Ծննդյան տոներին ամեն ոք՝ մեծ թե փոքր, սկսում է հավատալ հրաշքների, փորձում իր հոգատարությունն ու ուշադրությունն արտահայտել նվերներով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու ավանդույթը ծնունդ ունի ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին. «Եվ երբ այն տունը մտան, տեսան Մանկանը Իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին Նրան և բանալով իրենց գանձատուփերը՝ Նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս Բ 11):
Ավանդույթը մեր օրերում պահպանվել է նույնությամբ. ամեն տարի Ամանորի գիշերը Ձմեռ պապը այցելում է ընտանիքներ՝ նվերներ փոխանցելու:
Բայց ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, ինչպե՞ս է, որ տարբեր երկրներում նա ունի տարբեր անուններ:
Նա, ում մենք Ձմեռ Պապ ենք անվանում, աշխարհին հայտնի է Սանտա Կլաուս անվամբ:
3-րդ դ. վերջին Փոքր Ասիայում ապրել է մեծ գթասրտությամբ և հրաշագործության շնորհով օժտված մի մարդ՝ սուրբ Նիկողայոսը, ում կոչում էին նաև «Սքանչելագործ»: Նա մեծ խնամք էր տանում աղքատների, հիվանդների, բանտարկյալների, որբերի և այրիների նկատմամբ:
Իր հրաշալի արարքով սուրբ Նիկողայոսը սկիզբ է դնում Սուրբ Ծննդյան տոներին կոշիկների կամ գուլպաների մեջ նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին: Սուրբ Ծննդյան տոնին նախորդող երեկոներին նա գաղտնի կերպով կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում, որոնք ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Հետագայում նրան շատ պատահաբար բացահայտում է մի դռնապան, որ ճանաչում է Նիկողայոս եպիսկոպոսին՝ պարկը ձեռքին դռնեդուռ շրջող ճերմակազգեստ ծերունու կերպարում թաքնված:
Տարիների ընթացքում սկսեցին նվերներ ստանալ ոչ միայն աղքատները, այլև Սուրբ Ծնունդը նշող բոլոր մարդիկ:
Ահա թե ով է իրականում Սանտա Կլաուսը, այլ կերպ ասած՝ Սանտա Նիկոլաուսը:
Թեև ամեն ազգ ունի իր «սեփական» Ձմեռ պապը, այնուամենայնիվ, նրանց բոլորի նախատիպերը քրիստոնեական սրբերն են: Եվ նվերներ ստանալիս երեխաներն իրենց երախտագիտությունը հայտնում են Աստծո բարեխոսին կամ հենց Տեր Աստծուն:
Հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպարը Կաղանդ պապն է կամ Մեծ Պապուկը: Նա դարձյալ մորուքով էր, գլխարկով, նվերների պարկով, ինչպես Սանտա Կլաուսը, բայց ավանդական հայկական գույներով: Պապը գալիս էր ոչ թե հյուսիսից, այլ տնից, և երեխաները նույնիսկ գիտեին, թե ով է թաքնված Մեծ Պապուկի կերպարի տակ: Երեխաները արտասանում կամ երգում էին Պապի համար, ինչից հետո միայն Պապը տալիս էր իր պատրաստած նվերները: Կաղանդ պապը, ի տարբերություն Սանտայի, ինքն էլ երգում, պարում, ուրախանում էր մանուկների հետ՝ տոն դարձնելով նրանց օրը:
Չնայած այն հանգամանքին, որ Ձմեռ պապը, Կաղանդ պապը և Սանտան ունեն տարբերություններ, նրանց միավորում է աշխարհը երջանկացնելու և բարություն տարածելու գաղափարը: Ի վերջո, նրանց շնորհիվ է, որ մինչ այսօր շատերս հավատում ենք Սուրբ Ծննդյան հրաշքին:
Պատրաստեց
Մարիետտա Խաչատրյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ