Վարդան Այգեկցին մեզ առավելապես հայտնի է որպես առակագիր, խրատաբան: Իր գրական գործունեությամբ նա Մխիթար Գոշի շարունակողն է, և մեզ է փոխանցել առակների մի շարք հավաքածուներ: Չնայած սրան՝ Այգեկցին մատենագիր և քարոզիչ է եղել, և իր տեղն ունի իր ժամանակաշրջանի եկեղեցական պատմության մեջ՝ ունենալով վարդապետի կոչում:
Վարդան Վարդպետն ուներ նաև սրբության համբավ, ըստ թողնված մի շարք վկայությունների:
Իր «Խրատներ բոլոր քահանաներին և ժողովրդին» աշխատությունում նա ցույց է տալիս, որ սրբակյաց վարդապետ է՝ մտահոգ իր ժողովրդի, հոգևորականության ճակատագրով ու վարքով:
Նա հաճախ գրի է առել իր քարոզները՝ սերունդներին դրանք փոխանցելու, և ոչ միայն իր, այլև հաջորդող ժամանակներում դրանք հասանելի դարձնելու համար:
Աշխատությունը գրաբարից աշխարհաբարի են վերածել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Ստորև մեջբերենք մեկ հատված «Խրատներ բոլոր քահանաներին և ժողովրդին» գրքից.
«Նզովք»-ը թարգմանվում է բաժանում, և այն մարդը, ով իրեն մեղքով բաժանում է Աստծուց և այլևս չի զղջում, ըստ Գրքերի բոլոր խոսքերի՝ նզովված է: Բայց տխմարները չեն լսել և չգիտեն, որ Աստված ասաց. «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել իմ և ձեր միջև» (հմմտ Եսայի ԾԹ): Եվ մարգարեն ասում է «Անիծյալ են նրանք, ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից» (Սաղմ. ՃԺԸ 21): Մովսեսը, ինչպես գրված է «Երկրորդ Օրենքում», ասում է. «Եթե մնաք Աստծո պատվիրանների և օրենքների մեջ, օրհնյալ կլինեք Աստծուց և հրեշտակներից՝ երկնքում, երկրում և անդաստաններում» (հմմտ. Բ Օրենք ԻԸ 1 ևն):
Վիկտորյա Մարկոսյանը