Վեհարան

Վեհարան

Սույն հոդվածի համար անձնական ուսումնասիրություններից բացի կարևոր հիմք են հանդիսացել Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի, Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի և Տ. Սևակ քահանա Սարիբեկյանի կողմից տրամադրված տեղեկությունները:

 

 

Վեհարան է կոչվում այն շենքը, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն ու աշխատավայրն են: Այդտեղ են գտնվում գահասրահը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր Աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը:

Շենքը երկհարկանի է և քարաշեն:

 

 

1910 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլյանի ձեռամբ կատարվել է Վեհարանի հիմնարկեքը: Վեհարանը կառուցվել է ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով, սակայն հիմնական աշխատանքներն ավարտվել են արդեն Տ. Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ՝ 1914 թ.:

 

 

Վեհարանի կառուցման ժամանակաշրջանը համընկնում է հայ ժողովրդի պատմության ամենածանր շրջանի հետ՝ Առաջին աշխարհամարտ, Հայոց ցեղասպանություն, Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորում: Այդ ընթացքում Վեհարանը ծառայում էր որպես զինվորական հիվանդանոց, գաղթականների ու որբերի ապաստարան, իսկ հետագայում բռնագրավվել է խորհրդային իշխանությունների կողմից և դարձել զինվորական զորամաս ու ռազմական շտաբ:

 

 

Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին իշխանությունների հետ ունեցած երկարատև բանակցությունների արդյունքում հաջողվել է իրականացնել կաթողիկոսարանի վերադարձը Մայր Աթոռին:

 

 

1957-1962 թթ. Վեհափառի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկյանների նվիրատվությամբ նոր Վեհարանի շենքը հիմնովին վերանորոգվել է:

Այսպիսով, 1962 թ. այն ծառայում է իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայր:

 

 

Այսօր մեզ է ներկայացվում շուրջ մեկդարյա փոթորկոտ պատմություն ունեցող այս վեհասքանչ հսկայական շինությունն ամբողջությամբ վերանորոգված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանեցված:

 

 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գահակալության առաջին իսկ օրերից մեծ ջանքեր է ներդրել ինչպես հոգևոր դասի և ճեմարանի սաների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով, այնպես էլ Մայր Աթոռի բարեշինման համար: Վեհարանի ընդարձակման և հիմնանորոգման հարցը դարձել էր մերօրյա պահանջ: Այդ հարցում իրենց աջակցության առաջարկն են ներկայացրել տարբեր նվիրյալ հայ բարերարներ:

 

 

Տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների աջակցությամբ Վեհարանը հիմնանորոգվեց: Բարեկարգման աշխատանքները սկսվել էին դեռևս 2010 թ. և ընթանալով շուրջ 10 տարի՝ իրենց ավարտին հասան 2019 թ.: Կառույցի նախագծման աշխատանքներով զբաղվել է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, իսկ համալիրի ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ճարտարապետ Աշոտ Արշակյանի ղեկավարությամբ:

 

 

Վեհարանի ներքին հարդարանքը իր յուրատիպությամբ չի զիջում արտաքին գեղեցկությանը: Այցելուների ուշադրությունն են գրավում հսկայական սրահներն իրենց շքեղ և բարձրաճաշակ հարդարանքներով ու զարդաքանդակներով:

 

 

Հանդիսությունների սրահը Վեհարանին միանում է սյունաշարերի վրա կառուցված օդային անցուղով, իսկ առաջին հարկն ամբողջությամբ բաց Է Դիվանատան և գանձատան տեսանելիությունը չխաթարելու համար: Առաջին հարկի ընդարձակ տարածքը թույլ կտա իրականացնել նաև բացօթյա միջոցառումներ և հանդիպումներ: Ճարտարապետները փորձել են ներկայիս ճարտարապետական ոճով ոչ թե փոփոխություններ կատարել հին ոճի մեջ, այլ հնի պահպանությամբ՝ կատարել լրացումներ:

 

 

Կենտրոնի մատուռի առաջին մասը գրանիտից է, 2-րդը՝ սպիտակ մարմարից:

 

 

Շենքի մարմարապատ նախասրահով սկիզբ են առնում նոր Վեհարանի աշխատասենյակները, ընդունարանները, հյուրասենյակները, խորհրդակցությունների սրահները: Ուշագրավ է 19-20-րդ դդ. հայրապետների դիմանկարներով զարդարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի համար նախատեսված սրահը:

 

 

Գրեթե յուրաքանչյուր սրահում առկա են թանգարանային գանձեր՝ Ավետարաններ, խույրեր, գավազաններ և խաչեր:

 

 

Պատերը զարդարում են Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուից գլուխգործոցներ, որոնց մի մասն առաջին անգամ է պահոցներից դուրս գալիս՝ ներկայանալու այցելուներին:

 

 

Շինությունն այսօր ունի ժամանակակից տեսք, իսկ սրահները ստացել են գործառութային նշանակություն:

 

 

Նորոգված սրահներից մեկը առանձին մուտք կունենա և Մայր Աթոռի թանգարանների պես բաց կլինի այցելուների համար, որտեղ ցուցադրվում են Վազգեն Ա Կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծված նշանավոր ոսկեձույլ այբուբենը, Հայոց ծաղկյալ խաչը և Խորհրդային Հայաստանի զինանշանը: Այստեղ կան նաև կիլիկյան մասունքներ՝ Լևոն 4-րդ արքայի Ավետարանը, խաչ-մասունքարանը, գեղարվեստի գործեր, այդ թվում՝ Այվազովսկու նշանավոր «Քրիստոս ջրերի վրա քայլելով»  կտավը՝ նկարչի եզակի հայերեն ստորագրությամբ: Այստեղ են զետեղվել նաև այն թանկարժեք հայրապետական նշանակները, որոնք դարեր առաջ օգտագործել են հայոց կաթողիկոսներ և անհատ եկեղեցականներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գեղարվեստի կամ թանգարանային հավաքածուները ստեղծվել են դարերի ընթացքում՝ բարերարների շնորհիվ: Բոլորը նվիրաբերություններ են, որոնք հոգևոր կենտրոնում խնամքով պահպանվել ու աչքի լույսի պես փայփայվել են:

 

 

Սուրբ Էջմիածնում հաստատված հնատիպ գրքերն այժմ գտնվում են Վեհարանի գրադարանում, որտեղ գտնվելն ուղղակի երջանկություն է, երբ զգում ես, թե ինչպիսի խորհրդավոր շունչ է պարուրել քեզ, որ բխում է հենց այդ գրքերից, որոնք տպվել են  Հայաստանի առաջին տպարանում, որը նաև տարածաշրջանի առաջին հրատարակչատունն էր, առաջին հեղինակները Էջմիածնի միաբաններն էին և Կաթողիկոս Սիմեոն Երևանցին:

 

 

Ինքնատիպ է աշխատանոցի առաստաղը, որն ամբողջությամբ պատված է Բոլոնիայում պահվող միջնադարյան քարտեզի պատկերի եզակի որմնանկարով: Այդ քարտեզում հարյուրավոր տարիներ առաջ պոլսահայ վաճառականների նախաձեռնությամբ նշվել են հայոց վանքերն ու կալվածքները:

 

 

Ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանի և Աշոտ Արշակյանի նախագծած շինությունում ևս նախկին շենքի պես երկու գահասրահ կա՝ նախատեսված մեծ ու փոքր ընդունելությունների և այցելությունների համար:

 

 

Փոքր գահասրահում է տեղադրվել Վազգեն Ա-ի օրոք կառուցված օնիքսե քանդակազարդ գահը, իսկ մեծ գահասրահի պատերին Խանջյանի գոբելեններն են՝ «Հայոց այբուբենն» ու «Վարդանանքը»:

 

 

Հատկանշական է նամանավանդ հոյակերտ դահլիճը: Այն նոր շինություն է, որը հիմնական շենքին միացած է վերերկրյա կամարաշար անցումով: Ունի մեծ բեմահարթակ: Նախատեսված է 600-ից ավելի հյուրերի համար, ունի ժամանակակից տեխնոլոգիաներով թարգմանություններ իրականացնելու հնարավորություններ, որովհետև մեր Եկեղեցին և մեր ազգն այսօր աշխարհասփյուռ է և շատերն ազգությամբ հայ լինելով հանդերձ՝ որոշակի դժվարություն ունեն հայերեն հասկանալու կամ ընկալելու, ինչի համար էլ նաև այդ խնդիրներից խուսափելու հնարավորություններն են ապահովված:

 

 

Վեհարանի մարգարիտը թերևս ներքին բակում կերտված հայրապետական մատուռն է: Վարպետներն այն ծաղկել են հայկական զարդապատկերներով, ավետարանիչների նշաններով: Թմբուկի սյունաշարը 12 առաքյալներին է պատկերում:

 

 

Կաթողիկոսական նստավայրը նվիրական է հայության համար ոչ միայն այն առումով, որ Հայոց հոգևոր կենտրոնի գահանիստն է, այլ նաև այն կարևոր դերակատարությամբ, որ ունեցել է հայ ժողովրդի ամենադժվարին ժամանակաշրջանում՝ վերածվելով իր զավակների համար որպես հայրական օջախի:

 

 

Պատրաստեց Լաուրա Աղաջանյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-07-08
×