Կիլիկյան դպրոցի հռչակավոր ծաղկող Սարգիս Պիծակի մանրանկարներից մեկը՝ «Ծնունդը», ընդգրկում է և՛ Քրիստոսի Ծնունդը, և՛ հովիվների ու մոգերի երկրպագությունը, և՛ Մանուկ Հիսուսին լողացնելու դրվագը, և՛ նստած Հովսեփին: Սարգիս Պիծակը գտել է համադրության այնպիսի բացառիկ եղանակ, որ, ասենք, բոլոր դեպքերը պտտվում են Աստվածամոր և Մանուկ Հիսուսի շուրջ: Մանրանկարիչը ասես նշան-պատկերների պտույտով ցանկացել է կարևորել հենց Սուրբ Ծնունդի գաղափարը: Սարգիս Պիծակի այս մանրանկարն առիթ դարձավ, որ զրուցենք Մատենադարանի գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի հետ:
Խորհուրդ մեծ և սքանչելի
-Ոճական ու գեղագիտական ի՞նչ առանձնահատկություններով են աչքի ընկել հայ մանրանկարիչները սուրբծննդյան խորհրդապատկերները վրձնելիս:
-Սուրբ Ծննդյան լոգանքի տեսարանի կոնքում ջրի մեջ պատկերվող մանուկը նույն ընդհանուր տեսարանի նույն գունապատկերային համապատկերում ներկայացվում է և Մկրտության տեսարանում: Պատկերման այս վերջին ձևը մեծ վարպետություն է պահանջում և հայ միջնադարյան մանրանկարչության մեջ իր գեղարվեստական բարձրակետին է հասել Թորոս Ռոսլինի՝ Մալաթիայի Ավետարանի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության մանրանկարներում: Ինչպես նշում են միջնադարյան հեղինակները, որքան հրաշափառ էր Հիսուսի Հարությունը, այնքան էլ պարզ և հասարակ էր նրա Ծնունդը բեթղեհեմյան այրում, բայց և խորհրդավոր ու անմեկնելի:
Մովսես Խորենացին Սուրբ Ծննդյան շարականում գրում է.
Խորհուրդ մեծ և սքանչելի,
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս՝
Տան աւետիս աշխարհի:
Հոգևոր այս խորհուրդն ունեն և Սուրբ Ծննդյան մանրանկարները: Ինչպես որ միջնադարյան մեկնություններում է ասվում, թե Քրիստոս երկիր իջավ, որպեսզի մարդը երկինք բարձրանա, այնպես էլ Սուրբ Ծննդյան մանրանկարներում աստղի՝ բեթղեհեմյան քարայրին իջնելը խորհրդանշում է երկնքից երկիր իջնելը և նույն ձևով Սուրբ Ծննդյան այրի մինչև երկինք ելնելը:
Ծննդյան մանրանկարների կենտրոնում բեթղեհեմյան քարայրն է, որի ներսում՝ մսուրում, դրված է նորածին Հիսուսը, մսուրի մի կողմում Աստվածամայրն է, իսկ մյուս կողմում՝ եզը և ավանակը:
Մանրանկարների կենտրոնում գտնվող բեթղեհեմյան այրի մեջտեղում կիսաթեք պառկած Տիրամայրն է: Մարիամը սովորաբար ներկայացվում է նստած կամ հենված թագավորական գահը խորհրդանշող կարմիր բարձին: Արքայականի նույն իմաստն ունի նաև Տիրամոր հանդերձներում իշխող կարմիրը, քանի որ Տիրամայրը, իր մեջ կրելով, ապա և գրկում պահելով, որպես գահ ծառայեց մարդկության փրկչի համար:
Ավետարանում ասվում է, որ Հիսուսի ծնվելուց հետո Մարիամը «խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ» (Ղուկ. Բ 7): Մովսես Խորենացու Սուրբ Ծննդյան շարականում այս մասին ասվում է.
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ:
Մսուրում Հիսուսի մոտ պատկերվում են նաև եզ ու ավանակ: Համաձայն ավանդության՝ վերջիններիս շունչը ծառայել է նորածին Մանկանը տաքացնելու համար: Միաժամանակ, այս կենդանիներով այլաբանորեն ակնարկվում են Եսայու մարգարեության հետևյալ տողերը. «Եզն իր Տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր Տիրոջ մսուրը» (Եսայի Ա 3):
Մատթեոսի Ավետարանում ասվում է, որ Արևելքից եկած մոգերը, երկրպագելով նորածին Հիսուսին և «բանալով իրենց գանձատուփերը», Նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս (Մատթեոս Բ 11):
Առանձնակի հոգևոր խորհուրդ է հաղորդվել մոգերի՝ թվով երեքը լինելուն, որը, ըստ միջնադարյան մեկնիչների, խորհրդանշում է մարդկության երեք հասակները, ինչպես նաև՝ Նոյի երեք որդիներից սերված երեք ժողովուրդներին: Մոգերի երկրպագության հետևողությամբ նաև ասվում է, որ հովիվները ևս բերեցին իրենց ընծաները նորածին Մանկանը, որի համար մանրանկարներում հանդիպում է նաև ոչխարներ ու գառներ գրկած հովիվների տարբերակը:
Մանրանկարների ստորին մասում՝ քարայրի ձախ կողմում, պատկերվում է նստած Հովսեփը: Նրա այս մեկուսի վիճակով մանրանկարիչները շեշտում են, որ Հովսեփը չի Հիսուսի հայրը:
Լողացման տեսարանում Մանկանը լողացնող երկու կանանցից մեկը ձեռքը զգուշությամբ ընկղմել է ջրի մեջ՝ ստուգելու տաքությունը, որ այն հանկարծ շատ տաք չլինի և չվնասի Մանկանը:
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ...
-Պարո՛ն Դևրիկյան, որպես մեր միջնադարյան հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող գիտնական՝ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Սուրբ Ծննդյան տոնը:
-Քրիստոնեությունը ոչ միայն փրկագործող հավատ է, այլև բարոյական արժեհամակարգ՝ խարսխված համամարդկային անանց հասկացությունների վրա: Ըստ այսմ, Սուրբ Ծնունդը ինձ համար քրիստոնեական արժեքների և ավետարանական պատգամների նորոգությունն է:
Ընթերցելով մեր եկեղեցու հայրերի՝ Սուրբ Ծննդյանը նվիրված քարոզները և մյուս գործերը, տեսնում ենք, թե այս տոնն իր մեջ նաև ինչպիսի սոցիալական մեծ խորհուրդ է կրում: Ընդհանրական եկեղեցու հայրերը հատկապես ընդգծել են այն հանգամանքը, որ Քրիստոս պալատում չծնվեց, այլ անշուք մսուրում, որ Նրան մեծահարուստները չեկան երկրպագելու, այլ հովիվները, արքայական երգչախմբի և ծնծղաների ձայնը չթնդացրեց Բեթղեհեմը, այլ պարզ և անշուք սրնգահարների մեղեդիները միախառնվեցին հրեշտակային օրհներգությանը:
-Ձեր ուղերձն ու մաղթանքը մեր աշխարհասփյուռ ազգին:
-Մաղթենք, որ մեր կյանքն ալեկոծող հիվանդագին բոլոր դրսևորումները Սուրբ Ծննդյան ավետիսով ցրվեն ու անէանան, և 2020 թվականը իրապես դառնա սիրո և հանդուրժողականության տարի, մեր երկրի վերաշինության և իրական քրիստոնեական արժեհամակարգով հզորանալու, աշխարհասփյուռ հայության համար Սուրբ Էջմիածին՝ որպես Հայոց Բեթղեհեմին կենդանի հաղորդակցության տարի:
Պատրաստեց
Հասմիկ Պողոսյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ