Ինչո՞ւ է Հայոց Եկեղեցին կոչվում Առաքելական: Քանի որ Հայաստանում քրիստոնեությունն առաջինը քարոզել, քրիստոնեության սերմերը հայոց հողի մեջ են նետել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները: Նրանք դարձել են Հայոց Եկեղեցու հիմնադիրներ, և նրանց շնորհիվ է, որ Առաքելական է անվանվում Հայ եկեղեցին:
Սուրբ Թադեոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը նահատակվել են Սանատրուկ թագավորի հրամանով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարին երկու անգամ է հիշատակում Սուրբ Թադեոս առաքյալին. մեկը Սուրբ Սանդուխտ կույսի հետ, մյուսը՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի: Առաջին լուսավորիչներն հիշատակվում են նաև տասներկու առաքյալների հետ:
Սուրբ Թադեոսը Հայոց առաջին լուսավորիչն է ու ամենաշատ անուններ ունեցող առաքյալը: Նրան կոչում են Թադեոս Եռանվանի, այսինքն՝ երեք անուն ունեցող:
Եդեսիայում քարոզչությունն ավարտելով՝ Սուրբ Թադեոս առաքյալը գալիս է Հայաստան, որտեղ տիրում էր կռապաշտությունը: Նա շրջում է քաղաքաներում, քարոզում ճշմարիտ խոսքն, ու նրա քարոզներից դարձի գալով՝ շատերը հավատում և մկրտվում են, դառնում քրիստոնյա:
Սուրբ Թադեոսն ամեն ջանք գործադրեց թագավորին էլ դարձի բերելու, սակայն ջանքերն անցան ապարդյուն: Ավելին՝ թագավորը փորձում էր քրիստոնեությունից հեռու պահել նաև իր դստերը՝ Սանդուխտին: Սակայն տեսնելով, որ նա չի հրաժարվի իր հավատքից, ի վերջո որոշեց սպանել թե՛ Սանդուխտին, թե՛ Թադեոսին: Սուրբ Թադեոսի նահատակության օրը քրիստոնեություն ընդունեցին 3500 հայեր:
Սուրբ Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ Հայաստան եկավ Հիսուսի տասներկու առաքյալներից մեկը ևս՝ Սուրբ Բարդուղիմեոսը: Սուրբ Բարդուղիմեոսն է այն առաջին առաքյալը, որ խոստովանեց Քրիստոսի Աստվածությունը՝ ասելով. «Դու ես Աստծո Որդին» (Հովհաննես 1.47-50): Եվ այս դավանանքի վրա էր, որ պիտի հիմնվեր քրիստոնեական եկեղեցին: Այդ պատճառով նա ստացավ Նախադավան առաքյալի կոչումը:
Պարսկաստանում և Հնդկաստանում քարոզելուց հետո նա եկավ Հայաստան՝ Սյունյաց աշխարհ, անցավ Գողթն գավառը: 13-րդ դարի հայ պատմիչներից Ստեփանոս Օրբելյանը գրում է, թե առաքյալը Գողթնում Տեառնընդառաջ անունով եկեղեցի կառուցեց, որից հետո տեղափոխվեց Արտաշատ քաղաքը: Սուրբ Բարդուղիմեոսին հաջողվեց քրիստոնեությունը քարոզել Սանատրուկ թագավորի արքունիքում:
Սանատրուկ թագավորը, լսելով իր քրոջ՝ Ոգուհու դարձի գալու լուրը, անակնկալի եկավ, բանտարկեց առաքյալին և հրամայեց բազում չարչարանքների ենթարկել: Սուրբ Բարդուղիմեոսը ձեռքերը վեր բարձրացրեց դեպի երկինք և ասաց. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, օգնիր հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց: Սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և՝ որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»:
Երբ սա ասաց՝ հողը շարժվեց, և լուսեղեն կամար իջավ սրբի վրա: Եվ նա նայեց վերև՝ երկինք, ավանդեց հոգին և անուշության հոտ բուրեց: Այդ օրը երկու հազար հոգի հավատացին Աստծուն և փառավորում էին կատարվածի համար:
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների գերեզմանների վրա հետագայում կառուցվել են եկեղեցիներ:
Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սուրբ Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը, ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Սուրբ Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը:
Այս տարի եկեղեցին Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչների հիշատակության օրը տոնախմբում է նոյեմբերի 30-ին: Այս օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: