Սաղմոս բառն առաջացել է հունարեն փսալմոս բառից, որը նշանակում է քնարի վրա երգ:
Սաղմոսների գիրքը Հին Կտակարանի և Աստվածաշնչի կանոնի գրքերից մեկն է, որը գործածվել է Հին Իսրայելում: Այն 150 աղոթքներից բաղկացած սաղմոսների ժողովածու է և դասվում է Սուրբ Գրքի իմաստասիրական ժանրի գրքերի շարքին:
Գիրքը բաժանված է 5 հիմնական մասերի`Դավթի սաղմոսներ, Կորեի եղբայրության սաղմոսներ, Ասափի սաղմոսներ, Երկնային թագավորության սաղմոսներ և Ուխտագնացությունների սաղմոսներ:
116 սաղմոսներն ունեն հստակ վերնագրեր, որոնք ցույց են տալիս տվյալ սաղմոսի ծագումնաբանությունը, մեղեդին, տեսակը, ընկերակցության համար անհրաժեշտ երաժշտական այս կամ այն գործիքը, դրա օգտագործումը պաշտամունքի ժամանակ և այլն:
Թեպետ շատ սաղմոսներ ուղղակիորեն դուրս են մնացել դասակարգումից, այդուհանդերձ կարելի է միմյանցից հստակորեն տարանջատել սաղմոսների բազմաթիվ տեսակներ: Օրինակ`օրհներգեր, որոնք փառաբանում են Տիրոջ մեծությունն ու բարությունը, երկնային թագավորության երգեր, որոնք հատկանշվում են հետևյալ հաստատումով`«Տերը թագավոր է», արքայական սաղմոսներ, որոնք իրենցից ներկայացնում են աղոթքներ, որ գրվել են արքաների համար կամ արքաների աղոթքներ, տաճար մտնելու սաղմոսներ, ուխտագնացության սաղմոսներ, Սիոնի երգեր, Պատգամախոս սաղմոսներ, հավատացյալների ուսուցման համար գրված սաղմոսներ, հուսալքության մատնված ժողովրդի սաղմոսներ, անհատական աղերսանքներ արտահայտող սաղմոսներ, երախտագիտության սաղմոսներ, վստահության սաղմոսներ և այլն:
Սաղմոսարանն ունի նաև եբրայական և հունական բնագրեր, որոնցից եբրայականը պայմանավորված է բովանդակության ներքին բնույթով և իրենից ներկայացնում է իբրև Աստված փառաբանող երգեր, իսկ հունականի բովանդակությունը պայմանավորված է այդ երգերի կատարման արտաքին եղանակով, այսինքն`լարային նվագարանի ընկերակցությամբ:
Սաղմոսարանը թե՛ Իսրայելում, և թե՛ քրիստոնեական աշխարհում գործածվել է իբրև ընդհանրական և առանձնական աստվածպաշտության աղոթագիրք, որը մշտապես առանձնացվել է աստվածաշնչյան մյուս սրբազան գրքերից: Հարկ է նշել, որ աղոթքը կամ հոգևոր երգը սաղմոսների արտաքին ձևն է կամ գրական ժանրը, մինչդեռ բովանդակային առումով նրանք հանդիսանում են հինկտակարանյան օրենսդրական, պատմական, իմաստասիրական և մարգարեական գրքերի խստացումը:
Ըստ Հովհան Ոսկեբերանի`սաղմոսները խոսում են և ներկայի, և ապագայի և տեսանելի և անտեսանելի էակների մասին և սովորեցնում բազմաթիվ ճշմարտություններ արդարների հանգստության, մեղավորների տառապանքի, Հիսուս Քրիստոսի, հարության, հանդերձյալ կյանքի, ինչպես նաև բարոյական ու դավանաբանական վարդապետություններ, քանզի . «Սաղմոսարանի յուրաքանչյուր բառը բովանդակում է մտքերի անհուն ծով» (Մեկնութիւն առ Հռովմայեցիս):
Այս չափածո, երբեմն էլ արձակ բանաստեղծություններն ի հայտ են բերում հայտնութենական ճշմարտություններ, ինչպես նաև ըստ ամենայնի բացահայտում մարդկային ներաշխարհը, հոգևոր կյանքը: Սաղմոսաց գիրքն իր ներկայիս տեսքով ի մի է բերվել և խմբագրվել Եզրաս քահանայի կողմից մ.թ.ա. 5-րդ դարում: Սաղմոսները մեկնության են ենթարկվել ընդհանրական եկեղեցու այնպիսի նշանավոր հայրերի կողմից, ինչպիսիք են Աթենաս Ալեքսանդրացին, Հովհան Ոսկեբերանը, Բարսեղ Կեսարացին և այլն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մյուս քույր եկեղեցիների հետ ունի առանձնահատուկ վերաբերմունք և սեր սաղմոսների նկատմամբ, քանզի սաղմոսները մինչ օրս շարունակում են մնալ հոգևոր աշխարհի կարևորագույն մասնիկը, բանաստեղծական ոգու անսպառ ներշնչանք և աստվածային սիրո ներգործության մշտանորոգ աղբյուր:
Արմեն Չաքմիշյան