Մեսիա

Մեսիա

Մեսիա բառը (եբրայերեն՝ օծյալ, յուղով օծված) կիրառական բնութագրիչն էր հինկտակարանյան թագավորների: Հրեական պատկերացումներում թագավորը Աստծո ընտրյալ էր համարվում և որպես աստվածընտրյալության առհավատչյա՝ օծվում էր իբրև Տիրոջ օծյալ (հմմտ. Ա Թագավորաց ԻԴ 7): Այս բառն օգտագործվել է մատնացույց անելու համար օծյալ քահանաներին, ինչպես նաև ցույց տալու համար այն արարողությունը, որով քահանաները օծում էին Աստծուց որևէ առաքելության համար կանչված մարդկանց գլուխները: Այնուամենայնիվ, եբրայերեն Սուրբ Գրքում «mashiah» բառը առավել հաճախ կիրառվում է վաղ Իսրայելի թագավորներին նկարագրելու համար՝ հատկապես Դավիթ թագավորի հետնորդներին ներկայացնելիս: Իսրայելի մարգարեների միջոցով Աստված խոստացել էր, որ Իր ժողովուրդը պետք է ունենա Դավթի ժառանգ նրանց հավիտյան առաջնորդելու համար: Նա, Ով պիտի գար, լինելու էր Դավթի նման՝ Աստծո օծյալ, որը պիտի ազատեր Իսրայելը թշնամիներից և աշխարհի վրա սփռեր Աստծո արքայությունը: Ժամանակի ընթացքում հրեա ժողովրդի համար դժնդակ պատմական պայմաններին զուգընթաց այս եզրույթը վերագրելի է դառնում Դավթի տոհմից սերող մի ազատարարի, որը պիտի վերականգներ Դավթի իշխանության օրոք Իսրայելի վայելած ոսկեդարը: Եվ, առհասարակ, հրեական գրականության ու կրոնական ավանդության մեջ ակնհայտ է Մեսիայի գաղափարը՝ որպես Փրկչի գալստյան հաստատ համոզում և զորավոր հույս:

 

Այսպիսով, Մեսիայի գալստյան սպասումը առավել ընդգծվեց, երբ Պաղեստինը անցավ հռոմեացիների իշխանության տակ: Այդժամ Մեսիան նույնացվում էր այն ազատարարի հետ, որը պիտի հրեա ժողովրդին ազատեր հռոմեացիների տիրապետությունից: Նորկտակարանյան դեպքերը արդեն Մեսիայի կոչումը վերագրում են իբրև մարդկության փրկիչ լույս աշխարհ եկած Աստծո միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Մատթեոսի Ավետարանում վկայվում է, որ Պետրոս առաքյալը, արտահայտելով ժամանակի առկա հավատամքը, Հիսուս Քրիստոսին նույնացնում է երկար սպասված Մեսիայի հետ (հմմտ. Մատթեոս ԺԶ 16):

 

Սակայն քանի որ մարգարեները Մեսիային պատկերում էին Դավթի նման ռազմիկ-թագավոր, հերոս, ում Աստված պիտի ընտրեր որպես Իր ներկայացուցիչ համաշխարհային խաղաղություն հաստատելու համար, Մեսիան ուրվագծվում է նախ և առաջ որպես քաղաքական կերպար: Այնուամենայնիվ, ի հեճուկս հրեից երկրային բաղձալի ազատագրության ակնկալիքներին՝ Քրիստոս ամենևին հանձն չառավ «Մեսիա» լինելն այդ իմաստով: Այլ, ընդհակառակը, երբ Պետրոսը ընդունում է, որ Հիսուս հենց սպասված Մեսիան է, Քրիստոս նախ պատվիրում է այդ մասին ոչ ոքի չասել և ապա սկսում է բացատրել Իր աշակերտներին, որ Ինքը պիտի չարչարվի ու սպանվի հենց հրեա ժողովրդի կողմից (հմմտ. Մարկոս Ը 29-31): Չնայած որ հրեաների համար խաչված Մեսիայի գաղափարը մինչև իսկ վարկաբեկիչ կարող էր թվալ, այնուամենայնիվ, անհերքելի է Հիսուսի մեսիականության և Եսայի մարգարեի նկարագրած չարչարվող ծառայի կերպարի միջև առկա կապը (հմմտ. Եսայի ԾԳ 3-6): Ուստի բնավ պատահական չէ, որ քրիստոնեական տեսակետը, համաձայն որի՝ Հիսուս Նազովրեցին սպասված Մեսիան է, չընդունվեց հրեաների կողմից: Հրեաները մասնավորապես մատնացույց էին անում փաստեր, համաձայն որոնց՝ Քրիստոս Իր լրումին չհասցրեց այն բոլոր մարգարեությունները, որոնք Իսրայելի մարգարեները կանխասել էին Մեսիայի մասին. Նա չփրկեց Ուխտի ժողովրդին իրենց հեթանոս թշնամիներից, չվերականգնեց Դավթի թագավորությունը, չհաստատեց տիեզերական խաղաղություն և այլն (հմմտ. Եսայի Թ 6-7, ԺԱ 7-12): Հրեաներին իրենց կեղեքիչներից ազատելու և հետևաբար Աստծո խոստումը իրականացնելու փոխարեն Հիսուս մահանում է «ամոթալի» մահով: Մեսիան պիտի հաղթեր, սակայն պարտվում է քաղաքական իշխանություններին: Ուստի պատահական չէ, որ Հիսուսի խաչելությունը դարձավ գայթակղության քար Սուրբ Գրքին գիտակ հրեաների համար (հմմտ. Ա Կորնթ. Ա 23): Վերջիններիս համար այս ձևով իր վախճանին հասած Քրիստոս չէր կարող ունենալ մեսիական կարգավիճակ:

 

Իսկ ահա Մեսիայի իրական պատկերը պարզեիպարզ արտացոլված է Ավետարանում, ուր Քրիստոս, Ով քարոզում էր, թե «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ. ԺԸ 36), ի պատասխան քահանայապետի տված հարցին՝ «Դո՞ւ ես Մեսիան, Օրհնյալ Աստծու Որդին», պատասխանում է. «Ես եմ»: Հիսուսի մեսիական առաքելության մասին գեղեցկագույն վկայություն են Պետրոս առաքյալի՝ Պենտեկոստեի օրը խոսած քարոզն ու կոչը՝ ճանաչելու, որ «Հիսուս Նա է, Ում Աստված Տեր և Մեսիա է սահմանել» (հմմտ. Գործք Բ 36):

 

Պատրաստեց 

Նարեկ Կարապետյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-07-08
×