Քրիստոսի ծննդյամբ երկրի վրա նոր ժամանակ սկսվեց: Նույնիսկ մեր թվարկությունը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծննդից:
Տարբեր ազգերի համար Տարեմուտը տարբեր օրեր են եղել: Ըստ հայկական օրացույցի՝ հայերի համար Տարեմուտը նշվում էր նավասարդի 1-ին: Այդ օրը Ք. ա. 2492թ.-ին Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանեց բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին և իր բոլոր հետևորդներին: Եվ հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով։ Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստը ստացան։ Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Ամանորը կոչվում է նաև Կաղանդ: Կաղանդ նշանակում է ամսագլուխ, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ հայերիս համար:
Այսօր բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ, քանի որ հունվարի 6-ին՝ Քրիստոսի ծնունդով, աշխարհը նոր սկիզբ ապրեց. Քրիստոս ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից: Հունվարի 1-ին՝ Փրկչի ծննդյան ամսվա առաջին օրը, եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:
Ըստ ժողովրդական սովորության, Ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:
Չնայած այն հանգամանքին, որ օրացույցում հունվարի 1-ը խորհրդանշում է տարեսկիզբը, այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի ու հասկանա, որ իր կյանքում սկիզբ ազդարարողը պետք է լինի միայն ինքը և իր կատարած բարի գործերը: Արդյո՞ք նոր տարում գործելու ենք միայն բարիք, և դառնալու ենք օրինակ մեզ շրջապատող մարդկանց համար:
Քանի որ քրիստոնեությունը Սեր է քարոզում, և Աստված Սեր է, ուստի այս նոր տարում փորձենք լինել մեր Հոր արժանի զավակները՝ քարոզելով, տարածելով Սեր, Բարություն և Քրիստոնեական առաքինություն: