Ամովսի մարգարեությունը

Ամովսի մարգարեությունը

Ամովսի մարգարեությունը կազմում է Հին Կտակարանի և Աստվածաշնչի բաղկացուցիչ և կարևոր հատվածներից մեկը: Ամովսը Հուդայի թագավորությունում գտնվող Թեկուա գյուղից էր և մ.թ.ա. մոտ 760 թվականին գալիս է Իսրայելի թագավորության գլխավոր սրբավայր Բեթել: Նրա այնտեղ հայտնվելու ժամանակ, իսկույն մի հսկա որոտ է պայթում Բեթելի խաղաղ երկնակամարում:

 

 

Իսրայելի թագավորությունը Յերոբովամ Բ-ի իշխանության օրոք ապրում էր խաղաղ ու բարգավաճ ժամանակաշրջան, երբ Ամովսը հանկարծ հայտնեց Աստծո ընտրյալ ժողովրդի վախճանի դժբախտ լուրը: Հարկ է նշել, որ այդ ժամանակաշրջանում կրոնի նկատմամբ որևիցե հալածանքի կամ խտրականության դրսևորում չկար, ուստի հարց է առաջանում, թե ինչու հանկարծ հնչեց այդ անսպասելի հայտարարությունը: Յուրաքանչյուր մարդ, ինչպես նաև ժողովուրդ, պետք է կարողանա իրեն ճշգրիտ կերպով դրսևորել այլ մարդկանց, այլ ժողովուրդների շրջանում: Աստված հաստատել է այդ իրավունքը, որը հաճախ ոտնահարվում է ուժեղների կողմից: Այդ ամենը բերեց նրան, որ Աստված հանդես եկավ իբրև թույլերի իրավունքի խստապահանջ պաշտպան:

 

 

Այստեղ՝ գրքում, Ամովսը պատմում է, թե ինչպես է ինքը դարձել աստվածային այդպիսի արմատական պատգամի տարածիչը: Բնականաբար, նրա արտահայտած մտքերը, չեն ընդունվում որոշ անհավատների կողմից, և նա իսկույն վտարվում է Իսրայելից:

 

 

Ամովսի գրքի 7-9 գլուխները հստակ բացահայտում են նրա պատգամի աղբյուրները, դրանք հիմնականում այն 5 տեսիլքներն են, որոնք հանդիսանում են Աստծո հետագա միջամտության խորհրդանշանները:

 

 

Ամովսի մարգարեությունը մշտապես ստիպում է մտածել յուրաքանչյուր անհատի, թե ինչպիսի կարևոր և հեղաշրջող ազդեցություն ունի Աստծո պատգամը մեր աշխարհում և յուրաքանչյուրիս կյանքում: Իսկ սեփական հայրենիքից վտարված նվիրյալ մարգարեի կերպարն էլ թույլ է տալիս խորհել այն ճակատագրի մասին, որ պիտի վերապահվեր Քրիստոսին: Այդ ամենը հանդիսանում են մեծ հեղաշրջման գլխավոր պատգամները: Ճիշտ է, հեղաշրջումը կատարվեց ոչ բռնի տարբերակով, բայց իր փիլիսոփայությամբ շատ ավելի արմատական էր, քան այն հեղաշրջումը, որ կատարվել էր Ամովսի կողմից:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-08-09
×