Հովելի մարգարեությունը

Հովելի մարգարեությունը

Հովելի մարգարեությունը Հին Կտակարանի գրքերից մեկն է: Չնայած նրան, որ մեզ հայտնի չէ, թե կոնկրետ որ ժամանակաշրջանում է ապրել Հովելը, այդուհանդերձ, մարգարեի արտակարգ հաղորդական զորությունը առ այսօր չի կորցրել իր բացառիկ վեհությունն ու ուժը:

 

 

Հովելի մարգարեության գրքի կենտրոնական հատվածը հայտնությունն ու նկարագրությունն է այն օրվա մասին, երբ Տերը ժողովրդներին ի ցույց է դնում Իր անսահման զորությունը և դատում նրանց՝ Իսրայելի ժողովրդին`Աստծո նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի համար, և օտար ժողովուրդներին`Իսրայելի նկատմամբ նրանց վերաբերմունքի համար:

 

 

Դատաստանի օրվա գալուստին նախորդում են երաշտ, հրդեհ, ռազմական արշավանք և մի շարք այլ կորստաբեր երևույթներ, որոնք ի ցույց են դնում տվյալ օրվա կործանարար ուժը: Մինչ օրս հայտնի չէ, թե ի վերջո Հովել մարգարեն իր ժամանակաշրջանում կատարվող իրադարձությունների՞ն է անդրադարձ կատարում, թե՞այդպիսի սարսափազդու պատկերներով պարզապես ցանկանում է ոգեկոչել իր հայտնությունը:

 

 

Ինչ էլ, որ նա նկատի ունենա, մարգարեի ուսմունքների և քարոզների բուն նպատակն է, որ կյանքի յուրաքանչյուր բարիքից զուրկ Իսրայելի ժողովուրդը, որը նաև զրկված էր Աստծո տաճարի սպասավորության ապահովությունից, վերջիվերջո իր ճշմարիտ քայլերն ուղղի առ Աստված

 

 

Ցանկացած մարդկային և հոգևոր զրկանք անհատի և ժողովրդի փրկագործության պայմանն է: Քանզի ի վերջո Աստծո ներկայությունն ու սերը հաղթում է յուրաքանչյուր զրկանքի և դատարկությանը՝ փոխարինելով այն հոգևոր բերկրանքով և ուրախությամբ: Եվ Հովելի մարգարեությունը հանդիսանում է այն լուսավորությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, որը մարգարեաբար հայտնում է բարու անհաղթ զորության և աստվածային բազմում շնորհների մասին: Ինչպես նաև վկայում, որ Աստված իր Հոգին տարածելու է բոլոր մարդկանց վրա հավասարաչափ, որին վկա են լինում առաջին քրիստոնյաները Հոգեգալստյան բաղձալի օրը:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-08-09
×