Աստվածային ուրախությամբ

Աստվածային ուրախությամբ

«Սերն ինքնին գոյություն է, իսկ ուրախությունը բխում է Սիրուց: Մեկը մի իր է վերցնում, որն իրեն նվիրել են, և ուրախանում է այդ իրով: Մյուսն ամեն ինչ է տալիս և ուրախանում ամեն ինչի համար: Այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ վերցնում է, մարդկային ուրախություն է: Իսկ այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ տալիս է, աստվածային ուրախություն է: Աստվածային ուրախությունը գալիս է տալով»
Հայր Պաիսիոս Աթոսացի

 

Տոնական, նախատոնական շրջաններում մենք հաճախ մտածում ենք այն մասին, թե ինչ նվերներ պիտի ստանանք այս կամ այն առիթով: Մտածում ենք այդ նվերի մասին, անգամ մեր մտքում պատկերացնում ենք այն, իսկ հետո, երբ մեր սպասելիքները չեն համապատասխանում իրականությանը, անգամ նեղսրտում, տխրում ենք:

 

Սակայն ի՞նչ է մեզ տալիս նվերը՝ նյութական բարիքից բացի: Մենք նմանվում ենք երեխաների, ովքեր սպասում են նվերի և ուշադրության: Արդյո՞ք դրանից լայնանում է մեր հոգին, արդյո՞ք դրանով, որևէ իր ավելի ունենալով մեզ առավել մոտ ենք զգում Աստծուն, ինքներս մեզ, արդյո՞ք դառնում ենք առավել ներդաշնակ:

 

Ահա հակառակն է ընծաներ տալու պարագան: Ընդ որում, ընծաներ ասելով ամենևին նկատի չունենք մեզ համար անպետք իրեր, որ այսպես, թե այնպես դեն պիտի նետեինք, այլ մեզ համար էական, ոչ նյութապես թանկարժեք իրերը նկատի ունենք:


Յուրաքանչյուրն ունի մեր օգնության կարիքը, և երբ փորձում ենք այլոց նվերներ պարգևել, լցվում ենք աստվածային լույսով, ուրախությամբ: Նվերը դադարում է սոսկ նվեր լինելուց:

 

Այդպես էր վարվում նաև Նիկողայոս Սքանչելագործը, որ Ընդհանրական Եկեղեցու սրբերից է և Սանտա Կլաուսի նախատիպը: Նա իր ունեցած ամենը նվիրում էր կարիքավորներին, նրանց, ովքեր ունեին իր ունեցվածքի կարիքն իրենից առավել: Սուրբ Նիկողայոսը նաև այդ կերպով էր բռնել սրբացման ուղին: Նա իր օրինակով է մեզ ցույց տալիս, որ հարկ է ունեցածը կիսել նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը: Ընդ որում, կարևոր և պարտադիր պայման չէ, որ մեր մերձավորը. ում հետ պատրաստվում ենք կիսել մեր ունեցածը, ապրի ծայրահեղ աղքատության մեջ, մեզանից պակաս միջոցների տնօրինի: «Եվ զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է… Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի յայտնապէս» (Մատթ. Զ 1, 3-4): Նվիրելով, բաժանելով մեր ունեցածը, լցվում ենք լույսով ու ուրախությամբ, որ իմաստուն և հոգևոր կյանքով ապրող մարդիկ համեմատում և նույնացնում են աստվածային լույսի և ուրախության հետ:

 

Ինչո՞ւ անմասն մնալ այդտեսակ ուրախությունից:

 

 

Վիկտորյա Մարկոսյան

  • 2021-07-08
×