XIX դարավերջի և XX դարասկզբի արևելահայ հասարակության մեջ հասունանում էր նոր, ժողովրդական լեզվով երաժշտական-բեմական գործ ստեղծելու գաղափարը: Իշխանուհի Մարիամ Թումանյանի փափագն էր լսել հայկական օպերա, որի թե՛ բովանդակությունը, թե՛ երաժշտությունը կբխեին ազգային-ավանդական ակունքներից: Գեղարվեստական նման բարձրարժեք երկի ստեղծման համար նա տեսնում էր երկու հանճարների՝ Կոմիտաս Վարդապետին և Հովհաննես Թումանյանին, որոնք իրենց ստեղծագործություններում մշտապես հավատարիմ էին ժողովրդական ակունքներին:
1904 թ. հունվարին Մարիամ Թումանյանը Կոմիտասին է ուղարկում Թումանյանի «Բանաստեղծություններ» գիրքը (Թիֆլիս, 1903 թ.)՝ առաջարկելով օպերա գրել «Անուշ» պոեմի հիման վրա: Կոմիտաս Վարդապետը մեծ խանդավառությամբ է ընդունում իշխանուհու առաջարկը, քանի որ Թումանյանի «Անուշը» բովանդակային և կառուցվածքային առումով օպերայի կատարյալ նյութ էր: Օրեր անց՝ հունվարի 22-ին, Կոմիտասը Էջմիածնից պատասխան նամակ է հղում իշխանուհուն, որտեղ նշվում է հետևյալը. «Շնորհափա՛յլ Իշխանուհի, ուրախութեամբ կարդացի պ. Յ. Թումանեանի «Անուշը» եւ շա՛տ անուշ գտայ, պատրաստ եմ Ձեր փափագն իրագործելու»:
1905 թ. օպերայի որոշ հատվածներ արդեն պատրաստ էին: Երաժշտական ծրագրի մշակման համար անհրաժեշտ էր օպերայի լիբրետտոյի պատրաստումը, որը տարբեր պատճառներով հետաձգվում էր: Մինչև 1909 թ. Կոմիտասն «Անուշ» օպերայի ստեղծմանն ուղղված զգալի աշխատանք է իրականացնում՝ որոշ արիաների մշակումներով և սցենարային նշումներով: Կոմիտասի «Անուշը» լինելու էր բացառապես հայկական ժողովրդական օպերա:
1908 թ. դեկտեմբերին Թումանյանի բանտարկման պատճառով ընդհատվում են օպերայի մշակման համատեղ աշխատանքները: 1909 թ. փետրվարի 14-ին Մարիամ Թումանյանին ուղղված նամակում Կոմիտասը վշտացած գրում է. «... էլի կիսատ մնաց «Անուշ»-ի երգական խմբագրութիւնը: Յոյս ունէի, որ կու գար այս տօներուն, և վերջ կու տայինք, այդ ալ այդպէս մնաց…»:
Կոմիտաս Վարդապետը, այսպիսով, «Անուշ»-ով պետք է դառնար նաև հայ ազգային օպերայի ստեղծողը, որը սակայն ավարտին չհասավ:
Երկու հանճարների ստեղծագործական միությունը չի սահմանափակվում «Անուշ» անավարտ օպերայով: 1908 թ. ապրիլին Թումանյանի խոսքերով և Կոմիտասի երաժշտությամբ «Հասկեր» մանկական ամսագրում լույս է տեսնում «Կաքավի երգը»:
Կոմիտաս Վարդապետն ու Հովհաննես Թումանյանը հանդիպում էին Թիֆլիսի Բեհբության 50 հասցեում գտնվող Թումանյանի բնակարանում՝ 1899 թ. հիմնված «Վերնատուն» գրական ակումբում:
Այս հարկում էին հինգշաբթի և շաբաթ օրերին միմյանց հանդիպում ժամանակի ականավոր մտավորականներ Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Պերճ Պռոշյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Կոմիտասը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և այլ հայտնի գործիչներ: Հանդիպումների ընթացքում մտավորականները մտքեր էին փոխանակում, ընթերցում և քննարկում էին տարբեր հեղինակների գործեր, ինչպես նաև գրաքննադատության ներկայացնում իրենց գործերը:
Պատրաստեց
Սեդա Պարսամյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ