Եզեկիել մարգարեն Երուսաղեմի տաճարի քահանաներից մեկն էր, ով Երուսաղեմի գրավումից հետո իսրայելցիների հետ մ.թ.ա. 597 թվականին Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով աքսորվում է Բաբելոն: Չորս տարի անց Աստված կանչում է Եզեկիելին, որպեսզի վերջինս դառնա իր նվիրյալ մարգարեներից մեկը: Աքսորավայրում՝ Բաբելոնում գերեվարված հրեաների և Երուսաղեմում մնացածների շրջանում Եզեկիել մարգարեն ծավալում է հոգևոր կարևորագույն գործունեություն և շարունակ նախազգուշացումներ է անում նրանց:
Այնուհետև մ.թ.ա. 587 թվականին Երուսաղեմի գրավումից և տաճարի կործանումից հետո մարգարեն իր նախազգուշացումներին տալիս է ավելի մխիթարական և հուսադրիչ երանգներ, որպեսզի վերջիններս վերջնականապես չհուսալքվեն:
Հին Կտակարանի՝ Եզեկիելի մարգարեությունը բաղկացած է չորս հիմնական մասերից, որի առաջին հատվածում նկարագրվում է Երուսաղեմի երկրորդ պաշարումից առաջ իսրայելցիներին ուղղված մի շարք մեղադրանքները:
Երկրորդ մասում մարգարեն հայտնում է Աստծո դատաստանի մասին, որը պետք է գործադրվի այն օտար ժողովուրդների վրա, որոնք խաբել և ճնշման էին ենթարկել իսրայելցիներին:
Մարգարեության երրորդ հատվածը կրում է բացառապես մխիթարական բնույթ: Այն սրտապնդման պատգամ է՝ ուղղված իսրայելցիներին, և բաղկացած է Երուսաղեմի անկումից հետո արտասանված խոսքերից: Իսկ չորրորդ հատվածում, ըստ մարգարեի տեսիլքի, տրվում է Երուսաղեմի ապագա տաճարի նկարագրությունը:
Որպես Երուսաղեմի տաճարի քահանա և Աստծո նվիրյալ մարգարեներից մեկը՝ Եզեկիելը մեծագույն կարևորություն էր տալիս տաճարին, սակայն միաժամանակ հաստատում, որ Աստծո ներկայությունը կապված չէ միայն տաճարի սրբարանի հետ, և ամենինչ կախված է յուրաքանչյուր անհատի հավատից: Եվ եթե իրապես հավատում ես Տիրոջը, ապա աստվածային սերը կարող է ներգործել ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ, նույնիսկ բաբելոնյան գերության մեջ:
Հայտարարելով այս մարգարեական ճշմարտությունը` Եզեկիել մարգարեն հրաժարվում է իսրայելական այն ավանդույթից, որը կապված էր հավաքական պատասխանատվության գաղափարի հետ: Մարգարեն այս ամենից կարևոր է համարում անձնական կյանքի վերանորոգման գաղափարը, սակայն նաև հայտնում, որ իսրայելցի ժողովուրդը միայն ու միայն հավաքաբար վերանորոգված և հարություն առած պետք է վերադառնա իր նախնյաց երկիր:
Արմեն Չաքմիշյան