Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրն է

Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրն է

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ այս տարի նոյեմբերի 16-ին:

 

 

Սուրբ Անդրեաս առաքյալը Պետրոսի եղբայրն ու արհեստակիցն է: Հովհաննես Մկրտչին աշակերտելով և նրանից Հիսուսի մասին լսելով. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» վկայությունը, հետևել է նրան (Հովհ. 1:35-40): Եվ անվանվում է «Նախակոչ Առաքյալ» մեզ հայտնի առաքյալներից Հիսուսին առաջինը հետևած լինելու համար:

 

 

Հետագայում եղբոր՝ Պետրոսի հետ հրավիրվել է առաքելության: Սուրբ Անդրեասի մասին քիչ բան է ասված Ավատերաններում, և ոչինչ նշված չէ «Գործք Առաքելոցում»: Նրա անունը հիշատակվում է հացի բազմացման հրաշքի ժամանակ. նա է, որ հայտնում է, թե մի պատանի հինգ գարեհաց և երկու ձուկ ունի, որոնք Քրիստոս օրհնեց և բազմացնելով կերակրեց ավելի քան հինգ հազար հոգուց բաղկացած բազմությանը (Հովհ. 6:2-8, 12:22):

 

 

Ըստ ավանդության, եղել է Սկյութիայի քարոզիչը՝ առանց որևէ մնայուն հետք կամ եկեղեցի թողնելու այնտեղ: Նաև համարվում է, որ քարոզել է հյուսիսային Հունաստանում և Բաթրաս քաղաքում: Նահատակվել է բազմապատկման նշանի նմանվող խաչի վրա, այդ իսկ պատճառով այն Սուրբ Անդրեասի խաչ է կոչվում:

 

 

Սուրբ Փիլիպպոսը ևս առաջին կանչված առաքյալներից է: Երբ Հիսուսը մկրտությունից և փորձությունից հետո որոշեց Գալիլիա վերադառնալ «… գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ ետևից»:

 

 

Հացի բազմացման հրաշքի ժամանակ Հիսուսը նախ Փիլիպպոսին է հարցնում, թե որտեղից պիտի հաց հայթայթի հսկա բազմությանը համար: «Այս հարցը Հիսուսը տվեց նրան փորձելու համար, սակայն Ինքն արդեն որոշել էր իր անելիքը»,- ասում է ավետարանիչը փակագծերում: Փիլիպպոսը պատասխանում է. «Երկու հարյուր դահեկանի հաց դրանց չի բավարարի, թեկուզ և յուրաքանչյուրը մեկ կտոր ուտի» (Հովհ. 6:5-7):

 

 

Փիլիպպոսը հիշվում է Հովհաննու Ավետարանում, առհասարակ՝ Անդրեասի հետ միասին:

Երկու սրբերի վաստակն էլ մեծ է քրիստոնեության տարածման գործում: Նրանք ապրեցին ու նահատակվեցին՝ հանուն հավատի՝ կյանքով ու անգամ մահով օրինակ դառնալով քրիստոնյաների համար, անձնուրացությամբ ցուցադրելով սրբագործման իրական ուղին:

 

 

Փիլիպպոս Առաքյալի տոնին

Հայր Աստծու ճառագա՛յթ և կերպարանք Տեր մեր Հիսուս Քրիստոս, Դու Քո անսկզբնական Հոր հետ միությանդ էությունը սուրբ Փիլիպպոս առաքյալի խնդրանքով ճանաչելի դարձրիր մեզ՝ ասելով, որ հավատով տեսնի Քեզ՝ Հոր Ճառագայթիդ, կտեսնի նաև Հոգեղեն արեգակին՝ Քո Հորը և մեր Աստծուն: Դու, Տե՛ր մեր Քրիստոս՝ Որդի և Խոսք Հոր, զորացրիր Քո սուրբ առաքյալին վարդապետության հորդաբուխ խոսքով, հրաշքներ ու սքանչելիքներ գործելու մեջ, որ ձեռքը դնելով՝ Քո անվամբ բժշկեց երկար ժամանակ անկողնուն գամված տառապյալին և կույրին: Գանահարվեց մինչև մահ, պարանով քաշվեց կուռքերի մեհյանը և տապալեց դրանք միայն խոսքով, կախվեց գլխիվայր Պետրոսի նման և կախաղանի վրա շարունակեց վարդապետել՝ հաստատելով իր աշակերտներին Քո սուրբ հավատի մեջ: Արդ, Քո սուրբ Փիլիպպոս առաքյալի հիշատակի տոնախմբության օրը նրա բարեխոսությամբ պայծառացրո՛ւ Քեզ մեր մտքերում, Տեր Հիսուս, որպեսզի Քո՝ Հոր Ճառագայթիդ լույսով արժանի լինենք այստեղ հավատով և հանդերձյալ կյանքում դեմ հանդիման տեսնելու Քո երկնավոր Հորը. ամեն:

 

 

Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին

Տեր Հիսուս՝ հոգեղեն լուսյ, Քո՝ Անստվեր արեգակիդ արուսյակ դարձրիր ու աշակերտության կոչեցիր սուրբ Անդրեասին՝ Հավատի վեմի եղբորը, և նրան իր եղբորը Քեզ մոտ կանչելու հրավիրակ կանգնեցիր: Նրան մարդակերների աշխարհ առաքեցիր՝ զատելու սուրբ Մատթեոս Ավետարանչին, և նա ուշքի բերեց մոլորյալների միտքը, լուսավորեց կույրերին, իր չորացած գավազանից անթիվ քանակության թուզ պտղաբերեց, հալածեց դևերին, պարանով քարշ տրվեց փողոցներով ու տրորվեց, և նրա վրայից կաթած արյունից պտղաբեր ծառ բուսցրիր ու բժշկեցիր նրա մարմնի վերքերը: Նրա քարոզությամբ դեպի Քեզ դարձրիր Սինոպ քաղաքը, տանելով նրան Բյուզանդիա՝ նրա միջոցով ավետարանեցիր այնտեղ Քո աստվածությունը, որտեղից էլ տեղափոխեիր նրան Հունաստան՝ ավետարանելու Քեզ, ուր և խաչվեց Եգիտե դատավորի կողմից: Նա, գովելով ու դրվատելով խաչը, գրկեց ու համբուրեց այն և իբրև բարի պտուղ՝ Քեզ ընծայվեց, Հիսո՛ւս Քրիստոս: Արդ, Քո սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի տոնախմբության օրը ազատի՛ր մեզ մարդադեմ գազանաբարոյությունից և ուշքի՛ բեր մեզ ըստ բանականների կարգի, տո՛ւր մեզ Քո շնորհը այս կյանքում և փառքը հանդերձյալում. ամեն:

 

 Հակոբ Պատրիարք Նալյան «Գիրք աղոթից» 

  • 2021-08-09
×