Սուրբ Երեմիա մարգարեի ողբը Աստվածաշնչի մի փոքրիկ հատված է, որտեղ զետեղված են Սուրբ Երեմիա մարգարեին վերագրված 5 բանաստեղծություններ: Գրքի բոլոր բանաստեղծությունները պատմում են մ.թ.ա. 587 թվականին բաբելոնյան բանակի հարձակումից կործանված Երուսաղեմի մասին:
Այս աղետը հիմնովին վերջ է դնում Հուդայի թագավորության գոյությանը: Միաժամանակ այս իրադարձությունը կարծես հերքում է Դավիթ թագավորին ժամանակին տրված այն խոստումը, որում ասվում է, թե «Քեզնից հետո քո սերնդից մեկը միշտ պիտի իշխի, որովհետև քո գերդաստանի թագավորական իշխանությունը անխախտ պիտի մնա» (Բ Թագ. 7. 16):
Այս աղետը վերապրողները, հիշելով իրենց հետ կատարված ողբերգական և սարսափազդու իրադարձությունները, փորձում են հասկանալ, թե ի վերջո ով է մեղավոր այս ամենի մեջ, և անգամ կասկածում, որ Տերը իր ժողովրդին վերաբերվել է թշնամու պես:
Թեպետ, անկախ ամեն ինչից, պարտվողները ընդունում են սեփական մեղքը կատարվածի մեջ և հիշում են Աստծո չսպառված գթասրտության և հավատարմության մասին:
Ահա հենց այս գիտակցումը դառնում է այս աղետալի իրականության մեջ նրանց միակ հույսի աղբյուրը:
Արմեն Չաքմիշյան