Կդիմանա՞ քո սերը

Կդիմանա՞ քո սերը

«Սերը երկայնամիտ է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»:

(Ա Կորնթ. ԺԳ 4-7)

 

Զարմանալի է, որ Պողոս առաքյալը սիրո գոհաբանական երգում փառաբանում է այն, ինչից սերը հաճախ ձեռնպահ է մնում: Նա սկսում է հետևյալ բառերով. «Սերը երկայնամիտ է» և ավարտում «Սերը ամեն բանի համբերում է»: Ըստ էության, սա գրեթե նույն բանն է: Բայց մեզ համար ավելի բնական և ընկալելի է խոսել այն մասին, թե ինչեր կարող է անել սերը, այլ ոչ թե այն մասին, թե ինչին կարող է դիմանալ: Իսկապես որ, ինչո՞ւ չերգել նրա մեծագույն սխրանքների մասին, նրանով հաղթահարվող խոչընդոտների, այն բոլոր հրաշքների, որոնք տեղի են ունենում նրա շնորհիվ:

 

Ոգևորության և ոգեշնչման պահերին մենք պատրաստ ենք ցանկացած զոհաբերության, սակայն իրական սխրագործության մեծությունը այն դժվարին, խավար և աննկատ աշխատանքի մեջ է, որը անտեսանելի է մարդկանց հայացքից: Ճշմարիտ սիրո փորձաքարը խանդավառ հուզմունքի բովում չէ, որ ի հայտ է գալիս, այն ապացուցում է իր ուժը առօրյա կյանքում, ոչ մեկի կողմից չնկատված ջերմ, անտեսանելի արցունքներով, մենության մեջ արված աղոթքի և զոհաբերության միջոցով հոգևոր ուժգին պայքարից հետո:

 

Մի՞թե իրավացի չէ առաքյալը, երբ ճշմարիտ սիրո հատկություններից մեկը համարում է երկայնամտությունը:  Արդյոք կդիմանա՞ մեր սերը առօրյա չնչին նեղություններին, երբ տեսնենք մեզ սխալ ընկալված, անարդարացիորեն դատապարտված: Կհամբերե՞նք, երբ մեր հարցի դիմաց պատասխան չստանալով՝ հանդիպենք լուռ անտարբերության ու արհամարհանքի: Կդիմանա՞նք կատարյալ միայնությանը, բոլորի կողմից մերժված լինելուն: Եթե նույնիսկ այդ ժամանակ մեր սերը չմարի, ապա այն իսկապես արժանի է Պողոս առաքյալի գոհաբանական երգին:

 

Պատրաստեց

Գայանե Մարգարյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-07-08
×