Կեսարիան Օսմանյան կայսրության հնագույն և մեծ բնակչություն ունեցող բնակավայրերից է:
19-րդ դ. կեսերին Կեսարիայի ազգաբնակչության մեծամասնությունն արդեն կազմում էին թուրքերը, իսկ քրիստոնյաները` հայերը և հույները, հիմնականում դարձել էին թրքախոս: Թուրքերի կողմից կեսարացիները որակված են եղել որպես «քրիստոնյա թուրքեր»:
Կեսարացիների նպատակն էր իրենց տուն կառուցելուց առաջ կառուցել եկեղեցի, եկեղեցու մեջ դպրոց հաստատել, երեխաներին հայերեն սովորեցնել ու հայեցի դաստիարակություն տալ:
Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը, որը կեսարացի չէր, այսպես էր նկարագրել Կեսարիան. «Հայութեան կերպասին ամենէն ոսկեհուռ կտորը»:
Կեսարիայի կրթական գործում մեծ դերակատարություն ունի Սուրբ Կարապետ վանքի բարձրագույն վարժարանը:
Սուրբ Կարապետ վանքը գտնվում է Կեսարիա քաղաքից հյուսիս-արևմուտք բարձրադիր մի վայրում՝ Սուրբ Խաչ լեռան հարևանությամբ, և շրջապատված է պաշտպանական պարիսպներով:
1868 թ. Կ. Պոլսի կեսարացիները Ս. Կարապետ վանքում գիշերօթիկ վարժարան բացելու նպատակով հիմնում են «Կեսարիոյ Ս. Կարապետի Վանուց Ուսումնասիրաց Ընկերութիւնը» և այն վավերացնելու են տալիս պատրիարքարանին:
1888 թ. մայիսի 10-ին Տրդատ եպիսկոպոս Պալյանի գլխավորությամբ 16 աշակերտներով հաջողվում է վանքում բացել ուսումնարան և բարձրագույն վարժարան, որը Արշակ Ալպոյաճյանի խոսքերով՝ «պիտի ըլլար Փոքր Ասիոյ համար ընդհանրապէս եւ Կեսարիոյ համար մասնաւորապէս, փարոս մը, որ 27 տարիներ կրթութիւն եւ ուսում պիտի տար հարիւրաւոր պատանիներու»:
Որոշ ժամանակ անց աշակերտության թիվը հասնում է 20-ի: Տրդատ եպիսկոպոս Պալյանը իր ձեռքն առավ հայատառ թուրքերենով հանձնարարագիրը, որով պետք է աշակերտները պարտավորվեին դառնալ վարդապետ, քահանա կամ ուսուցիչ:
Պոլսեցի Հովհաննես և Մկրտիչ Եսայան եղբայրները 7 տարվա համար 1000 ոսկի նվիրատվություն են անում, որի դիմաց պահանջում, որ այդ 20 ուսանողները իրենց հոր՝ Գևորգ աղայի անունով կոչվեին Գևորգ Եսայան սաներ:
Տրդատ եպիսկոպոս Պալյանի վարժարանի տեսուչի պարտականությունները ստանձնելուց հետո վարժարանը զարթոնք ապրեց և դարձավ ազգային կրթության և դաստիարակության կենտրոն ամբողջ Կեսարիայում, դպրոց, որտեղ հաճախում էին ոչ միայն կեսարացիներ, այլև հարևան գավառներից, Սև և Միջերկրական ծովափնյա շրջաններից ու Կ. Պոլսից եկած բազմաթիվ աշակերտներ:
1891-1892 թթ. ուսուցչական կազմը ավելի մեծացավ և ամրապնդվեց: Վարժարանն ուներ իր գրական միությունը, որտեղ աշակերտները հմտացնում էին խոսելու, գրելու և արտասանելու ունակությունները:
1893 թ.հունվարի 28-ին Պալյանին հաջողվեց ձեռք բերել արտոնագիր, որով Կրթության նախարարությունը Սուրբ Կարապետ վարժարանը ճանաչեց «մեքթեպի իտատի և ալի»` երկրոդական և բարձրագույն դպրոց թուրքական կրթության համակարգում: Դպրոցի կրթական կյանքն այնքան հագեցած է եղել, որ բազում հայ ընտանիքներ գերադասել են իրենց ամառային արձակուրդներն անցկացնել դպրոցի՝ հյուրերի համար նախատեսված սենյակներում: Ժամանակաշրջանի ամենահայտնի հոգևորականները, եպիսկոպոսները այստեղ են կրթություն ստացել:
Տրդատ Պալյանը վարժարանին կից հիմնել էր նաև թանգարան, բարելավել և համալրել մատենադարանը և գրադարանը:
Տրդատ եպիսկոպոս Պալյանը ոչ միայն Ս. Կարապետի վարժարանի հիմնադիրն էր, այլև մշակել և իրականացրել էր կրթության միասնական մի համալիր ծրագիր իր առաջնորդական վիճակում` Կեսարիայի ողջ նահանգում:
Պալյանի ղեկավարությամբ գործող վարժարանի շնորհիվ թրքախոս Կեսարիայում վերականգնվեց ոչ միայն ազգային ինքնագիտակցությունը, այլև իր գոյությամբ այն նվազեցրեց հայ մանուկների հաճախումը այլադավան, օտար դպրոցներ:
Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոսը 1913 թ., այցելելով Կեսարիա, հետևյալ արտահայտությունն է արել. «Մեր բոլոր վանքերուն մէջ, ամէնէն ուշագրաւներէն մէկն այսօր առաւելապէս իբրեւ կրթական հաստատութիւն, որ առողջ եւ գոհացուցիչ կրթութիւն եւ ուսում կը բաշխէ 26 տարիներէ ի վեր իր շրջավայրի հայութեան...»:
Տրդատ եպիսկոպոս Պալյանի պաշտոնավարումից հետո վարժարանը ղեկավարել է Վահան Թեքեյանը (1913-1914 թթ.):
1915 թ. թուրքական կառավարության ջարդարար գործողություններից անմասն չմնաց նաև Սուրբ Կարապետ վանքի վարժարանը:
Պատրաստեց
Քրիստինե Նաջարյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ