Օսեեի մարգարեությունը

Օսեեի մարգարեությունը

Օսեեի մարգարեությունը Հին Կտակարանի գրքերից մեկն է:

 

Օսեեն մ.թ.ա. 750 թվականին` Ամոսից տասնյակ տարի հետո դառնում է Աստծո խոսքի տարածողն ու քարոզիչը Իսրայելի թագավորությունում: Նա իր անձնվեր առաքելությունը շարունակեց շուրջ 25 տարի` գրեթե մինչ Իսրայելի թագավորության վերացումն ու Սամարիայի գրավումը:

 

Այս ժամանակաշրջանում պետությունը իրապես գտնվում էր մեծ վտանգի առաջ, քանի որ Հերոբովամ Բ թագավորի իշխանությունից հետո Ասորեստանի հզորացումը դարձել էր լուրջ սպառնալիք երկրի անվտանգության համար: Սամարիայում կատարվող պետական հեղաշրջումները հաջորդում էին մեկը մյուսին`իշխանության բերելով մարդկանց, որոնք վարում էին լիովին միմյանց հակադիր քաղաքականություն:

 

Իսկ Ամոսի կողմից մշտապես դատապարտված ընկերային անհավասարությունները, արդեն սկսել էին լուրջ բնույթ ստանալ: Սակայն հատկապես իսրայելցիների հավատը գտնվում էր ծանր տագնապի մեջ, ինչպես նաև քանանացիների կողմից կրոնի ազդեցությունը գնալով ավելի լայն տարածում էր գտնում ժողովրդի շրջանում:

 

Ամուսնական անհաջողությունները ստիպում են, որպեսզի Օսեեն էլ ավելի ծանր ապրի այդ իրադարձությունները: Խորը վիրավորանքի դատապարտված նրա հրաշափառ սերը համազոր է այն տառապանքին, որը Աստված է զգում իր անհավատ ժողովրդի պատճառով: Սակայն Օսեեն արիաբար պայքարում է և իր քաջարի հոգում ամուր պահում ապաքինման և կորցրած սերը վերագտնելու հույսը:

 

Ավելին՝ Օսեեն սերը զետեղում է Աստծո և մարդկանց հարաբերության կենտրոնում և հենց դրանով նա ընդգծում է ավետարանական սիրո խորհուրդը : Օսեեի գրքում մարգարեությունները դասավորված են ավելի շատ ըստ թեմաների, քան ժամանակագրական կարգի:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×