Թեսաղոնիկեի եկեղեցին հիմնվել է Պողոս առաքյալի կողմից իր երկրորդ ճամփորդության ժամանակահատվածում: Այն Մակեդոնիայի երկրորդ բաժնի մայրաքաղաքն էր և ուներ ավելի քան երկու հարյուր հազար բնակչություն:
Թեսաղոնիկեի բնակչությունը մեծ մասամբ կազմում էին հույները և հռոմեացիները: Պողոս առաքյալը որոշ ժամանակ մնում է Թեսաղոնիկեում, որտեղ աշխատում է իր օրվա ապրուստի համար, օգնություն ստանում փիլիպպեցիներից իր նյութական կարիքների համար, ծավալում քարոզչական գործունեություն, ինչպես նաև հասնում մեծ հաջողությունների, ինչը բավական զայրացնում է որոշ հրեաների:
Նամակները բավական լուրջ կրոնական պատգամ ունեն նաև մեր օրերում: Օրինակ`առաջին նամակում պարզ և քաղցր լեզվով պատասխաններ է տրվում Թեսաղոնիկեի առաջին քրիստոնյաներին հուզող տեսական և գործնական դժվարություններին, ինչպես նաև ցույց է տալիս դրանց հաղթահարման միջոցը:
Իսկ երկրորդ նամակը նվազ պարզ, սակայն առավել շատ ծանրաբեռնված հայտնութենական արտահայտություններով և ոճով, շեշտում է, թե կյանքի ամենօրյա իրականությունից փախչելը, Տիրոջ գալստյանը սպասելով՝ չարչարանքներից խուսափելն իրականում որքան հակադիր դրսևորումներ են հանդիսանում ճշմարիտ քրիստոնեական հավատքի դեմ: Այն նաև շեշտում է, որ ապագայի նկատմամբ քրիստոնեական հույսը որևէ ձևով չի կարող բաժանվել ամենօրյա իրականության դիմագրավումից, կյանքի պայքարից և աշխատանքից:
Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.
Այս հատվածում առաքյալը ընթերցողներին հիշեցնում է իր քարոզչական գործունեությունը Թեսաղոնիկեում, ինչպես նաև անրադառնում Թեսաղոնիկե գնալու և քարոզելու բուն պատճառներին և այլն:
Ահա այս թյուրիմացությունը շտկելու համար էլ Պողոս առաքյալը գրում է իր երկրորդ նամակը, որի նախաբանը գոհությունն է առ Աստված, ընթերցողների հավատքի համար, ի հակառակ հալածանքների և տառապանքների, ինչպես նաև Առաքյալի աղոթքը նրանց համար: Իսկ հիմնական թեման այն է, որ Տիրոջ օրն այնքան էլ շուտ չի գա, որքան որ հակված են կարծելու թեսաղոնիկեցիները:
Այնուհետև առաքյալը իր ընթերցողներին հանձնարարում է պահպանել ավանդությունները, աղոթել իր առաքելական գործունեության համար, ինչպես նաև խիստ խորհուրդներ է տալիս նրանց`ընդդեմ ծուլության և անարգության: Իսկ նամակն ավարտվում է ինքնագիր օրհնությամբ և ողջույնով:
Ժամանակակից մեկնիչներից շատերը բերելով տարաբնույթ փաստարկներ մերժում են, որ Պողոսն է այս թղթի հեղինակը: Նրանք հակված են Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ նամակի հեղինակ համարել կամ առաքյալի աշակերտներից մեկին, կամ լիովին անծանոթ մարդու, ով փորձել է կրկնօրինակել առաջին նամակի ոճը:
Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակների նմանությունները մեզ պետք է առաջնորդեն երկու նամակների հեղինակի նույնության հաստատմանը: Մենք որևէ պատճառ չունենք մերժելու այս թղթի՝ Պողոսի հեղինակությունը:
Աղբյուր`Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան «Ներածություն Նոր Կտակարանի»
Արմեն Չաքմիշյան