Երեմիա մարգարեն ծավալել է ահռելի հոգևոր գործունեություն և ապրել Աստծո հետևյալ խոսքով. «Իմ զորությունն առողջանում է քո տկարության մեջ» (Բ Կորնթ . 12. 9):
Երեմիա մարգարեն բավական երիտասարդ էր, երբ դարձավ Աստծո խոսքի քարոզիչը Երուսաղեմում: Նրա գործունեության ժամանակաշրջանը համարվում է բավականին փոթորկալից, քանզի Երուսաղեմը գրավվել էր Նաբուգոդոնոսորի զորքերի կողմից, Սեդեկիային կալանավորել էին, տաճարը հրդեհել, գերեվարել ապստամբության մասնակիցներին: Այսպիսի աղետալի և սարսափազդու ժամանակաշրջանում է շուրջ 40 տարուց ավել իր անձնվեր գործունեությունը ծավալել Երեմիա մարգարեն:
Ինչպես մյուս բոլոր մարգարեները, Երեմիան նույնպես այս բոլոր սարսափելի իրադարձությունների մեջ մշտապես տեսել է Աստծո ներկայությունը և լույսը, ինչպես նաև իր ժողովրդին փոխանցել Աստծո խստագույն ազդարարությունները, որոնք ուղղված էին նրանց սթափեցնելու և առ Աստված վերադարձի:
Թաքուն կազմակերպված մեքենայությունների դեմ ծավալած գործունեության, ցանկացած անառակության դրսևորման դատապարտման և Աստծո խոսքը քարոզելու պատճառով էլ Երեմիա մարգարեն ենթարկվել է բազմաթիվ հալածանքների, որոնք անասելի ցավ էին պատճառում նրան, քանի որ նա մինչև հոգու վերջին բջիջը նվիրված էր Աստծուն և իր ժողովրդին:
Երեմիան վախճանվել է Եգիպտոսում, որտեղ նրան տարել էին սպանդից ճողոպրած Հուդայի երկրի բնակիչները: Փառապանծ մարգարեի տանջալի, բայց աստվածատուր կյանքն ավարտվում է ողբալով սեփական ժողովրդի դժբախտ ճակատագիրը, սակայն նաև հավատալով նրանց փրկագործությանը, ինչը կարող էր լինել միայն առ Աստված դարձի և Տիրոջ հետ հավատարմության ուխտ կնքելու դեպքում:
Արմեն Չաքմիշյան