Ղուկասի Ավետարանը

Ղուկասի Ավետարանը

Ղուկասի Ավետարանը Նոր Կտակարանի երրորդ ավետարանն է: Գրվել է 70 թվականից ոչ շատ ուշ:  Ավետարանի հեղինակը Ղուկասն է, ով Պողոս առաքյալի վկայության համաձայն՝ եղել է բժիշկ: Նա ծնունդով Անտիոքից էր և, ավանդության համաձայն, եղել է Հիսուսի 72 աշակերտներից մեկը: Որոշ եկեղեցական հայրեր և մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկի հետ, որոնց անունները Ղուկասը չի պահպանել: Հին ավանդության համաձայն Ղուկասի նահատակման վայրը Թեբայն է:

 

 

Ղուկասի Ավետարանը սկսվում է ներածությամբ, ինչը բավականին ընդունված էր հին ժամանակներում գրված երկերում: Ներածությունն ուղղված է ոմն Թեոփիլոսի, ով ամենայն հավանանությամբ հռոմեացի աստիճանավոր էր: Այս նախաբանի շնորհիվ տեղեկանում ենք նաև, որ Ղուկասի Ավետարանից առաջ գոյություն են ունեցել Հիսուսի մասին տարաբնույթ «պատմություններ»: Ավետարանի հեղինակի գերխնդիրն է եղել ճշգրիտ կերպով ներկայացնել եղելությունների շարադրանքը, ինչպես նաև ժամանակագրական կարգը:

 

 

Ղուկասի Ավետարանի նախաբանը ներառում է (Ա 1-4) հատվածները, իսկ հիմնական բովանդակությունը հետևյալն է.

Ա. Հովհաննեսի և Հիսուսի ծննդյան ավետումն ու ծնունդը, ինչպես նաև Հիսուսի մանկության ժամանակահատվածը (Ա 5-Բ 52):

 

 

Բ. Հովհաննեսի քարոզչությունը, Հիսուսի մկրտությունը, փորձությունները և առաջին քարոզը Նազարեթում (Գ 1-Դ 30):

 

 

Գ. Հիսուսի գործունեությունը Գալիլիայում և Աստծո թագավորության հայտնությունն իր գործերով և ուսուցումներով (Դ 31-Թ 50):

 

 

Դ. Երուսաղեմ ուղևորությունը (Թ  51-ԺԹ 27):

 

 

Ե. Երուսաղեմ մուտքը, ինչպես նաև զանազան վարդապետությունները չարչարանքից առաջ (ԺԹ 28-ԻԱ 38):

 

 

Զ. Չարչարանքը (ԻԲ-ԻԳ):

 

 

Է. Հարությունը և համբարձումը (ԻԴ):

 

 

Ղուկասի Ավետարանի հիմնական աղբյուրն է համարվում Մարկոսի Ավետարանը: Ղուկասը, նախքան չարչարանքի նկարագրությունը, հետևում է Մարկոսի Ավետարանի դեպքերի հաջորդականությանը՝ ընդմիջելով այն պատմությունների երկու խմբերով (Զ 20-Ը 3 և Թ 51- ԺԸ 14):  Հարկ է նաև նշել, որ չարչարանքի պատմության նկարագրման ժամանակ Ղուկասը հեռանում է համատեսներից և մոտենում Հովհաննեսին: Ղուկասի և Հովհաննեսի այս նմանությունը ցայտուն կերպով արտահայտվում է նաև Ավետարանի վերջաբանում նկարագրվող իրադարձություններում:

 

 

Չնայած Ղուկասը ջանացել է դեպքերը ներկայացնել հնարավորինս ճշգրիտ հաջորդականությամբ, սակայն նկարագրում է Հիսուսի կյանքը հարության լույսի տակ:

 

 

Ավետարանը նաև պահպանել է շատ հիմներ և աղոթքներ, որոնք շատ հաճախ են ներկայացնում Հիսուսին առանձնակի և աղոթելիս: Ղուկասի ողջ Ավետարանում մշտապես գերիշխում է խնդության ոգին:

 

Սուրբ Հոգու դերը վկայում է Հիսուսի վարդապետության և գործունեության տիեզերական բնույթի, աստվածային շնորհի, աղքատների և մեղավորների հանդեպ սիրո, զղջման կարևորության, ինչպես նաև սերտորեն կապված է Պողոսի`Ղուկասի ուսուցչի, աստվածաբանությանը: Այսօր շատերի կողմից է շեշտվում Պողոսի աստվածաբանության ազդեցությունը Ղուկասի վրա, որն առավել ակնհայտ երևում է բառապաշարից:

 

 

Լեզվի տեսակետից Ղուկասի գործերը դասվում են Նոր Կտակարանի լավագույն երկերի թվին: Հաճախ նաև նշվում է Յոթանասնիցի մեծ ազդեցությունը Ղուկասի երկերի վրա: Ղուկասի լեզվի գեղեցկությունը առավել ակնհայտ արտահայտվում է հատկապես այն հատվածներում, որտեղ հեղինակն ինքնուրույն է`անկախ աղբյուրներից: Ղուկասի լեզվի գեղեցկությունը ակնհայտ է նաև համատես հատվածներում, ուր նա փոխում է մի շարք բառեր:

 

 

Ղուկասի Ավետարանը ստեղծվել է հեթանոսությունից դարձի եկածներին իր ոգեղեն ուժով զորացնելու նպատակով: Ավետարանի գրության վայրի վերաբերյալ կան բազմաթիվ տարրակարծություններ: Գրության ենթադրյալ վայրերը համարվում են`Անտիոքը, Հռոմը, Կեսարիան, Հունաստանի Աքայիան ու Բիոտիան և Եփեսոսը: Առավել հավանական է, որ այն գրվել է Եփեսոսում:

 

 

Աղբյուր՝ Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան. «Ներածություն Նոր Կտակարանի»

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×