Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցնին այսօր՝ նոյեմբերի 2-ի նշում է բոլոր սրբերի տոնը: Նրանք Եկեղեցու ծիսական կյանքում հատուկ հիշատակության են արժանացել: Այս տոնով մասնավորապես նշվում է նրանց հիշատակությունը, ում անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ:
Կան սրբեր, որոնց անունները անծանոթ են մնացել մարդկությանը, հայտնի են միայն Աստծուն և այդ պատճառով հաստատվել է «Ամենայն սրբոց, հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից» անանուն տոնը: Այս տոնով հիշատակվում են հին և նոր՝ այսինքն մինչև մեր ժամանակների անանուն սրբերը: Նրանք, հայտնի չլինելով մեզ, դարձել են քրիստոնեության քարոզիչներ, նահատակվել են սուրբ հավատքի համար, դարձել դրա պահպանողներ՝ պատրաստ լինելով ամեն գնով փրկելու այն մոռացումից, թույլ չտալով, որ սրբազան հավատը ձևախեղվի որևէ մեկի ձեռքով:
Սրբերի համար լավագույն օրինակ եղավ Տեր Հիսուս Քրիստոս, ով խոսեց մարդկանց հետ, քարոզեց սրբազան հավատը, իր գոյությամբ վկայեց Աստծո գոյությունը: Այս մասին հենց Քրիստոս ասում է. «Այն խոսքերը, որ Ես ասացի ձեզ, գալիս են Աստծո Հոգուց և կյանք են տալիս» (Հովհաննես 6:63):
Սուրբ Գրիգոր Նարեկացին նկարագրում է նրանց այսպես.
«Որպես աշակերտ առաքյալների
Ու չարչարակից, իրենց գործերով
Կատարելապես նրանց հավասար,
Պարում են հիմա խրախճանքներում
Հավիտենական երանության մեջ» (Բան ՁԱ):
Սրբերն, իրենց անդրդվելի և աներեր հավատքով, ցույց տվեցին, թե կյանքը անցավոր է և իրենց համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը (Փիլիպպեցիներ 1:21): Նրանք իրենց կյանքով և գործով վկայեցին Աստծո ու մարդկանց նկատմամբ իրենց սերը: «Չքավորություն էլ եմ ճանաչել, առատություն էլ եմ տեսել: Վարժվել եմ ամեն տեսակ կացությունների և պայմանների՝ թե՛ կուշտ լինելու և թե՛ քաղցած մնալու, թե՛ առատության և թե՛ չքավորության: Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ» (Փիլիպպեցիներ 4:12-13):
Աղոթք բոլոր սրբերի տոնին
Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ և ամենասուրբ ես, ով Սուրբ Երրորդություն, որ Քո գերասրբությամբ հավիտյաններից ի վեր Քո նախասահմանած երկնային ու երկրավոր էակներին ստեղծեցիր ժամանակի մեջ և արժանացրիր Քո շնորհին, կանչեցիր, արդարացրիր ու փառավորեցիր նրանց: Այսօր մեզ ողջունում են քո բոլոր սրբերը, և մենք էլ ողջունում ենք նրանց՝ տոնախմբելով նրանց հիշատակը: Այսօր Քո եկեղեցին աստղալից երկինք է դարձել, աստվածատունկ դրախտ՝ զարդարված անմահ պտուղներով՝ Քո սրբերով, որոնց բարեխոս ունենք Քո առաջ, և որոնց Դու ճանաչում ես, դասակարգում և կոչում անուններով: Ծովի ավազի չափ բազում պատվական Քո բարեկամների աղոթքներով ու բարեխոսությամբ աճեցրո՛ւ և հաստատո՛ւն պահիր մեզ, Տե՛ր, և մասնակի՛ց դարձրու Քո սրբերի սրբությանը՝ Քո հաղթող սրբերի օգնությամբ կարողություն տալով մեզ աշխարհակալ սատանայի դեմ մղած մարտում: Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Հակոբ Պատրիարք Նալյան «Գիրք աղոթից»