Մատթեոսի Ավետարանը

Մատթեոսի Ավետարանը

Մատթեոսի Ավետարանը Նոր Կտակարանի կանոնի առաջին գիրքն է, և, կարելի է ասել, ինչ-որ կերպով հանդիսանում է իբրև կապող կամուրջ Հին և Նոր Կտակարանների միջև: Ավետարանիչը այստեղ պատմում է Հիսուսի կյանքի, մահվան և վարդապետության մասին՝ այդ ամենն համարելով Հին Կտակարանում նախապատրաստված ճանապարհի իրականացում: Այդ պատճառով էլ հաճախ կրկնում է . «Եվ այս եղավ, որպեսզի կատարվի Մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը ...»:

 

 

Հին Եկեղեցական Ավանդությունը այս Ավետարանը վերագրում է Մատթեոսին, ով Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր: Մատթեոսը անվան հունականացված տարբերակն է, որը նշանակում է Աստվածատուր-Թեոդորոս: Իսկ նրա եբրայական անվանումն էր Ղևի: Մատթեոս առաքյալը նախքան Քրիստոսի հետևորդ դառնալը իբրև մաքսատան աշխատող ծառայում էր Կափառնայումում, ուստի տրամաբանական է, թե ինչու էր նա այդքան հիանալի կերպով տիրապետում հունարեն լեզվին:

 

 

Մատթեոսի Ավետարանը համարվում է բոլոր Ավետարանների մեջ ամենատարածվածը, նաև ամենահաճախն է գործածվում Եկեղեցու կողմից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ միայն այս Ավետարանում է հանդիպում Եկեղեցի բառը (ԺԶ 18, ԺԸ 17): Ավետարանի հեղինակը նաև մեծ կարևորություն է տալիս դրամական մանրամասնություններին: Այս փաստը վկայում է Մատթեոս մաքսավորի և Մատթեոս ավետարանիչի ակնհայտ նմանության մասին:

 

 

Հարկ է նշել, որ ժամանակակից մեկնիչների մեծամասնությունը այս Ավետարանը բաժանում է 5 հիմնական մասերի՝ համաձայն Հին Կտակարանի հնգամատյանի, և ցանկանում ապացուցել, թե Մատթեոսի Ավետարանը Նոր Կտակարանի հնգամատյանն է:

 


Աստվածաշնչյան այս երկու կարևոր հատվածների նմանությունը որոշակի հարցերում, անշուշտ, ակներև է, սակայն այդուհանդերձ բարդ է հաստատել, որ ժամանակակից մեկնիչների տեսության հիման վրա կատարված համակարգային բաժանումը կա՞ր արդյոք Մատթեոսի մտքում, թե՞ ոչ: Ավետարանի կարևոր յուրահատկություններից է նաև այն, որ ավետարանը միաժանակ և ամենահուդայականն է և ամենահակահուդայականը:

 

 

Ավետարանի գրության վայրի հետ կապված կան բազմաթիվ տարակարծություններ: Ոմանց կարծիքով այն գրվել է Պաղեստինում, մասնավորապես`Կեսարիայում կամ Երուսաղեմում, իսկ որոշները հակված են մտածելու, որ ավետարանի գրման վայրը Ալեքսանդրիան է կամ Անտիոքը: Սակայն անկախ գրության վայրից հիմք ընդունելով մի քանի կարևոր փաստեր, կարելի է վստահաբար ասել, որ ավետարանը գրվել է 70-100 թթ. միջակայքում:

 

 

Ըստ Եկեղեցու ավանդության, Մատթեոս առաքյալը նախ իր քարոզչական գործունեությունը ծավալել է Պաղեստինում, այնուհետև`Եթովպիայում, Պոնտոսում, Պարսկաստանում, Սիրիայում և այլն: Նույն ավանդությունը վկայում է նաև, որ նա նահատակվել է Եթովպիայում: Նոր Կտակարանի ներածությանը հետաքրքրող խնդիրներից մեկն է արամերեն լեզվով Մատթեոսի գրած խոսքերի առնչության մասին ուսումնասիրությունը, որը հիշատակվել է Մատթեոսի Ավետարանի և Պապիասի կողմից: Այս վկայությունը փրկվել է Եվսեբիոսի շնորհիվ և իրենից ներկայացնում է հետևյալը. «Մատթեոսը խոսքերը շարադրեց եբրայեցերեն բարբառով և յուրաքանչյուրը մեկնեց այն ինչպես որ կարողացավ» (Եկեղեցական պատմություն, Գ 39:16):

 

 

Նմանատիպ վկայություններ մեզ հասել են նաև եկեղեցու այլ հայրերի կողմից: Այսօր բավականին լայն տարածում ունի այն տեսակետը, որ ավետարանների գրություններից առաջ գոյություն է ունեցել Հիսուսի խոսքերի մի ժողովածու, որը նշանագրվում է Q տառով: Այն գերմաներեն Quelle բառի առաջին տառն է, որը նշանակում է աղբյուր:

 

 

Q աղբյուրը ինչ կապ ունի Պապիասի հիշած «խոսքեր»-ի հետ և արդյո՞ք այն գրավոր էր, բանավոր, արամերեն, թե՞ հունարեն դժվար է ասել: Մի շարք մասնագետներ հաճախ նույնացնում են այս երկու ժողովածուները, սակայն համատեսականների վերաբերյալ գիրքը ցույց է տալիս, որ այն անհիմն է:

 

 

Վերևում մեջբերված վկայությունները մեզ հուշում են, որ Մատթեոսի խոսքերը պարունակում են ոչ միայն Հիսուսի խոսքերը, այլ նաև գործերը: «Մեկնեց» բառը տարբեր մեկնիչների կողմից ընկալվել և մեկնաբանվել է տարբեր կերպ: Նրանցից ոմանք այն հասկանում են իբրև արամերենից հունարենի բանավոր թարգմանություն:

 

 

Տեղին է նաև հայտնել Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում մեզ հանդիպող որոշ ընդհանրությունների մասին, որոնք անծանոթ են Մարկոսին: Կա կարծիք, որ այդ ամենը քաղված է Q-ից և դա էլ Մատթեոսի 1-ին աղբյուրն է: Սակայն Մատթեոսի Ավետարանի կեսը համապատասխանում է Մարկոսի Ավետարանին, որը համարվում է, թե Մատթեոսի և թե Ղուկասի հիմնական աղբյուրը: Այսպես ուրեմն վստահաբար Մարկոսի Ավետարանի 90 տոկոսն առկա է Մատթեոսի Ավետարանում:

 

 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մատթեոսը ունի մի շարք նյութեր, որոնք անծանոթ են համատեսներին և Հովհաննեսին, պետք է ենթադրել, որ այն ունեցել է մի յուրահատուկ աղբյուր`այն եկեղեցու բանավոր ավանդությունը, որի ծոցում որ ապրել է:

 

 

Մատթեոսի ամբողջ Ավետարանում իշխում է Հիսուսի վարդապետությունը «Աստծո թագավորության», կամ ըստ Մատթեոսի արտահայտության «Երկնքի թագավորության» մասին: Այդ թագավորությունը հայտնում, իրագործում և հաստատում է Մեսիան, որը միաժամանակ հորդորում է հավատացյալներին հարատև հսկում: Հետևաբար այստեղ խոսվում է, ոչ Հիսուսի շնորհիվ իրականացված թագավորության, ոչ էլ բացառապես ապագայում սպասվող թագավորության մասին, այլ այն Աստծո թագավորության, որ մինչ սկսել է արդեն իրագործվել Քրիստոսի դեմքով և գործով և որը միաժամանակ սպասվում է, որ գա կատարյալ ձևով ապագայում:

 

 

Եկեղեցու հայրերը Աստծո թագավորությունը սերտորեն կապում են Եկեղեցու հետ, որի տարածման և ընդյալնման վերաբերյալ նկարագրումներ ենք տեսնում թագավորության վերաբերյալ առակներում (ԺԳ), (ԺԳ 18-23), (ԺԳ 47-50): Հիսուսը, որ հայտնում է «Աստծո թագավորության խորհուրդը» Մեսիան է, որի միջոցով իրականանում են Հին Կտակարանի մարգարեությունները և որը իր շուրջն է համախմբում Աստծո Նոր ժողովրդին`Եկեղեցին:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×