Մեր տունը

Մեր տունը

Արի՛ փորձենք կառուցել այն տունը, որը ՄԵՐՆ է…

Մեր տունը հայոց այբուբենի Գ տառի մեջ է – գիրք,

Մեր տունը հայոց այբուբենի Ձ տառի մեջ է – ձեռագիր,

Մեր տունը հայոց այբուբենի Մ տառի մեջ է – մատյան,

Մեր տունը հայոց այբուբենի Շ տառի մեջ է – շարական,

Մեր տունը հայոց այբուբենի Ա տառի մեջ է – Աստվածաշունչ,

Մեր տունը հայոց այբուբենի Ե տառի մեջ է – երգարան….

 

Այն   տունը, որն ամե՛ն տեղ է, ամե՛ն ինչում է, ամենքի՛ս գլխավերևում է, ամենքի՛ս ձեռքերի մեջ է ու եղունգներին, աչքերին իջնող հոգնա՛ծ թարթիչների թրթիռի ու երկա՛ր քայլելուց հոգնաբեկ մեր ծնկների թուլության մեջ է…

 

Արի՛ կառուցենք այդ տունը, որ հայոց այբուբենից է…

Մեր ՏՈՒՆԸ ճանապարհին է, բլուրի վրա, դաշտերի մեջ, ծիծեռնակի կանչի մեջ, կռունկի թևերի վրա, հասած ցորենի հասկի մեջ ու երեկոյան քամու շուրթերին է…

 

Մեր ՏՈՒՆԸ փոքրի՛կ չէ, մե՛ծ չէ, ծա՛նր չէ, խո՛րը չէ, լա՛յն չէ, երկա՛ր չէ. նա խորհրդավոր է ու գեղեցիկ, իմաստալից ու վառ գույներով զարդարված, նա խելացի՛ է ու անվե՛րջ, անվե՛րջ է ու անսահմա՛ն՝ իսկակա՛ն տիեզերք…

 

Մեր ՏՈՒՆԸ աշխարհում է արդեն վաղո՛ւց-վաղո՛ւց, նա ամեն տեղ է, ամենքի հետ է, ամենքի կողքին է՝ ամեն գնացողի, ամեն եկողի, կարոտով ամեն սպասողի, ամեն վաղամեռիկ կյանքի ու ամեն նորածնի հոգու մեջ է:

 

Մեր ՏՈՒՆը ե՛րգն է ապրողաց աշխարհում, որ գալիս է հեռվից, որ քաղցր է, մայրական, որ թովիչ է ու կախարդական, որ կարոտն է անհունի մեջ ու անանց գնացող սերն է, անմոռաց սերը… Ե՛րգն է հայիս    հոգու մասին, էն հոգու, որ ծխում է մեր դարավոր թոնրի ծխով ու թեև բուրում է լավաշի անմահ հոտով, բայց դեռ լացող մանկան ճիչ է՝ մոր շալակից, ա՛յն մոր, ով իմ աչքերում դեռ փախչում է էրգրից էրգիր…

 

Մեր ՏՈՒՆԸ քո աչքերի մեջ է, քո աչքերից ինձ եկող լույսի այն արտացոլանքում, որից հետ փախչող անիմանալին դառնում է պատկեր՝ մեր պատկերը, որ վերառնում ես քո վրձնի մանրահարվածներով ու թողնում իմ հայացքի առաջ՝ կախված երկնքից…

 

Մեր ՏՈՒՆԸ քո աչքերի մեջ է, ինձ եկող լույսի մեջ է, քո աչքերից փախչող այն հակինթների մեջ, որոնք մի առեղծվածով դառնում են գույն ու երանգ….

Մեր ՏՈՒՆԸ մեր աշխարհն է…

 

Մեր տունը քո վրձինն է, որից ծնվող փոքրիկ այն խրճիթում, որ կուչ է եկել   հեռավոր անկյունում, ես եմ ապրում… Դու նկարում ես ինձ, ու ես ծնվում եմ, ես ծնվում եմ քո վրձնի մեղմ շարժումից…

Մեր աշխարհը քո վրձինն է, որից նա ծնվում է՝ այդ աշխարհը, ինչպես երեխան՝ վառ վարդագույն, անօգնական ու այնքա՛ն թովիչ… Ու ճչում է – առաջին անգամ շնչում է…

 

Մեր աշխարհը քո վրձինն է, որից ծնվում են մանուշակներ երկնագուն, մանուշակներ՝   առաջին սիրո պես քնքուշ ու մանկամարդ, առաջին սիրո պես լցված դողէրոցքով ու ճերմա՛կ, ճերմա՛կ…

Մեր աշխարհը քո վրձինն է, որին թողել են անթիվ գույներ պոետները հայոց, նրանք, ովքեր մեռնում են՝ հոգիները չտանելով, հոգիները մեր տան պատերի տակ թողնելով, հոգիները մեր տան դռան շեմքերին թողնելով…

 

Պարզապես կառուցի՛ր, սկսի՛ր կառուցել, գործի՛ր…

Քար ու ավազ մի՛ բեր միայն, այլ մեր տունը կառուցի՛ր հայո՛ց այբուբենի տառերից:

 

Պատրաստեց

Էլինա Միրզոյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-07-08
×