմ ժողովրդի փետրվարյան խիստ ու խելոք ընդվզումների համար, դարավոր ստրկության վախից ձերբազատվելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության և միաբանության նրա աստեղային ժամի համար…

Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին և բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՛ր Նոր տարի։

 

 

Ավետիք Իսահակյան

 

1956 թ. տարեմուտի գիշերը Երևանի ռադիոն եթերային ալիքներով սփյուռք հասցրեց Վարպետի մաղթանքը:

Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այս Նոր տարվա շեմին հոգեկան քաղցր հաճույք եմ զգում՝ ողջունելու ձեզ բոլորիդ և բարեմաղթանքներ անելու:

Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն, սեր միմյանց հանդեպ: Աշխատե՛ք և մի՛ հուսահատվեք: Սիրեցե՛ք հայրենիքը, մայրենի լեզուն, մայրենի գրականությունը:

Բա՛րձր պահեցեք ազգային արժանապատվությունը: Անաղա՛րտ պահեցեք ազգային լավագույն ավանդները:

Թող ապրի և զորանա Հայաստանը՝ մեր բոլորի սիրելի և պաշտելի հայրենիքը:

Սրտիս բոլոր ջերմությամբ շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին, իմ սիրելի՛ քույրեր և եղբայրներ:

 

 

Վահրամ Փափազյան

 

Սիրելի՛ և թանկագի՛ն մարդիկ, ինձ խնդրել են շնորհավորական մի քանի խոսք ասել Նոր տարվա առթիվ: Եվ նախքան գրիչս ձեռքս առնեմ, հիշեցի մեր հինավուրց ասացվածքը, թե մեր տունը նեղ է, այո՛, բայց սրտներս  է  լայն: Եվ այդ լայն սրտի շնորհիվ է, որ ավելի քան հազարամյակներ մեր ժողովուրդը ոչ միայն կարողացել է ապրել, այլև հակառակ անհուն տառապանքների՝ իր տունն ապրելու համար նեղ անել, հյուրի համար տեղ անել՝  հավաքելով ցաքուցրիվ հայերին, տուն բերել ու տունը մեծացնել: Լցնենք, ուրեմն, մեր խոպան ու անմարդաբնակ վայրերը շեն գյուղերով, հարուստ քաղաքներով, առանց կառուցման մի թիզ ազատ հող չթողնենք մեր Հայաստանի պայմաններում, որ իրավունք ունենանք մեծ տան մասին խոսելու: Եվ ես, հանուն այդ երջանիկ օրվա, լցնում եմ բաժակս մեր հողի ու արևի տված գինով ու խմում ձեր բոլորի կենացը՝ Հայաստանի աշխատող, խելացի և քաղցր ժողովրդի կենացը:

 

 

Պարույր Սևակ

 

Սիրելի՛ ազգակիցներ, երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավո՛ր հարազատներ:

Գալիս է Նոր տարին՝ Կաղանդը՝ Ամանորը:

Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն, թող նա գա նախևառաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար, աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:

Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:

Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:

Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:

Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:

Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը, և փշաքաղվում է մեր մաշկը...

 

 

Երվանդ Քոչար

 

1966 թ., դեկտեմբեր

Մեր դարում, մեր օրերում մաղթանքներ անել շատ դյուրին բան է, քանի որ մարդանց սրտերում մի իղձ և ցանկություն կա: Եթե միլիոնավոր հայերին խնդրենք իրենց սրտի մաղթանքը անեն 1967 թ., բոլորը միաձայն և ներդաշնակ կբացականչեն. «Թող 1967 թիվը լինի խաղաղության տարի, թող կորչի մեր երկրից պատերազմը»: Այո՛, չարը կորչի, և բարին բուն դնի ոչ միայն մեր սրտերում, այլ բոլոր մարդկության սրտերում, աշխարհից վերանան թշնամությունը, ատելությունը և պատերազմը:

Մեզ՝ հայերիս համար միակ ցանկալին և երանելին խաղաղությունն է: Մենք փոքրաթիվ, փոքր ազգ ենք, մեր գոյության իմաստն ու առավելությունը մեր տաղանդն է, որ իրավունք է տալիս մեզ մեծի՝ բազմամիլիոն ազգերի շարքին կանգնել և ապրել այս արևի տակ: Դրա համար մաղթում եմ, որ 1967 թիվը լինի հայ ժողովրդի համար առավել բեղմնավոր և ստեղծագործ տարի: Թող շատանան տաղանդավոր և ձեռներեց հայեր բոլոր ասպարեզներում, և հայ անունը լինի դրոշակ ազգերի հառաջադիմության, արվեստի և գիտության բոլոր բնագավառներում:

 

 

Մարտիրոս Սարյան

 

1966 թ., հունվարի 1

Ամեն նոր տարի շատ նոր բարիքների հետ միասին նոր խոսք է բերում, բայց ուժի մեջ թողնում մեր նախնիների ստեղծած դարերի փորձով  ու սերունդների իմաստությամբ ստուգված խոսքերը: Հայ մարդը միշտ Նոր  տարին դիմավորելիս գինու բաժակը առել է ձեռքը, շշնջացել է՝ «խաղաղություն աշխարհին»: Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել: Նա աշխարհին Խորենացի ու Շիրակացի է տվել, Զվարթնոց ու Աղթամար է կերտել, բարձրացրել միջնադարի փառքերից մեկը՝ Անի մայրաքաղաքը, որը, իրավամբ, տիեզերական քաղաք է կոչվել: Այդպես է եղել դարերի ընթացքում, այդպես եղավ նաև մեր դարում, երբ հայ ժողովուրդն իրեն վիճակված մեծագույն ողբերգությունից հետո՝ բզկտված ու արյունածոր, նորից ոտքի ելավ, հավատարիմ իր նախնիների ավանդին՝ սկսեց նոր քարեր դնել իր մշակույթի հին շենքին, զարգացնել իր գիտությունը, գրականությունը, արվեստը:

Խաղաղություն աշխարհին և աշխարհի հետ՝ Հայաստանին, որ հայ ժողովրդի ընդերքում եղած ստեղծագործական հորդառատ ուժերը նոր հրաշքներ գործեն, որ էլ առավել ծաղկի Հայաստանը, իր գրկում հավաքի աշխարհով մեկ ցրված տարագիր զավակներին, որ հավետ հնչի քաղցր ու սրտաբուխ հայոց լեզուն:

 

 

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-07
×