Եսայի մարգարեն ծնվել է Քրիստոսից 760 տարի առաջ: Նա ամբողջ կյանքն ապրել է Երուսաղեմ քաղաքում: Նրա մարգարեական ծառայության ժամանակաշրջանը համընկավ Հուդայի թագավորության՝ իրար հաջորդող Ոզիա, Հովաթամ, Աքազ, Եզեկիա, Մանասե թագավորների իշխանությունների հետ և կազմեց 97 տարի:
Մարգարեական ծառայության սբ. Եսային կանչվեց Ոզիա թագավորի մահվան տարում.
«Այն տարին, երբ մեռավ Օզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով` իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին: Ձայնակցում էին իրար և ասում. «Սո´ւրբ, սո´ւրբ, սո´ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: Կանչողների ձայնից դռան բարավորը վեր բարձրացավ, ու տունը լցվեց ծխով: Եվ ես ասում եմ. «Վա~յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»: Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը` ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: Բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»: Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»: Ու ես ասացի. «Ահավասիկ ես, ի´նձ ուղարկիր»: Նա ասաց. «Գնա´ և հայտնի´ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք». քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես էլ բժշկեմ նրանց»: Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե´ր»: Իսկ նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները` մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի»:»(Եսայի 6.1-11):
Սուրբ Մարգարեն նահատակվեց Մանասե թագավորին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով. Մանասեի հրամանով Եսայի մարգարեին սղոցեցին:
Եսայի անունը եբրայերեն նշանակում է «Տերը փրկում է»: Այս անունն ինքնին ներկայացնում է գրքի ամբողջ բովանդակությունը: Նրան անվանում են նաև «հինկտակարանյան ավետարանիչ», քանի որ բոլոր մարգարեներից նա է ամենաշատը մարգարեացել Փրկչի` Քրիստոսի մասին: Եսայու մարգարեությունը կարևորվում և մեջբերվում է նաև Նոր Կտակարանում:
Նա մարգարեացել է այն մասին, որ Աստված կմարդանա. Քրիստոս որպես մարդ կծնվի Կույսից, կապրի և կշրջի երկրում: Նկարագրել է, թե ինչպիսին կլինի Քրիստոս որպես մարդ, խոսել այն մասին, որ հակառակ հրեաների պատկերացումների, Մեսիան պիտի զոհաբերվի, վերցնի իր վրա մարդկանց մեղքերը և հիվանդությունները, չարչարվի և տառապի, որպեսզի մարդիկ կարողանան փրկվել:
Եսայու մարգարեությունը բաղկացած է 66 գլուխներից, որոնք ամփոփվում են 3 ընդհանուր հիմնական մասերի մեջ և համապատասխանաբար ներկայացնում Իսրայելցի ժողովրդի պատմությունը երեք տարբեր ժամանակաշրջաններում:
Առաջին հատվածը ներկայացնում է մ.թ.ա. մոտ 740-700 թթ. մարդկանց և իրադարձությունները: Այս հատվածը բաղկացած է բազմաթիվ պատգամներից, որոնք խմբավորված են ավելի շատ ըստ թեմաների, քան ժամանակագրության:
Այստեղ Եսային դառնում է Երուսաղեմում Աստծո խոսքի քարոզիչն ու տարածողը, ինչը բավական վտանգավոր էր այդ ժամանակներում, քանի որ Եգիպտոսի թուլացման և Ասորեստանի հզորացման պատճառով տիրում էր միջազգային անկում:
Եվ ահա այս բարդ ժամանակաշրջանում Եսայի մարգարեն խիզախում է լինել Աստծո առաջամարտիկը, որի պատգամները մշտապես ներգործում էին հոսանքին հակառակ ուղղությամբ:
Եսայու մարգարեության երկրորդ հատվածը այլ կերպ ընդունված է անվանել Իսրայելի մխիթարության գիրք: Այս հատվածում իբրև բնակիչներին տեղահանության ենթարկած, Երուսաղեմը գրաված և ամբողջ շրջանի տիրապետող ուժ՝ ասորեստացիների փոխարեն հանդես են գալիս բաբելոնացիները:
Իսկ գրքի երրոդ հատվածը վերաբերում է գերությունից վերադառնալուց հետո կատարվող դեպքերին և իրադարձություններին: Մ.թ.ա. 538 թվականին պարսից Կյուրոս թագավորը, ստորագրում է մի հրամանագիր, որի համաձայն աքսորյալներին թույլատրվում է վերադառնալ իրենց երկիրը և վերակառուցել կործանված տաճարը: Եվ այն աքսորյալները, որոնք ընտրել էին վերադարձի ճանապարհը վերադառնալով իրենց երկիրը, այնտեղ գտնում են միայն ավերակների վերածված մի քաղաք, ընկերային անարդարություն, կռապաշտություն, սարսափելի թշվառություն և այլ տարաբնույթ գործոններ, որոնց պատճառով այստեղ ապրելը դառնում է ծանր և անհնարին:
Եսայի մարգարեն ներկայանում է որպես Տիրոջ Հոգուց ուղարկված մարգարե`«ավետելու բարի լուրը աղքատներին և հոգ տանելու հուսահատներին»: Հետագայում մարգարեի այս առաքելության մեջ, Հիսուս պիտի տեսներ այն ծրագիրը, որ ինքն իսկ եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4. 16-21):
Արմեն Չաքմիշյան