Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին

Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին

Գաղատացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը շարադրում է իր «Ավետարանը», որը կազմված է Մովսիսական Օրենքից, Քրիստոսի շնորհած ազատությունից, ինչպես նաև հավատքի միջոցով մարդու արդարացումից: Հարկ է նշել, որ Պողոս առաքյալն իր նամակը գրում է ոչ թե սեփական գաղափարները հանգիստ և համակարգված արտահայտելու ձևով, այլ ձգտում է դիմագրավել մի իրավիճակի, որը ստեղծվել է գաղատացիների Եկեղեցում:

 

 

Սակայն գաղատացիներին ուղղված նամակի կարևորությունը միայն Պողոս առաքյալի հեղինակությանը վերագրվելը չէ, այլ նաև այն, որ այստեղ Պողոսը հայտնում է բազմաթիվ ինքնակենսագրական տեղեկություններ և արտահայտում իր զգացողությունները առաքելական արժանիքների վերաբերյալ, ինչպես նաև խոսում է 12 առաքյալների հետ ունեցած իր կապի մասին:

 

 

Նամակի ընդհանուր բովանդակությունը հետևյալն է.

  • Նախաբան
  • Պողոսի առաքյալի քարոզած «Ավետարանի» վավերականությունը: Հարկ է նշել, որ իր Ավետարանը տրվել է Հիսուս Քրիստոսի հայտնությամբ և Երուսաղեմի ղեկավարներից որևէ մեկը կասկածի տակ չի դնում դրա վավերականությունը և 12 առաքյալների հետ հավասար լինելը
  • Ազատություն Օրենքից
  • Խորհուրդներ հոգևոր կյանքով և «մարմնի» գործերից հեռու մնալով`Քրիստոսով ազատության մեջ մնալու համար
  • Վերջաբան, որտեղ ամփոփված են նամակի հիմնական թեմաները
 
 

Հարկ է նշել, որ այստեղ Պողոս առաքյալը խոսում է «խառնակիչների» մասին, որոնք «խեղաթյուրում են Քրիստոսի Ավետարանը»: Նա ասում է. «ձեզ խառնակողը կդատվի, ով էլ որ լինի» (Ե 10): Առաքյալի այս խոսքը հաճախ տպավորություն է ստեղծում, թե խոսքը գեթ մեկ անձի մասին է: Սակայն այս տեսակետն առայժմ հնարավոր չէ հաստատել, քանի որ մեր ձեռքի տակ չկան լրացուցիչ տեղեկություններ՝ հօգուտ այս տեսակետի:

 

 

Գաղատիայի եկեղեցում նշված խառնակիչները հավանաբար հայտնվել են Պողոսի երկրորդ այցելությունից հետո: Նրանք քրիստոնյաներ էին, որոնք պահանջում էին Օրենքի իշխանությունը քրիստոնյաների կյանքում, ինչպես նաև փորձում իջեցնել Պողոսի հեղինակությունը, ասելով, թե նա հավասար չէ մնացած մյուս առաքյալներին և հեթանոսությունից քրիստոնեություն դարձի եկածներին հաճոյանալու համար քարոզում է ձերբազատում Օրենքից:

 

 

Այս նամակն, անշուշտ, ուղղված է Գաղատիայի եկեղեցիներին: Գաղատիա է կոչվում Փոքր Ասիայի կենտրոնական այն շրջանը, որտեղ մ.թ.ա. 3-րդ դարից սկսած բնակություն են հաստատել Եվրոպայից եկած կելտերը, որոնց վերջին թագավոր Ամինտասը մ.թ.ա. 25 թվականին իր մահից առաջ իր թագավորությունը կտակել էր հռոմեացիներին:

 

 

Հռոմեացիները այդ երկրամասին են կցում նաև Պիսիդիան, Իսավրիան, Լիկաոնիայի մի մասը, Փռուգիան, Պափլագոնիան և այդպիսով կազմվում է Հռոմեական նահանգ Գաղատիա անունով: Սակայն այս պարագայում հարց է ծագում, ուրեմն ո՞ր Գաղատիային է ուղղել Պողոս առաքյալն իր նամակը, Փոքր Ասիայի կենտրոնական ազգայի՞ն Գաղատիային, թե՞ հռոմեական նահանգ Գաղատիային: Այս ամենի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, սակայն այդուհանդերձ հիմք ընդունելով մի քանի կարևոր փաստեր առավել հավանական ենք համարում, որ նամակն ի վերջո ուղղված էր հյուսիսային`ազգային Գաղատիային:

 

 

Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակն ունի իր կարևորագույն կրոնական պատգամը նաև այժմյան օրերում, քանզի նամակի կենտրոնական թեման Քրիստոսի միջոցով ազատությունն է: Նշենք, որ Պողոս առաքյալը հատուկ կարևորում է Քրիստոսի խաչելության եզակիությունը, ինչպես նաև քրիստոնեական ազատության բացարձակ արժեքը:

 

 

Աղբյուր`Եզնիկ Ծ. Վրդ . Պետրոսյան «Ներածություն Նոր Կտակարանի»

 

 

Արմեն Չաքմիշյան 

  • 2021-07-08
×