«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»։
Ղուկաս Բ 10-11
Ժամանակակից մարդը լուրերի սպառող է, ընդ որում՝ մինչև այն աստիճան, որ մեզնից շատերը իրենց մեկ օրն անգամ չեն պատկերացնում առանց լուրերի անվերջ հոսքն ապահովող համացանցի։ Այսօրվա մարդն արթնանալուց հետո առաջին բանը, որ անում է՝ ճշտելն է, թե ինչ է կատարվում աշխարհում։ Սոցիալական ցանցերն էլ, որոնք իդեալական հարթակ են լուրերի տարածման համար, մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել։
Ու թե մի պահ փորձենք ավելի ուշադիր լինել՝ հասկանալու՝ ինչ ենք սպառում, կտեսնենք, որ մենք գերազանցապես բացասական լուրերի, թշնամանքի, ատելության և անհուսության սպառող ենք։
Այսօրվա մարդը կարիք ունի բարի լուրերի, այնպիսի լուրերի, որոնք իսկական ավետիսի պես կհնչեն, որոնք օդը կհարստացնեն հրաշքի զգացողությամբ, կմաքրեն մեր հայացքը չարից, կսովորեցնեն մեզ չտագնապել, չվախենալ գալիքից և հույսով առաջնորդվել։ Լուր, որը կարող է փոխել մեզ, մեր հայացքը։ Քրիստոսի Ծննդյան լուրն այն միա՛կ Ավետիսն է, որն ունակ է լիցքավորելու մարդուն ողջ տարվա համար։ Փրկչի աշխարհ գալը նշելը պարզապես հերթական տոն չէ, ոչ էլ՝ դարերով եկող ավանդույթի պահպանում։ Այն ամենաիսկական բարի լուրն է, որի ողջ խորությունը և ուժն ըմբռնելը իսկական պարգև է յուրաքանչյուր մարդու համար։ Եվ զգալն ու գիտակցելը, որ կա վերը նշվածին հակադարձող մի երևելի ուժ, որի վրա կարող ենք հույս դնել, օրհնություն է` բառի լիարժեք և իրական իմաստով։ Հենց այդ ուժի աշխարհ գալն ենք տոնում ամեն տարի, ուժ, որն առաքվեց աշխարհ՝ չդադարող պատերազմների, անհուսության, տխրությունների ու կորուստների, չքավորությունների ու սնանկությունների մեր աշխարհ՝ հանուն մարդու, հանուն անհատի, հանուն մեն միակ հոգու, ով թե հավատ ունենա՝ կապրի։
Քրիստոսի աշխարհ գալը մարդուն պատահած ամենամեծ հրաշքն է և աստվածային սիրո չքնաղ վկայությունը։ Սա է, որ տոնում ենք մենք յուրաքանչյուր տարի, սա է, որ մեզ հնարավորություն է տալիս ամեն ինչ նորովի սկսելու, որովհետև Փրկչի աշխարհ գալը խորհրդանշում է հնի ավարտ, չարի պարտություն և նոր ճանապարհի սկիզբ, մարդու նորոգում ու վերադարձ դեպի բարին, վեհը, լուսավորը և ստեղծագործը։
Սուրբ Ծնունդը տոնելը կիմաստազրկվի, եթե չփորձենք տարվա յուրաքանչյուր օր ապրել՝ աշակերտելով Աստծո Որդուն։ Մեզ մոլորեցրել են այն համոզմունքով, թե այդպես ապրելը բարդ է, որ Քրիստոսի՝ աշխարհին ընծայած արժեքներով ապրելը մեծ ջանքեր է պահանջում, իսկ պատվիրանապահությունն ինքնին անհնարի ժանրից է։ Ո՛չ։ Մեզնից յուրաքանչյուրին տրված է բավարար քանակությամբ սեր և ուժ, որ կարողանանք աշխարհն ավելի բարի, ուրախ և հրաշքով լեցուն վայր դարձնել՝ սկսելով ինքներս մեզնից, մեր ներսից, ընտանիքից, համայնքից, քաղաքից, երկրից․․․ Ամեն բան սկսվում է փոքր քայլերից, փոքր հաղթանակներից, երբ կարողանում ենք չտագնապել գալիքի համար ու ագահ չլինել, փոխարենը լինել կիսող, նվիրող, պարգևող, երբ կարողանում ենք չզրպարտել ու քարեր չնետել այլոց վրա, այլ լինել արդարամիտ, ներող, օգնող ու պաշտպանող, երբ մեր ողջ ուշադրությունը սևեռում ենք ոչ թե բացասականի, տագնապի ու չարի վրա, այլ՝ բոլորովին հակառակի։ Այսպես է լավը բազմապատկվում, այսպես է խաղաղությունը սերմանվում, այսպես է սերը հաղթանակում։ Քրիստոսի աշխարհ գալը սիրո վերադարձն է մեզ, դա՛ ենք տոնում։ Սիրո մեջ է փրկությունը, մեր բոլորի շարունակականությունը, սիրո գոյությունն է Ավետիսը, բարի լուրը․․․ Եվ առանց դրա այս աշխարհը վաղուց վերածված կլիներ փլատակների, առանց սիրո աշխարհը վաղուց կուլ տված կլինեին բացասական լուրերը։ Այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք տոնել և ավետել միմյանց ամենակարևորի մասին:
Եվ թող մեզնից ամեն մեկը Քրիստոսի Ծննդյան լուրն ավետելիս նորոգվի աստվածային սիրով ու զգա այն զորակցությունը, որն ունի յուրաքանչյուր մարդ մի ամբողջ տարի բարի լուրերի հեղինակ դառնալու ճանապարհին։
Պատրաստեց
Անժելա Պողոսյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ