Ավետարանների գրության պատճառները և նրանց սիմվոլիկան

Ավետարանների գրության պատճառները և նրանց սիմվոլիկան

Ավետարան բառը նշանակում է բարի լուր: Մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթեց չարին իր Խաչելության և հրաշափառ Հարության միջոցով, ինչպես նաև հաստատեց Աստծո թագավորությունը: Ահա հենց այս բարի լուրն էր, որ շարունակ քարոզվում էր Հիսուսի աշակերտների կողմից: Այդ պատճառով էլ Քրիստոսի վարդապետությունը և առաքյալների քարոզությունն անվանվեց Ավետարան:

 

 

Ավետարան բառը հիմնականում տրվում է Քրիստոսի գալստյան և հաղթական բարի լուրը ավետող Նոր Կտակարանի առաջին 4 գրքերին: Քանի որ Հիսուսի կյանքի և գործունեության կարևոր դրվագները բավական լավ հայտնի էին Պաղեստինում, այդ պատճառով սկզբնական շրջանում քրիստոնյաները նպատակահարմար չէին գտնում գրի առնել այդ ամենը: Մյուս կողմից էլ  նրանք սրտատրոփ սպասում էին Քրիստոսի երկրորդ գալստյանը:

 

 

Ավետարանները գրվում են, որպեսզի բավարարեն Եկեղեցու ծիսական և քարոզչական որոշակի կարիքներ: Եկեղեցին ուներ կարևոր առաքելություն՝ բացատրել մարդկությանը, թե ինչու մահացավ Հիսուս Քրիստոս, քանզի նրա մահվան հիմքում ընկած էր ողջ մարդկության փրկությունը, որը նման չէր մինչ այդ աշխարհում գրանցված ոչ մի այլ մարդկային մահի:

 

 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքնակամ զոհաբերվեց հանուն մեր փրկության, որպեսզի ապացուցի Աստծո անսահման սերը դեպի մարդկությունը և աստվածային այս ճշմարտության բացատրությունը փառահեղ կերպով տրվում է Ավետարաններում: Եվ եթե այս ամենն ավետարանիչների փոխարեն ներկայացվեր, օրինակ, մի հույնի կողմից, ապա նա կներկայացներ Հիսուսի մահվան դեպքերի փիլիսոփայական քննությունը`ելնելով որոշակի սկզբունքներից և նախապայմաններից:

 

 

Ո՞վ է Աստված և ո՞վ է մարդը հարցի պատասխանը կարող ենք ստանալ միայն աստվածային հայտնության պատմությունների մեջ, որոնք զուգահեռաբար ձգվելով նաև խաչաձևում են Աստծո ժողովրդի պատմությանը: Ավետարանների գրվելու կարևորագույն նպատակն է մարդկությանը բացատրել Հիսուսի զոհաբերման նպատակն ու պատճառը, ինչպես նաև մարդկանց հասկացնել աստվածահաճո և առաքինի կյանք վարելու կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում:

 

 

Կարևոր է նաև հիշել, որ հերետիկոսների դեմ ճշմարիտ պայքարի ամենից արդյունավետ միջոցը կրկին Հիսուսի կյանքի և վարդապետության վրա հիմնվելն է:

 

 

Ի դեպ, Ավետարանների կարևորությունը մարդկային կյանքում չեն ժխտվում անգամ բազմաթիվ գիտնականների կողմից:

 

 

Այսպիսով, հստակ կարելի է արձանագրել, որ Նոր Կտակարանի 4 ավետարանները Հիսուսի կյանքի և վարդապետության հատվածներ են, որոնք շարադրված են ավետարանչների կողմից, որպեսզի գոհացում տան նախնական Եկեղեցու որոշ խնդիրների:

 

 

Սակայն հարկ է նշել, որ անկախ Ավետարաններում առկա բազմաթիվ պատմություններից և կենսագրական տվյալներից, բարեպաշտական արժեքներից և աստվածաբանություն պարունակող տեքստերից նրանք չեն հանդիսանում ո՛չ Հիսուսի ամբողջական կենսագրությունը և ո՛չ էլ բարեպաշտական գրքեր կամ աստվածաբանական գրվածքներ: Նրանք ամենից առաջ պատմում են Աստծո սիրո, զոհաբերության, մարդ և Աստված հանդիպման մասին:

 

 

Եկեղեցու Ավանդության, հատկապես սրբանկարչության մեջ տարածված է 4 ավետարանիչների հետևյալ սիմվոլիկ պատկերագրությունը. Մատթեոս` հրեշտակակերպ մարդ, Մարկոս՝ առյուծ, Ղուկաս՝ եզ, Հովհաննես` արծիվ: «Եւ կերպարանք երեսաց նոցա`կերպարանք մարդոյ եւ կերպարանք առիւծոյ յաջմէ չորեցունց, եւ կերպարանք եզին եւ կերպարանք արծուոյ ի ձախմէ չորեցունց» (Եզեկ. 1:10): «Եւ էր կենդանին առաջին նման առիւծոյ, եւ երկրորդ կենդանին`նման զուարակի, եւ երրորդ կենդանին ունէր երեսս մարդոյ, եւ չորրորդ կենդանին`նման արծուոյ թռուցելոյ» (Հայտն. 4:7):

 

 

Եկեղեցական Ավանդությունը Ավետարանիչների այս խորհրդանիշներին տալիս է հետևյալ մեկնությունը. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ: Մարկոսի ՝առյուծի հետ նույնացման պատճառը նրա Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար Հիսուսին Աստծո Որդի հայտարարելն է: Ղուկասի՝ եզի հետ նույնացման պատճառը զոհի խորհրդանիշն է, քանզի Ղուկասի Ավետարանը սկսվում է Զաքարիայի տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն գերագույն զոհի`Քրիստոսի, զոհվելու`խաչելության համար: Իսկ Հովհաննեսը ներակայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր, հայտարարելով Քրիստոսի աստվածությունը. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»:

 

 

Ավետարանիչների խորհրդանիշերը շատ հին են, որոնց մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է Իրինեոսի երկերում: Իրինեոսը Նոր Կտակարանի 4 Ավետարանները համարում է մեկ ամբողջություն, այդ պատճառով էլ այն կոչում է «չորսաձև ավետարան»: Քառակերպ է նաև Քերովբեն, որը խորհրդանշում է Քրիստոսի իշխանությունները:

 

 

Աղբյուր՝ Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան. «Ներածություն Նոր Կտակարանի»

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×