Գործք Առաքելոցի և Ղուկասի Ավետարանի հեղինակը նույն անձն է, ինչը հստակ երևում է երկերի նույն բառապաշարից, ոճից, գաղափարներից, ինչպես նաև երկու երկերի նույն անձին`Թեոփիլոսին ուղղված լինելուց: Այս երկու երկերը կազմում են մեկը մյուսի շարունակությունը, ինչն առավել ակնհայտ է դառնում Ղուկասի Ավետարանի վերջում և Գործք Առաքելոցի սկզբում զետեղված Հիսուսի համբարձման պատմությամբ: Թեպետ ձեռագրական ավանդության մեջ չկա այդպիսի փաստ, սակայն այդուհանդերձ շատ հեղինակներ հակված են մտածել, որ այս երկու գրքերը նախկինում եղել են մեկ ընդհանուր գիրք, որոնք միայն հետագայում են բաժանվել երկու մասի:
Հարկ է նշել, որ Ղուկասի՝ այս երկի հեղինակ լինելը ընդունվում է ինչպես հին եկեղեցական ավանդության, այնպես էլ ժամանակակից ուսումնասիրողների կողմից, չնայած որ արտահայտվել են որոշ հակադիր կարծիքներ: Ղուկասի երկու գործերի ջատագովական երկեր լինելու վարկածն ընդունողները հակված են մտածելու, որ Թեոփիլոսը մի հռոմեացի բարձր պաշտոնյա է, իսկ ոմանք անգամ ենթադրում են, թե նա Հռոմի դատարանի անդամ էր, որը պետք է դատեր Պողոսին:
Երկի գրությամբ հեղինակի նպատակն է եղել ի ցույց դնել, թե ինչպես է Ավետարանի լույսը առաքյալների «գործերի» շնորհիվ փոխանցվում քաղաքից քաղաք և այդկերպ Պաղեստինից տարածվելով ողջ կայսրության մեջ հասնում մինչև Հռոմ: Քրիստոնեության Ավետարանի այս տարածմանը նպաստել է Ս. Հոգին, որի աստվածային ներգործությունը հստակորեն նկատելի է Գործքի ողջ ընթացքում: Հետևաբար կարելի է նաև Գործքը կոչել իբրև «Ս. Հոգու Ավետարան»:
Գործք Առաքելոցի հիմնական բովանդակությունը հետևյալն է.
Ա. Նախաբան: Հարություն առած Քրիստոսի հայտնությունը և համբարձումը
Բ. Երուսաղեմի Եկեղեցին
Գ. Առաջին քարոզիչները: Ավետարանի տարածումը Սամարիայում, Անտիոքում և այլուր
Դ. Պողոսի և Բառնաբասի առաջին քարոզչական ճամփորդությունը: Երուսաղեմի ժողովը
Ե. Պողոսի երկրորդ քարոզչական ճամփորդությունը
Զ. Պողոսի երրորդ քարոզչական ճամփորդությունը, ինչպես նաև ձերբակալումն ու բանտարկումը
Է. Ճանապարհորդությունը դեպի Հռոմ և երկամյա բանտարկությունը
Այն, ինչ որ Ղուկասը գրում է Ավետարանի սկզբում, բնականաբար, վերաբերում է նաև Գործքին: Նա իր տեղեկությունները վերցրել է ականատես վկաներից և գործող անձերից, իսկ դեպքերը շարադրում է սկզբից՝ ամբողջական, ճշգրիտ և ժամանակագրական կարգով: Սակայն յուրաքանչյուր դեպքում Գործքի, ինչպես նաև Ղուկասի Ավետարանի աղբյուրների հարցը Ս. Գրական քննության դժվար լուծելի խնդիրներից մեկն է:
Ժամանակակից ուսումնասիրողներից շատերին է զարմացնում այն հանգամանքը, որ Ղուկասը, լինելով Պողոսի մտերիմը և նրա ճամփորդությունների ուղեկիցը, ամենևին ծանոթ չէ նրա աստվածաբանությանը: Ըստ երևույթին, այդ է պատճառը, որ ոմանք Գործքի հեղինակ են համարում այլ անձնավորության`տարբեր Պողոսի «սիրելի» բժիշկ Ղուկասից:
Գործքի գրության ժամանակի և վայրի վերաբերյալ առկա են բազմաթիվ տարակարծություններ: Ոմանց կարծիքով այն գրվել է 80-90 թվականներին, ոմանց կարծիքով 70-80 թվականներին, իսկ որոշներն էլ տատանվում են 63-70 թվականների միջև: Գրության ենթադրյալ վայրերն են համարվում Հռոմը, Եփեսոսը կամ Հունաստանը: Սակայն առավել հավանական է Հռոմի վարկածը, քանի որ այստեղ Պողոսի երկամյա բանտարկությունը հիանալի հնարավորություն է ընձեռել Ղուկասին մշակելու իր գործի նյութը:
Աղբյուր`Եզնիկ Ծ. Վրդ Պետրոսյան «Ներածություն Նոր Կտակարանի»
Արմեն Չաքմիշյան