Աբդիուի մարգարեությունը Հին Կտակարանում զետեղված մի փոքրիկ հատված է: Գրքի ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն գրվել է մ.թ.ա. 587 թվականին: Այն ընդամենը մեկ գլխից բաղկացած փոքրիկ գիրք է, որտեղ պատմվում է մի մարգարեի պատգամի մասին: Միակ բանը, ինչ հայտնի է մարգարեի անձի մասին, նրա անունն է՝ չնայած, որ նա մեզ թողել է մի շատ հետաքրքրիր պատմություն, որը պատմում է, թե ինչ վերաբերմունք էին տածում Եդոմացիները Իսրայելցիների նկատմամբ:
Գրքում պատմվում է, որ Եդոմացիները, հաստատվելով Մեռյալ ծովի հարավ-արևելյան հատվածում, բավական թշնամաբար էին տրամադրված իսրայելցի ժողովրդի նկատմամբ: Սակայն Երուսաղեմի գրավումն ու Հուդայի թագավորության անկումը վերջնակապես այդ ատելությունը հասցրին ծայրահեղ մակարդակի:
Այսպիսով, նրանք ոչ միայն չցանկացան օգնել իրենց հարևանությամբ ապրող ժողովրդին, այլև անգութ կերպով օգուտ քաղեցին ստեղծված իրավիճակից, հափշտակելով նրանց հողերի մի մասը, և մասնակցեցին Երուսաղեմի կողոպուտին:
Աբդիուի մարգարեությունը մեզ հայտնում է, որ Իսրայելի թշնամի մյուս ժողովուրդների հետ մեկտեղ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը, որը, ստորաբար օգտվելով իսրայելցիների վատ վիճակից, հետապնդում էր սեփական շահերը:
Այս կերպ մխիթարության մեծ պատգամ է հղվում իսրայելցի ժողովրդին, որի վառ ապացույց այն է, որ բոլոր իրավիճակներում և դեպքերում վերջնական խոսքը և որոշումը պատկանում է Աստծուն, և նա է որ պետք է դատի բոլոր ժողովուրդներին:
Արմեն Չաքմիշյան