Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Աբգար թագավորի հիշատակության օրը:
Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին հայ արքան է, ով, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է:
Աբգարն, ըստ ավանդության, առաջին դարի քրիստոնյա առաջին թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նա բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Այս թագավորի օրոք է ծնվում աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս: Եվ երբ Աբգարը հիվանդանում է, լսած լինելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին և հավատալով նրան, իր պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, ապա թագավորի Եդեսիայում: Սուրհանդակ Անանեի հետ, բացի նամակից, թագավորն ուղարկում է նաև Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե Հիսուս չկամենա գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:
Իր ուղարկած նամակում մասնավորապես գրում է. «Աբգար Արշամից աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջո՛ւյն:
Լսել եմ քո մասին, և այն բժշկությունների, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներ ու դևեր հանում, դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը՝ կամ որ դու Աստված կլինես, որ երկնքից է իջել, կամ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:
Թագավորի սուրհանդակն ու քարտուղարը՝ Անանիան, Երուսաղեմում գտնում է Հիսուսին և հանձնում նամակն ու մեծագին ընծաներ: Փրկիչն անպատասխան չի թողնում Աբգար թագավորի նամակը: Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով. «Երանի՜ նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ, որովհետև գրված է. Ինձ տեսնողները պիտի չհավատան Ինձ, բայց նրանք, որ չեն տեսել Ինձ՝ պիտի հավատան և հավիտյան պիտի ապրեն….»: Ապա նամակի շարունակության մեջ Հիսուս հաստատում է, որ Ինքը չի կարող գալ, պետք է ավարտի Իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի Իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին և պարգևելու հավիտենական կյանքի ավետիսը:
Անանիան պատասխան նամակի հետ թագավորին է բերում նաև Փրկչի կենդանագիր պատկերը: Այն երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, իսկ այժմ գտնվում է Ջենովայի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում:Իսկ Քրիստոսին ուղղված Աբգար թագավորի նամակի բնօրինակը գտնվում է Հռոմի Պապի անձնական հավաքածուում և պահպանվում է մինչ այսօր:
Քրիստոսի համբարձումից հետո Նրա առաքյալներից մեկը՝ Սուրբ Թադեոսը եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին՝ ազատորեն քարոզելով Ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին, դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Կուռքերի տաճարների դռները փակեցին: Առանց դժվարության հավատացյալների թիվը օրըստօրե աճում էր: Սուրբ Թադեոս առաքյալը Եդեսիայում իր քարոզությունը ավարտելուց հետո քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց կերպասագործ Ադդեին, ապա ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:
Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին՝ հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստվածորդու և Փրկչի:
Այսպես Աբգարի հավատը առիթ դարձավ, որ Եդեսիայում, իսկ հետո նաև ողջ Հայոց աշխարհում տարածվի քրիստոնեության լույսը:
Այս արարքով Աբգար թագավորը օրինակ է քրիստոնյաներիս համար: Լույս դառնալ խավարի մեջ, դառնալ առաջամարտիկը, առաջինը և չվախենալ հալածանքներից: Ընդհակառակը՝ Աստծո և քրիստոնեության առջև բացել մեր դարպասները՝ եթե ոչ պետությունների, ապա մերն իսկ սրտերի: Քանի որ մեր արարքով կարող ենք դառնալ շատերի համար ճիշտ ճանապարհ ուղենշողը, լույսի տարածողները: