«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, որոնք դառնությունը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառն» (Եսայի 5:20):
Հաճախ ականատեսն ենք լինում բարության քողով շղարշված չար արարքների: Այդ արարքները բարության քողով ծածկելով՝ ինքներս ենք դառնում չար գործի մասնակից, ընդ որում՝ հաճախ անգիտակցաբար: Չարին գիտակցաբար գործակցողը բնավ մեղք չի համարում բարին ստորացնելը և չարը գովելը: Այս մասին է Պողոս առաքյալի հետևյալ անդրադարձը. «Անհավատներին լծակից մի՛ եղեք բնավ: Ի՞նչ կապ կարող է ունենալ արդարն անօրենի հետ, կամ ի՞նչ նույնության եզր կարող է լինել լույսի ու խավարի մեջ» (Բ Կորնթ. 6:14-15):
Մեղավորության ճանապարհը գիտակցաբար ընտրողներն ու շվայտ կյանքով ապրողները հաճախ իրենց անցած ճանապարհն են լուսավոր համարում, մինչդեռ այդ ուղին չընտրածներինը՝ խավար: Եվ կան մարդիկ, ովքեր թեև ապրում են առաքինի կյանքով, սակայն պաշտպանում են նման մեղավոր անձանց ոչ թե նրանց փրկելու, ճիշտ ճանապարհի բերելու, այլ իրենց մեղքի մեջ խրախուսելու համար: Նման անձանց մասին Պողոս առաքյալն ասել է. «Եվ գիտենալով Աստծո դատաստանը, թե այդպիսի բաներ անողները մահվան են արժանի, ոչ միայն իրենք են անում այդ բաները, այլ հավանություն են տալիս անողներին» (Հռոմ. 1:32): Եվ դեռ չեն եկել այն մտքին, որ չարի ծուղակները կարելի է հեշտորեն նկատել Տիրոջ խոսքի միջոցով և ճիշտ ուղին ընտրելու համար հարկ է միայն մեր սիրտը բացել նրա լույսի առաջ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105):
Սուրբ Անտոն Մեծը բարին չարից, քաղցրը դառնությունից չտարբերակելու արգելքը համարում է յոթ մահացու մեղքերից առաջինը՝ հպարտությունը: Սուրբը նշում է, որ նմաններին օդում գտնվող չար ուժերը դրդում են լաց լինել, երբ հարկ է ուրախանալ, և ծիծաղել, երբ հարկ է լաց լինել:
Ուստի չարի խարդախ դավերից զերծ մնալու համար անհրաժեշտ է քայլել դեպի Լույսը, հետևել Բարուն և ճաշակել իրական Քաղցրությունը: «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:11):
Վիկտորյա Մարկոսյան