Սոփոնիա մարգարեի գործունեությունը սկսվել է դեռևս մ.թ.ա. 7-րդ դարի վերջին, անկասկած, ավելի շուտ, քան Ամբակումի քարոզչությունը: Սոփոնիայի քարոզչության ժամանակաշրջանում Հուդայի թագավորությունն ապրում էր իր ամենից սարսափելի և ողբերգական ժամանակաշրջանը, քանզի Հոսիա թագավորը դեռևս չէր հասցրել իրականացնել իր կրոնական բարեկարգությունները:
Սոփոնիայի մարգարեությունը պատասխանում է բոլոր այն հավատավոր զավակներին, որոնց հետաքրքրում է մարդ և Աստված փոխհարաբերությունները և կապը: Մարգարեն մշտապես շեշտում է, որ Աստծո միջամտությունը կարող է կատարվել հնարավոր բոլոր միջոցներով, և Աստված գալու է, որպեսզի դատի Հուդայի երկրի և Երուսաղեմի բնակիչներին, ինչպես նաև կործանելու է Հուդայի երկրի հարևան ժողովուրդներին, այնուհետև վերականգնելու է Երուսաղեմը`այնտեղից վերջնականապես արմատախիլ անելով չարությունը:
Մարգարեն վկայում է, որ այդ բոլոր գործողությունները կատարվելու են մարդկությանը հիմնովին կերպարանափոխելու նպատակով, ինչպես նաև ընդգծում է, որ Իսրայելի ժողովուրդը չի կարող վերագտնել իր ճշմարիտ հարաբերությունը Աստծո հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի հրաժարվել մեղքից և չի ճանաչել Աստծուն:
Արմեն Չաքմիշյան